Հասարակությունը թույլ չի տա զիջել

Հասարակությունը թույլ չի տա զիջել
«Առաջին հերթին անհրաժեշտ է նվազագույնի հասցնել պատերազմի վտանգը: Այս կարծիքին են ԵԱՀԿ Մինսկի խումբը համանախագահող երկրները, հայերն ու ադրբեջանցիները եւս չեն տեսնում այլ հնարավորություն: Ընդ որում, երկու կողմերն էլ ցանկանում են բանակցությունների արդյունքում հնարավորինս շատ բան ստանալ»,- ասել է Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:



Լեհական «Nowa Europa Wschodnia» ամսագրին տված հարցազրույցում Կասպրշիկը խոստովանել է, որ ղարաբաղյան հակամարտությունը դեռեւս չի հաջողվում լուծել:



«Մենք դեռ ուզում ենք փոքրիկ քայլերի միջոցով նվազեցնել լարվածությունը, որը պատերազմի` ավարտված չլինելու զգացողությամբ է պայմանավորված, որի սպառնալիքը դեռ չի վերացել: Ներկայումս երկու կողմերն էլ համաձայնության չեն գալիս եւ պայմանավորվում են հետագա հանդիպումների համար»:



ԵԱՀԿ նախագահի ներկայացուցիչը նշել է, որ Արցախի կարգավիճակի որոշման եւ հանրաքվեի անցկացման միջոցները հաստատելու համար, ամենայն հավանականությամբ, առանձին հանձնաժողով կստեղծվի, սակայն դա կլինի միայն այն բանից հետո, երբ տարածաշրջանում կնվազի լարվածությունը:



«Արդեն պարզ է, որ այս հակամարտությունը չի կարելի լուծել մեկ հարվածով, որովհետեւ կողմերից որեւէ մեկը դժգոհ կմնա, պետք է փորձել գտնել ոսկե միջինը»,- ասել է Անջեյ Կասպրշիկը:



Նա գտնում է, որ ղարաբաղյան հակամարտությունը սառեցված չէ, քանի որ հրադադարի ռեժիմի խախտման պատճառով շփման գծում մարդիկ են մահանում:



«Մի քանի անգամ ես միջամտել եմ, երբ կրակահերթերը կարող էին խոշոր կոնֆլիկտի վերածվել, երբ պատրաստվում էին ծանր զենքերը` հրետանին ու տանկերը: Այդ ժամանակ ես զանգահարել եմ Վաշինգտոն, Փարիզ, Մոսկվա, որպեսզի մենք միասին փորձեինք նրանց կանգնեցնել»,- պատմել է ԵԱՀԿ նախագահի ներկայացուցիչը:



Անջեյ Կասպրշիկն ակնարկել է, որ բանակցությունների ընթացքում զիջումների գնալու դեպքում Հայաստանը հնարավորություն կունենա մասնակի անկախություն ձեռք բերել Ռուսաստանից եւ մտերմանալ Թուրքիայի հետ:



Դիվանագետը, սակայն նշել է, որ Հայաստանի իշխանությունները չեն գնում զիջումների, քանի որ հասարակությունը ճնշում է գործադրում նրանց վրա: