Հարուստներ-աղքատներ

Հարուստներ-աղքատներ
Ամերիկյան «The Boston Consulting Group» սոցիոլոգիական ընկերությունը օրերս կատարած իր  հետազոտության արդյունքների հիման վրա եկել է այն եզրահանգման, որ համաշխարհային տնտեսական ճգնաժամին հաջորդող իրավիճակի մասին որոշ կանխատեսումները` կապված աշխարհի հարստության բաշխման էլ ավելի բեւեռացման հետ, միանգամայն իրատեսական էին:



Այսպես, ըստ հետազոտությունից ստացված տվյալների, այսօր աշխարհում ստեղծվել է այնպիսի իրավիճակ, որ տնային տնտեսությունների մեկ տոկոսը վերահսկում է համաշխարհային հարստության 39 տոկոսը, ինչը հաստատում է երկրագնդի հարուստ ու աղքատ մարդկանց կարողությունների հետզհետե աճող տարբերությունը:



Վիճակագրության համաձայն, ս.թ. առաջին եռամսյակի դրությամբ ողջ աշխարհում 1 մլն դոլարից ավելի եկամուտ ունեցող տնային տնտեսությունները 12 տոկոսով աճել են, եւ ուշագրավն այն է, որ չնայած ԱՄՆ-ն հանդիսանում էր այդ նույն ֆինանսական ճգնաժամի էպիկենտրոնը, այնուամենայնիվ հենց Միացյալ Նահանգներն է գլխավորում ամենամեծ թվով միլիոնատեր ընտանիքներ ունեցող երկրների ցուցակը. այստեղ դրանց թիվը հասնում է 5 հազար 220-ի: Իսկ նախորդ տարվա համեմատ աճը կազմել է 1,3 տոկոսով:



Ուշագրավ է նաեւ, որ մեծ տարբերություն կա ԱՄՆ-ի ու անմիջապես նրան հաջորդող երկրների միջեւ: Այսպես, երկրորդ տեղում հայտնված Ծագող արեւի երկրում՝ Ճապոնիայում, միլիոնատեր ընտանիքների թիվն ընդամենը 1530-ն է, իսկ դրան մի փոքր է զիջում երրորդ տեղում ամրագրված` ահռելի տեմպերով հարստացող Չինաստանը` 1110 ընտանիք:



Մեկ միլիոն դոլար եկամտով տնային տնտեսությունները զգալիորեն աճել են նաեւ Հարավարեւելյան Ասիայի զարգացող տարածաշրջանում, ինչպես նաեւ Պարսից ծոցի նավթով հարուստ երկրներում: Մասնավորապես, Սինգապուրը, որտեղ այս ցուցանիշով գրանցված աճը նույն ժամանակահատվածի համար կազմել է 2,9 տոկոս, շրջանցել է անգամ եվրոպական բարեկեցության էտալոն հանդիսացող Շվեյցարիային, իսկ Արաբական Էմիրություններն առաջ են անցել Դանիայից, Կանադայից ու Իռլանդիայից:



Այս ամենի ֆոնի վրա ընկերությունը հիշեցնում է, որ չպետք է մոռանալ նաեւ աշխարհում ձեւավորված հակառակ պատկերի մասին, մասնավորապես` Կենտրոնական Աֆրիկայի երկրներում չքավորության աճի միտումների: