Հովիկ Շահինյանը ցուցմունք է տվել դատարանում

Հովիկ Շահինյանը ցուցմունք է տվել դատարանում

Երեկ Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվել է Արաբկիրում անցյալ տարվա մայիսի 12-ին կատարված սպանության գործով դատական նիստը: Խոսքը 23-ամյա Խաչիկ Մկրտչյանի սպանության մասին է: Այս նիստում որպես վկա ցուցմունք է տվել ՀՀԿ Արաբկիրի տարածքային կառույցի նախագահ, Արաբկիրի նախկին թաղապետ Հովիկ Շահինյանը:

Նշենք, որ այս գործով որպես մեղադրյալ է ներգրավված նաեւ Հովհաննես Շահինյանի քրոջ որդին, ով սկզբում ընդունել էր իր մեղքը, որով նրան սպանության մեղադրանք էր առաջադրվել, սակայն հետո հրաժարվել էր իր ցուցմունքներից: Դրա արդյունքում գործում շրջադարձ եղավ. մեղադրանք առաջադրվեց միջադեպի այլ մասնակցի` Վռամ Բաղդասարյանին, ով չի ընդունում մեղադրանքը եւ հրաժարվում է ցուցմունք տալ: Գործը հասարակական ու քաղաքական հնչեղություն ստացավ, քանի որ քննության ժամանակ պաշտոնական լիազորությունները չարաշահելու միջոցով տվյալների ու ապացույցների խեղաթյուրում թույլ տալու համար ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ Հովհաննես Թամամյանն ազատվեց պաշտոնից եւ կալանավորվեց։

Հայտնի է, որ սույն գործի շրջանակներում շրջանառվում է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Լեւոն Սարգսյանի` Ալրաղացի Լյովի անունը: Մասնավորապես, ըստ մամուլի հրապարակումների` քննության ընթացքում պարզվել է, որ ԱԺ պատգամավոր Լեւոն Սարգսյանը հեռախոսային խոսակցություն է ունեցել միջադեպի ժամանակ հրազենային վնասվածք ստացած  Արսեն Ահարոնյանի` Հովիկ Շահինյանի քրոջ որդու, եւ միջադեպի մասնակից Պետրոս Գրիգորյանի հետ, որից հետո Շահինյանի քրոջ որդին իր վրա է վերցրել մեղքը:

Հիշեցնենք, որ Հովիկ Շահինյանը ցուցմունք էր տվել, որ միջադեպի մասնակից Վռամ Բաղդասարյանն իրեն հետո ասել է, թե ինքն է սպանել: Խմբագրություն դիմած վերջինիս ծնողները պնդում էին, որ իրենց որդու վրա ուզում են բարդել սպանությունը, որ Վռամը թեեւ մասնակցել է «ռազբորկային», սակայն ինքը չի կատարել սպանությունը, քանի որ իր մոտ չի եղել այն զենքը, որի կրակոցից մահացել է 23-ամյա երիտասարդը: Նշենք, որ գործում կատարված շրջադարձից ու սպանության մեղադրյալի փոփոխությունից հետո Վռամ Բաղդասարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասով` սպանություն, որը պատժվում է ազատազրկմամբ 8-15 տարի ժամկետով կամ ցմահ բանտարկությամբ։

Երեկ դատարանում Հովիկ Շահինյանը հիմնականում կրկնել է նախաքննական ցուցմունքը: Դատավորի հարցին ի պատասխան ասել է, թե հեռախոսով է տեղեկացել միջադեպի մասին, եղել է Հայաստանից դուրս` ԱՄՆ-ում, եւ մեկ ամիս հետո է վերադարձել: Հովիկ Շահինյանը դատարանում կրկնել է, թե միջադեպի մասնակից Վռամ Բաղդասարյանն իրեն ասել է, որ ինքն է կրակել, ու ինքը հորդորել է հանձնվել: Իսկ հարցին, թե այդ դեպքում ինքն ինչո՞ւ չի հորդորել իր քրոջ որդուն` Արսեն Ահարոնյանին սպանության մեղքը չվերցնել իր վրա, Շահինյանը խուսափողական պատասխան է տվել:

Ի դեպ, դատարանում պարզվել է, որ կրակոցները հնչել են Հովիկ Շահինյանին պատկանող մեքենայից: Դատավորի հարցին, թե հնարավո՞ր է Ձեր մեքենայի մեջ զենք է եղել, Շահինյանը պատասխանել է` ոչ, դա անհնար է: Դատապաշտպաններից մեկը հիշեցրել է, որ ամբաստանյալներն ասել են, թե այդ մեքենայի «բարդաչոկից» զենք են հանել` «երեք ատրճանակ ցելաֆոնի մեջ», եւ դրանցով կրակել: Հովիկ Շահինյանն ի պատասխան ասել է, թե տեղյակ չէ այդ մասին:

Երեկ պետք է դատարանում ցուցմունք տային նաեւ Հովիկ Շահինյանի փեսան` Արսեն Ահարոնյանի հայրը, եւ Պետրոս Գրիգորյանի հայրը, սակայն նրանք հրաժարվել են դատարանում ցուցմունք տալուց: Դատական նիստը կշարունակվի հունիսի 16-ին: