Վատություն մի արեք հայ երեխաներին ու հայ դպրոցին

Վատություն մի արեք հայ երեխաներին ու հայ դպրոցին
Հայոց լեզվի դպրոցական դասագրքերի մրցույթի մասին ՀՀ նախագահ Ս. Սարգսյանին, ՀՀ վարչապետ Տ. Սարգսյանին, ՀՀ ԿԳ նախարար Ա. Աշոտյանին ուղղված մեր բաց նամակից, ինչպես նաեւ Ա. Աշոտյանին հասցեագրված (մեր եւ Ն. Հեքեքյանի) երեք հրապարակումներից հետո սպասում էինք լուրջ արձագանքի, գործնական քայլերի: Եվ ի՞նչ: «Հրապարակ» օրաթերթից տեղեկացանք, որ ՀՀ կրթության եւ գիտության նախարարության մամուլի ծառայությունն արձագանքել է մեր հրապարակումներին: Պարզվում է (մեջբերում ենք)` «ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը բնական է համարում չհաղթած հեղինակի դժգոհությունը, որովհետեւ հեղինակներն ավելի շատ են, քան դասագրքերը»։



Բան հասկացա՞ք: Մենք խոսում ենք կանխորոշված մրցույթի, հովանավորչության, հանցավոր գործարքի, անորակ փորձաքննության, ակնհայտ կողմնակալ գնահատման, մրցույթի մասնակիցների նկատմամբ ապօրինաբար դրսեւորված անհավասար մոտեցման մասին եւ ստանում տրամաբանության շրջանակների մեջ չտեղավորվող այսպիսի պատասխան: Սա ուղիղ պատասխանից խուսափելու փայլուն օրինակ է, նոր զավեշտ եւ ծաղր դասագրքերի հեղինակների, հանրության նկատմամբ: Այս ձեւակերպմամբ ամեն ինչ տեղավորվում է «Չի հաղթել, դժգոհում է» պարզունակ մոտեցման մեջ: Հանրության աչքին թոզ են փչում, բայց ո՞վ է հավատում: Այն հույսն ունեն, թե գործից անտեղյակ մարդիկ կկարծեն`  անձնական հարց է, հաղթող-պարտվողի խնդիր:



Օրերս էլ փորձ արվեց հարցը տեղափոխել իբր մասնագիտական դաշտ` մամուլի ակումբներից մեկում բանավեճի հրավիրելով հաղթած եւ չհաղթած հեղինակներին, սակայն չստացվեց: «Հաղթող» հեղինակը խուսափեց հանդիպումից. զբաղված է կիսատ-պռատ գրված «դասագիրքը» խելքի բերելով (անշուշտ, դրա համար հսկայական ժամանակ եւ բազմաթիվ մարդիկ են պետք)։ Հաղթանակած տարբերակը դեռ համացանցում կա, կարելի է համոզվել, թե ինչ խոտանի համար են չարչարվել պետության անունից հանդես եկողները, ի՞նչն են ատամներով պահում նախարարության ղեկավարները։ Ինչ-որ տեղ լավ է, որ այդ բանավեճը չկայացավ. այն թերեւս կապակողմնորոշեր հանրությանը (դե, հայերենի մասնագետներ են, վիճում են, միշտ այդպես է)։



Ստիպված կրկնում ենք, որ մեր հրապարակումներն ավելի շատ եւ ավելի շուտ պետական գործադիր մարմնի` կրթության եւ գիտության նախարարության` դասագրքերի մրցույթին առնչվող պաշտոնյաների հանցավոր գործելաոճի, կրթական դաշտում տիրող հովանավորչության եւ անմաքուր բարքերի մասին են: Դրա՛նց մասին պատասխան պիտի տրվի: Մեզ այս կարգի պատասխանը բոլորովին չի գոհացնում։ Տակավին սպասում ենք լուրջ, պետական դիրքորոշում  ու մոտեցում պարունակող եւ պատշաճ մակարդակ ունեցող պատասխանի:



Նախարարության գրությունը, սակայն, այսպես չի վերջանում: «Միաժամանակ ընդգծվում է», որ նախարարը «դրական վերաբերմունք ունի Գյուրջինյանի նկատմամբ, ում գրքերից մեկն այս տարի հաղթել է»։ Տարօրինակ է: Նախարարի անձնական վերաբերմունքն այս պարագայում ի՞նչ կապ ունի: Մենք խոսում ենք պետական լեզվի դպրոցական դասագրքերի տապալված «մրցույթի», պետության հիմքերը խարխլող երեւույթի (օտար բառով այն կոչում են կոռուպցիա) մասին, իսկ ինձ ասում են՝ Ձեր նկատմամբ նախարարը դրական վերաբերմունք ունի: Անկեղծ ասած` իմ ինչի՞ն է պետք այդ հավաստիացումը: Ավելին, այդ դրական վերաբերմունքից բոլորովին չեմ ոգեւորվում:



Չմոռանանք ասել, որ մայրենիի մեր հաղթած դասագրքերը (5-6-րդ դասարանների համար) հինգ տարի քննություն են բռնել դպրոցում, այժմ էլ բարելավվել են եւ մրցակից չունենալով` այո, հաղթել: Զարմանալի՞ է: Կարծում եմ` ոչ։ Չնայած, ո՜վ գիտե, երեւի պիտի շնորհակալ լինենք նախարարին եւ այս գործերը տնօրինող փոխնախարար Մանուկ Մկրտչյանին կամ Կարինե Հարությունյանին, որ Փառանձեմ Մեյթիխանյանին այստեղ էլ չխցկեցին։



Սկսում եմ կասկածել. պիտի չխոսեի՞. չէ՞ որ տնավարությունը կարող էին մինչեւ վերջ տանել եւ «փակել բոլոր խողովակները» (4-6 ծախու մասնագետ գտնելը դժվա՞ր էր)։ Իսկ ես անշնորհակալաբար հրապարակավ հանդես եմ գալիս` բացահայտելով մրցույթի կազմակերպիչների եւ մասնակիցների, մեղմ ասած՝ անպատասխանատու գործելակերպը: Մեր կարծիքով՝ այստեղ անձնավորման կարիք բոլորովին չկա: Սա պետության կողմից հայտարարված եւ անցկացվող մրցույթ է, պետական լեզվի դասագրքերի մրցույթ, ոչ թե ծանոթ մեկին երթուղային տաքսի խցկելու փորձ։ Եվ ոչ ոք` նախարար ու փոխնախարար կամ ազդեցիկ բարձրաստիճան պաշտոնյա, օլիգարխ, իրավունք չունեն սեփական կանոններով առաջնորդվելու եւ խեղաթյուրելու ողջ գործընթացը, որ առնչվում է հազարավոր երեխաների։ Մեկին ուզում են լավությո՞ւն անել, իրենց հաշվին թող անեն եւ իրենց անունից։ Ոչ թե Հայաստանի Հանրապետության:



Զավեշտալի է նաեւ նախարարությունում ձեւավորված այս մոտեցումը, թե` մի դասագիրք էլ թող Մեյթիխանյանն ունենա, ի՞նչ կլինի որ։ Ոմանք այս հանճարեղ միտքն այնքա՜ն հանգիստ են արտահայտում, կարծես խոսքը շրջազգեստի կամ ավտոմեքենայի մասին է։



Ահա եւ նախարարական պատասխանի վերջաբանը. «Ի դեպ, նախարարի առաջարկով հայոց լեզվի հանրապետական օլիմպիադայի նախագահն այս տարի եղել է Դավիթ Գյուրջինյանը»: Ցնցող է: Ինձ նկատել են, գնահատել, իսկ ես... կրկին ապերախտ եմ: Ասեմ` իմանան. հայոց լեզվի հանրապետական օլիմպիադայի աշխատանքներն անընդմեջ ղեկավարել եմ 1995 թվականից. դա բոլորին է հայտնի: Միայն փոքրիկ ընդհատում եղավ (կրկին անձնական դրդապատճառներով), երբ ԿԳ նախկին փոխնախարարներից մեկն անհնազանդության համար «պատժեց» ինձ: Այո, Ա. Աշոտյանն այս տարի «վերականգնեց» արդարությունը: Բայց ինչո՞ւ պիտի կարծենք, թե դա ավելի շատ ինձ էր պետք եւ ոչ թե նախարարությանը։ Ավելորդ չենք համարում ասել, որ օլիմպիադայի ղեկավարումը միայն գնահատանք չէ, այն պատասխանատու եւ երբեմն էլ անշնորհակալ աշխատանք է։



Երեւի նախարարը մոռացել ու իր պատասխանի մեջ չի նշել, որ հենց այս մայիսին հրաման է ստորագրել հայոց լեզվի, գրականության եւ հայագիտական գիտելիքների համահայկական հինգերորդ օլիմպիադայի  հանձնաժողովի կազմը հաստատելու մասին եւ մեծահոգաբար չի ջնջել ցուցակում առաջինը զետեղված իմ անունը: Խորապե՜ս զգացված եմ. ի՜նչ անհիշաչարություն, ի՜նչ վեհանձնություն, քրիստոնյային վայել պահվածք... Նախորդ չորս օլիմպիադաներին մեր գործուն մասնակցությունը կարող էր նաեւ անտեսվել, այնպես չէ՞:



Առայսօր նախարարությունը մեր հրապարակումների առնչությամբ փաստորեն կարծր դիրքորոշում է դրսեւորում եւ չի փորձում շտկել իր գործած աղաղակող սխալը։ Ընդհակառակը` մարզերում եւ Երեւանում կարծիքներ է հավաքում մեր գրած դասագրքերի մասին: Այս գործի կազմակերպիչները պիտի համոզված լինեն, որ կեղտոտ գործարքների մասնակից դարձող ուսուցիչների եւ մասնագետների բացասական կարծիքները մեզ բոլորովին չեն հուզի, դրանք մեզ համար որեւէ արժեք չունեն (նման մարդկանց, այսինքն` գործիքների դրական գնահատականն անգամ մեզ պատիվ չի բերի): Այնպես որ, նախարարության պաշտոնյաները, դպրոցների որոշ տնօրեններ եւ այլ կամակատարներ իզուր են տանջվում, զուր ջանքեր թափում։



Մեր դժգոհությունը մրցույթի անցկացման խայտառակ գործընթացին է վերաբերում եւ որոշ պաշտոնյաների կողմից պաշտոնական դիրքի չարաշահմանը կամ պարզապես անգործությանը: Նրանք կարծեմ այդ պաշտոնը ստանձնել են երկրին, ոչ թե մարդկանց խմբի կամ մերձավորներին ծառայելու համար: Մենք ուղղակի ասում ենք` պետության անունից հայտարարվող մրցույթը նման արատավոր եղանակով մի անցկացրեք.  արե՞լ եք, ուղղեք սխալը։ Եթե կաշկանդիչ հանգամանքներից եւ պարտավորվածություններից զերծ եք, կանխեք այս գործարքի արդյունքների գործադրումը:



Խոտան դասագրքեր մի մտցրեք դպրոց, ով էլ լինի դրանց հեղինակը (թեստագրության ռահվիրա ձեր ընկերուհի՞ն, թե՞ իննսունը բոլորած եւ 12 տարեկանների համար իբր դասագիրք գրած պրոֆեսորը): Գոնե դասագրքերի հարցում հրաժարվեք հովանավորչությունից: Դասագիրքը պետության դեմքն է, նրա գիտական, կրթական, բարոյական մակարդակի ցուցիչը։ Մասնավորաբար հայերենի դասագիրքը ազգային անվտանգությանն էլ է առնչվում։ Վատություն մի արեք հայ երեխաներին, հայերենին, հայ դպրոցին, մեր երկրին: Միեւնույն է, սխալը վաղ թե ուշ ուղղվելու է: Եթե դուք չուղղեք, կուղղեն ուրիշները։



Դավիթ Գյուրջինյան