Վանաձորն ավելի առաջնահերթ խնդիրներ ունի

Վանաձորն ավելի առաջնահերթ խնդիրներ ունի
Վանաձորի ավագանու վերջին նիստի ժամանակ քննարկվող հարցերից երկուսին, այն է՝  համայնքի բյուջեից 205 մլն դրամ հատկացնել Վանաձորի թիվ 1 երաժշտական դպրոցի վերանորոգման եւ եւս 100 մլն դրամ «Ֆոտո Էտյուդ» կոչվող շենքի շինարարության համար, դեմ է քվեարկել ավագանու անդամ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Արմեն Այվազյանը: Շատ վանաձորցիներ հետաքրքրված են, թե ինչն է նման դիրքորոշման պատճառը: Մենք զրուցեցինք Ա.Այվազյանի հետ:



- Այո, ավագանու վերջին երկու նիստերին քննարկվել են իրենց ծավալներով նախադեպը չունեցող՝ համայնքային բյուջեից ֆինանսական միջոցների հատկացման հարցեր, որոնց մասին ես ունեցել եմ սկզբունքային տարաձայնություն, ինչը քաղաքապետարանի որոշ պատասխանատուներ փորձել են շահարկել, ստեղծելով թյուր կարծիք:



- Կներկայացնե՞ք, թե ինչ հարցեր էին դրանք:



- Առաջինը վերաբերել է Տիգրան Մեծ պողոտայի 73 շենքի («Ֆոտո Էտյուդ») կառուցման համար 100 մլն դրամ գումար հատկացնելուն: Այս շենքն ամբողջությամբ վթարված, առաջնահերթ կառուցվող շենքերի թվին էր պատկանում: 7 տարի առաջ, ավագանու որոշմամբ, նշված շենքի կառուցումը վստահվել է մասնավոր ձեռնարկության, որը պետք է ամբողջովին կառուցեր իր միջոցներով եւ նախկին շենքի բնակարանազուրկ ընտանիքներին ապահովեր բնակարաններով, մնացած` բնակելի եւ առեւտրի համար նախատեսված մակերեսներն օգտագործեր որպես սեփականություն:



Շենքը չկառուցելու մասին պարզաբանումներ չտալով` ավագանու նիստին հարց էր ներկայացվել 2011թ. բյուջեից 100 մլն դրամ հատկացնել այդ շենքի կառուցման համար:



- Իսկ ինչո՞ւ դեմ քվեարկեցիք:



- Նշված շենքի կառուցումը եղել է ՀՀ կառավարության աղետի գոտու վերականգնման ծրագրի մեջ, եւ եթե մինչ այսօր չի կառուցվել, այն շարունակում է մնալ կառավարության ծրագրում, այլ ոչ թե համայնքի: Երկրորդ հիմնավորումն այն է, որ ավագանին, համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի սահմանած դրույթների, կարող է նման չափի գումար հատկացնել բնակելի շինարարության համար միայն այն դեպքում, երբ ամբողջությամբ համայնքը կատարել է իր վրա դրված առաջնահերթ պարտականությունները: Գտնում եմ, որ այս հարցը համայնքային բյուջեի հաշվին լուծելու խնդիր չէ:



- Երկրորդ հարցը վերաբերում էր Վանաձորի Էդ. Կզարթմյանի անվան թիվ 1 երաժշտական դպրոցի հիմնանորոգման նպատակով  200 մլն դրամ հատկացնելուն, որին եւս դեմ քվեարկեցիք:



- Ըստ քաղաքապետի հայտարարության` 200 մլն դրամ էլ այդ նպատակին պետք է հատկացնի ՀՀ կառավարությունը: Այսինքն, նշված նպատակի համար պետք է ծախսվի 400 մլն դրամ: Ես, բնականաբար, չէի կարող կողմ քվեարկել նման շռայլության համար:



- Այսինքն երաժշտական դպրոց վերանորոգելը շռայլությո՞ւն եք համարում:



- Ավագանին չունի նման միջոցներ, հիշեցնեմ` համայնքի բնակչության համար այսօր ունենք ավելի առաջնահերթ խնդիրներ: Այս երկու հարցերն էլ 2011թ. տարեկան բյուջեն հաստատելու ժամանակ չեն եղել: Կարծում եմ` չէին էլ կարող լինել, որովհետեւ դրանք հակասում էին տեղական ինքնակառավարման, ինչպես նաեւ բյուջետային համակարգի մասին օրենքներին:



- Իսկ որպես ավագանու անդամ, ինչպե՞ս եք պատկերացնում այս հարցի լուծումը:



- Մարզային, քաղաքային իշխանությունները պետք է պահանջեին կառավարությունից, որ նշված շենքի վերականգնման ֆինանսավորումը կատարվի հանրապետական բյուջեից կամ աղետի գոտում այլ ֆինանսավորման աղբյուրներից: Բացի երաժշտական դպրոցի զբաղեցրած տարածքից, առանձին մասեր կարելի է վարձակալությամբ տրամադրել այլ հաստատությունների եւ կազմակերպությունների, որի արդյունքում կտնտեսենք  300 մլն դրամ, որով կարելի է կառուցել քաղաքի մյուս հատվածում մինչեւ հիմա տնակային պայմաններում գործող Շ. Տալյանի անվան թիվ 2 երաժշտական դպրոցը, ինչպես նաեւ 3-4 մանկապարտեզների նոր շենքեր:



ՀԳ - Զրուցեցինք նաեւ Վանաձորի փոխքաղաքապետ Նորիկ Սարդարյանի հետ, ով, անդրադառնալով «Ֆոտո Էտյուդ» կոչվող շենքին, նշեց, որ 100 մլն դրամ հատկացնելը որոշված էր դեռեւս 2011թ. բյուջեն հաստատելու ժամանակ, բայց. «Շինարարն ինքը իր միջոցներով բանկից  վարկ վերցրեց եւ հրաժարվեց մեր 100 մլն-ից: Ու քանի որ այդ 100 մլն-ն արդեն ազատ մնացորդ էր, ավագանին փետրվարի 23-ի նիստի ժամանակ վերաբաշխում կատարեց»: Իսկ երաժշտական դպրոցին տրամադրվելիք 205 մլն դրամի հետ կապված՝ փոխքաղաքապետը նշեց. «Մենք չնախատեսված մուտք ունեցանք 236 մլն դրամ քիմգործարանի կողմից, եւ ավագանին 205 մլնն հատկացրեց էդ երաժշտական դպրոցի վերանորոգման աշխատանքների համար»: