Հաշտությո՞ւն, թե՞ նախապայման

Հաշտությո՞ւն, թե՞ նախապայման
Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Էդիկ Ավետիսյանի նախագահությամբ երեկ շարունակվեց «Քոչարյանն ընդդեմ «Հրապարակ» օրաթերթի» դատական նիստը, որը նախորդ անգամ, հայցվոր կողմի միջնորդությամբ, հետաձգվել էր: Դատական նիստին հայցվոր կողմի ներկայացուցիչները միջնորդեցին որպես վկա դատարան հրավիրել օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանին եւ վիճահարույց հոդվածի հեղինակ Լուսինե Պետրոսյանին:



Հայցվորի ներկայացուցիչ Սարգիս Գրիգորյանը նշված անձանց որպես վկա հրավիրելու հանգամանքը բացատրեց հետեւյալ կերպ. «Լրագրողն ուղղակիորեն թղթին է տվել իր մտքերը, արել է համապատասխան հայտարարություններ:Մեկնաբանությունն էլ փաստ է, եւ մենք կարծում ենք, որ վկային հրավիրելուց հետո փաստերը եւ հայտարարությունները հաստատելու կամ հերքելու հնարավորություն կունենանք` արդարադատությունն իրականացնելու նպատակով փորձելով առաջին ձեռքից մեկնաբանություն ստանալ կամ որեւէ տեսակի մերժում, եթե դրանք գոյություն ունեն»:



Իսկ Արմինե Օհանյանը, ըստ Քոչարյանի ներկայացուցիչների, անմիջական պատասխանատվություն է կրում իր թերթում հրապարակված տեղեկությունների ճշմարտացիության համար: Հետեւաբար միայն խմբագիրն ու հեղինակը կարող են պարզաբանել, թե ինչ իմաստով, ինչ նկատի ունենալով են հոդվածում օգտագործել, ասենք, «անմտություն», «արյունռուշտ», «գավառական» եւ մի շարք այլ բառեր:



Պարզվում է՝ ներկայացուցիչները բառարանից պեղել են օգտագործված  բառերի հոմանիշները եւ ցանկանում են պարզել, թե հեղինակ-լրագրողը կամ խմբագիրը այդ բառերի հոմանիշներից հատկապես որ մեկն են նկատի ունեցել: Այնպես որ անչափ հետաքրքիր դատավարություն է մեզ առջեւում սպասվում: «Հրապարակ» օրաթերթի ներկայացուցիչ, փաստաբան Արա Զոհրաբյանն առարկեց, ապա առաջարկեց միջնորդության քննարկումը հետաձգել, երբ պարզ կլինի, թե հատկապես ինչն է պետք ապացուցել: Այսինքն, նախ հայցվորը պետք է ներկայացնի, թե ինչից է իրեն «վիրավորված» զգում եւ ինչից «զրպարտված»: Դատարանը համակարծիք էր «Հրապարակի» ներկայացուցչի հետ եւ միջնորդության քննարկումը հետաձգեց:



Իսկ նիստի վերջում դատավորը կողմերին առաջարկեց քննարկել հաշտության տարբերակը: «Եթե ես ճիշտ եմ հասկանում, հաշտության համաձայնության առարկան հերքումն է, եւ դա ես լրիվ թողնում եմ պատասխանող կողմի սեփական նախաձեռնությանը եւ բարի կամքի դրսեւորմանը: Թող մինչեւ մյուս դատական նիստը տպագրի հերքումը եւ ներկայացնի դատարանին»,- ասաց Սարգիս Գրիգորյանը: Դատարանը հայցվոր կողմից փորձեց ճշտել՝ խոսքը մինչ դատարան դիմելը կողմի ուղարկած հերքման տեքստի՞ մասին է, թե՞ մեկ այլ տեքստի:



Ներկայացուցիչը նշեց, որ խոսքն այդ տեքստի մասին է, որի տպագրումից հետո միայն պատասխանող կողմի հետ կքննարկեն հաշտության համաձայնության հարցը: Ի դեպ, նշված տեքստում ընդամենը մեկ պարբերություն է, որտեղ գրված է, որ «հոդվածում տեղ գտած տեղեկությունները ամբողջությամբ չեն համապատասխանում իրականությանը, արատավորում են Ռ. Քոչարյանի պատիվը, արժանապատվությունը եւ բարի համբավ, ուստի «Հրապարակը» հայցում է իր ներողամտությունը»:



Արա Զոհրաբյանը փորձեց ճշտել՝ հաշտության համաձայնության առարկան միայն հերքում տպագրե՞լն է, թե՞ դա ընդամենը նախապայման է հայցվորի կողմից: Սարգիս Գրիգորյանը նկատեց, որ դա նախապայման կոչելը սխալ կլինի, սակայն այդպես էլ չհստակեցրին՝ բավարարվելու են միայն հերքումո՞վ, թե՞ այլ պահանջներ էլ են ներկայացնելու օրաթերթին:



Դատական նիստը հայցվոր կողմի միջնորդությամբ հետաձգվեց: Պարզվեց՝ հայցվորը հայցադիմումի պատասխանը չի ստացել, թեեւ պատշաճ ծանուցվել է, եւ ժամանակ խնդրեցին դրան ծանոթանալու համար:



ՀԳ - Արա Զոհրաբյանը, նիստի ընթացքում անդրադառնալով Քոչարյանի ներկայացուցիչների միջնորդությանը՝ Արմինե Օհանյանին եւ Լուսինե Պետրոսյանին վկայի կարգավիճակով դատարան հրավիրելուն, հարց ուղղեց նրանց, թե հնարավոր համարո՞ւմ են Ռոբերտ Քոչարյանին եւս որպես վկա ներգրավել գործին: Ներկայացուցիչները պատասխանեցին, թե երբ նման միջնորդություն ներկայացվի, այն ժամանակ կպատասխանեն: