Էլի կարկուտ ու վնաս

Էլի կարկուտ ու վնաս
Մինչ հաշվարկվում են մայիսի 22-ին ուժեղ կարկտահարության հասցրած վնասները, մայիսի 27-ին մոտ 15 րոպե կարկուտ տեղաց Սյունիքի մարզի 5 համայնքներում: Առավել տուժել են Նորաշենիկ, Շրվենանց, Առաջաձոր, Ձորաստան, Ներքին Խոտանան գյուղերը:



Առաջաձորի գյուղապետ Դավիթ Մովսեսյանի պատմելով, սելավի հետեւանքով հարեւան՝ 1 կմ հեռավորության վրա գտնվող Ն. Խոտանանի ավազահանքերից ավազը հասել է Առաջաձոր: Կարկուտը քանդել է կարտոֆիլի ցանքսերը, գյուղացիները դույլերով կարտոֆիլ են հավաքել:



Նորաշենիկցի Մելսիկ Ղազարյանի խոսքով էլ՝ ինքը վախեցել է անասունների համար: «Էդ հեղեղին ու կարկուտին վազեցի գոմ, ասի տավարիս բան չդառնա, սոված մնանք»,- ասում է նա:



Հիշեցնենք, որ օրեր առաջ կարկուտից տուժել էին Կապանի տարածաշրջանի 7 եւ Մեղրու տարածաշրջանի 6 համայնքներ: Մասնավորապես, Ուժանիս համայնքի գյուղատնտեսությանը հասցրած վնասը կազմում է 40%, Մեղրու տարածաշրջանի Վահրավար գյուղը 4 մլն դրամի վնաս է կրել, նույնքան վնաս է հաշվարկվել նաեւ Սյունիք գյուղում:



Մեղրու տարածաշրջանի Լեհվազ գյուղում կարկուտի հասցրած ընդհանուր վնասը կազմում է 25-30%, 40%-ի չափով տուժել է Եղվարդ գյուղի գյուղատնտեսությունը: Խդրանց գյուղում գյուղատնտեսությունը տուժել է ամբողջովին, գյուղացիները նույնիսկ 1 կգ բերքի հույս չունեն: Նշենք, որ այստեղ 45 րոպե կարկուտ է տեղացել ու ամեն ինչ հողին հավասարեցրել: