Ադրբեջան. Հեյդար Ալիեւի անվան երկիր

Հետևեք մեզ նաև Տելեգրամում
Ադրբեջան. Հեյդար Ալիեւի անվան երկիր
Հայ լրագրողներիս համար գրեթե անհնարին է օբյեկտիվ տեղեկատվություն ստանալ Ադրբեջանում տեղի ունեցող իրադարձությունների մասին, քանի որ ինքներս չենք կարող այցելել հարեւան երկիր, իսկ ադրբեջանական լրատվամիջոցները բավարար ազատություն չունեն իրականությունն արտացոլելու համար: Այդ պատճառով մենք հաճախ ստիպված ենք օգտվել երրորդ ազգի լրագրողների նյութերից, որոնք կարող են որոշակի այլընտրանքային տեղեկատվություն հրապարակել մերօրյա Ադրբեջանի մասին:



Ռուսական «Собеседник» թերթի լրագրող Կոնստանտին Բականովը վերջերս է վերադարձել Ադրբեջանից եւ կիսվել է իր տպավորություններով ընթերցողների հետ:



«Ադրբեջան. Հեյդար Ալիեւի անվան երկիր». Այսպես է վերնագրել իր նյութը Բականովը: Նա զուգահեռներ է անցկացրել Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջեւ` նշելով, որ այս երկու պետությունները մի շարք նմանություններ ունեն: «Երկու երկրներն էլ ապրում են նաթվի հաշվին եւ երկուսն էլ չեն կարողանում իրապես բանականորեն տնօրինել այդ հարստությունը: Խոսքի ազատությունն Ադրբեջանում, ինչպես եւ Ռուսաստանում հարաբերական է եւ հատուկ. հասարակությանը թույլատրված է ինչ-որ բան, բայց ոչ ամեն ինչ»,- գրում է ռուս լրագրողը:



Անդրադառնալով Ադրբեջանում կոռուպցիայի բարձր մակարդակին` Կոնստանտին Բականովը նշում է. «Իշխանության մեջ, բիզնեսում, աշխատանքի տեղավորվելիս որոշիչ դեր են խաղում բարեկամական կապերը»:



Ռուս լրագրողի ուշադրությունը գրավել է երկրում Հեյդար Ալիեւի անձի պաշտամունքը, որը հիշեցնում է սովետական տարիներին Լենինի պաշտամունքին: «Ադրբեջանի երրորդ նախագահին նվիրված հուշարձաններն այնքան շատ են, որ տեղական ինտելիգենցիան անհարմար է զգում դրսից ժամանածների առջեւ: Ինքնաթիռը վայէջք է կատարում Հեյդար Ալիեւի անվան օդանավակայանում, մեքենայով անցնում ես Հեյդար Ալիեւի անվան պողոտայով` նրա արձանի մոտով, որը կանգնեցված է Հեյդար Ալիեւի անվան ամրոցի կողքին…»:



«Собеседник» թերթը մեջբերում է Ադրբեջանի ինտելիգենցիայի շարժման ղեկավար Էլդանիզ Գուլիեւի խոսքերը. «Միայն արտաքինից է թվում, թե Ադրբեջանում ամեն ինչ կարգին է` գեղեցիկ տներ, փողոցներ, իսկ իրականում ոչ մի կարգին բան չկա, հասարակ մարդիկ վատ են ապրում»: Ռուս լրագրողը այցելել է ադրբեջանական դպրոցներ, որտեղ ամեն հարկում կարելի է հանդիպել ավագ եւ կրտսեր Ալիեւների լուսանկարները` կրակոտ լոզունգներով:



«Ընդհանուր առմամբ, ինչպես եւ սովետական ժամանակաշրջանում, դրանց ոչ ոք ուշադրություն չի արժանացնում»,- գրում է լրագրողը: Կոնստանտին Բականովը անդրադարձել է նաեւ Ադրբեջանի տնտեսությանը: «Բարգավաճող տնտեսության» վերաբերյալ պետական քարոզչությունը հօդս են ցնդեցնում շարքային ադրբեջանցիների անկեղծ խոսքերը: «Մենք չկարողացանք օգտվել նավթից, ինչպես Էմիրություններում եւ Քուվեյթում: Անգամ տնտեսական զարգացման հիմքեր չունենք: Բոլոր ապրանքները արտասահմանից են ներկրվում, տեղական արտադրությունը չափազանց ցածր տոկոս է կազմում, բայց էլիտային այդ ամենը ձենտու է, նրանք լավ հնարավորություն ունեն իրենց երեխաներին Եվրոպայում եւ Ամերիկայում կրթության տալու համար, արտասահմանում գործարաններ գնելու համար»,- ասում է ադրբեջանցի Ռասիմ Ագաեւը:



«Собеседник»-ը գրում է, որ նավթը դեռեւս շարունակում է մնալ Ադրբեջանի հիմնական հարստությունը, սակայն հիշեցնում է փորձագետների կարծիքը, որոնք վստահեցնում են, որ հաջորդ տարվանից հարեւան երկրի բնական պաշարները զգալիորեն նվազելու են: