Խստացումը կբերի՞ կանխարգելման

Խստացումը կբերի՞ կանխարգելման
«Գործող քրեական օրենսգիրքն ընդունվել է 2003 թվականին եւ մինչ օրս ենթարկվել է միայն որոշակի փոփոխությունների: Եվ հիմա արդեն հանդիպում են որոշակի պրոբլեմներ, որոնք լուծում են պահանջում: Որոշ հոդվածների կիրառումը բերում էր նրան, որ մենք զգում էինք, որ մեր քրեական օրենսգիրքն ինչ-որ ձեւով ետ է մնացել ընդհանուր եվրոպական ստանդարտներից»,- երեկ հրավիրված ասուլիսի ժամանակ, խոսելով Քրեական օրենսգրքի փոփոխությունների մասին, ասաց ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Մնացական Սարգսյանը եւ վստահեցրեց, որ փոփոխություններն առաջարկելիս շատ երկար են մտածել, եւ հաշվի են առնվել նախկինում եղած բոլոր բացերը:



Ինչպես նաեւ՝ Շվեյցարիայի, Ֆրանսիայի, Լատվայի, Լիտվիայի, Ռուսաստանի եւ այլ երկրների փորձը: Նրա խոսքից հասկացվեց, որ փոփոխությունները խստացումներ են բերելու, որոնք «կանխարգելիչ նպատակ ունեն»: «Եթե մարդը գիտի, որ այդ արարքի արդյունքում իր կյանքի կեսն անցկացնելու է փակ զոնայում, բնականաբար կարող է ավելի սթափ մտածել»,-կարծում է դատախազի տեղակալը:



«Ընդհանուր բնորոշումն այն է, որ առանձնապես ծանր հանցագործություններ կատարողների վերաբերյալ լինի խստացում, որ մարդիկ իմանան` մեր հասարակությունում չի կարելի  ավազակություն կատարել, չի կարելի մարդ սպանել, չի կարելի թրաֆիքինգի ենթարկել մարդկանց, հավաքել գյուղի 15-20 երիտասարդների, տանել Ռուսաստան կամ մեկ այլ երկիր, աշխատեցնել, հետո գումարը չտալ` վերադարձնել եւ ասել, որ ձեր մեջ քաղաքացիաիրավական հարաբերություններ են` գնացեք դատարան դիմեք, հատուցումն ստացեք»,- նկարագրեց Սարգսյանը:



Նշենք, որ փոփոխված օրենսգիրքը ոչ ծանր հանցագործությունների դեպքում հնարավորություն է տալիս նախնական կալանքը փոխարինել տուգանքով: Փոփոխությունների արդյունքում՝ հոդվածները, որոնք կապված չեն սպանության հետ, ավելի խիստ են, քան սպանության դեպքում: Օրինակ՝ անձի առեւանգում, փողերի լվացում, թմրամիջոցների ապօրինի շրջանառություն եւ իրացում, թրաֆիքինգ:



Իսկ յուրացման, գողության, խարդախության դեպքերում նախատեսվող սանկցիաները հնարավորություն են տալիս ներելու առաջին անգամ հանցագործություն կատարած անձանց: Մնացական Սարգսյանի խոսքով, սա ոչ թե նշանակում է, որ մենք գնում ենք դեպի լիբերալացում, այլ` յուրաքանչյուրին անհատական պատիժ նշանակելու ճանապարհով: Այսինքն քրեական օրենսգիրքը մի մասով լիբերալացվել է, մի մասով էլ՝ խստացվել: