Ադրբեջանցի լրագրողները պայքար են սկսել Skype-ի դեմ

Ադրբեջանցի լրագրողները պայքար են սկսել Skype-ի դեմ
Այն հանգամանքը, որ Skype-ի «երկրների ցուցակում» Լեռնային Ղարաբաղը դեռեւս ընդգրկված է Հայաստանի կազմում, արդեն հունից հանում է ադրբեջանական «պատրիոտներին»: Այսօր Day.az կայքի լրագրողները հանդես են եկել Skype-ին ուղղված հրապարակումով, ուր տեղ են գտել նաեւ անուղղակի սպառնալիքներ: «Դա միջազգային-իրավական նորմերի կոպիտ խախտում է: Ի հավելումն, Skype-ը շարունակում է միջազգային զանգեր իրականացնել դեպի Լեռնային Ղարաբաղ:



Այդ ընկերությունն իրավունք չունի առանց ադրբեջանական կողմի թույլտվության կապի ծառայություններ մատուցել Ղարաբաղում` Ադրբեջանի պատմական տարածքում»,- գրում է կայքը: Լրագրողները կոչ են արել «քաղաքացիական համերաշխություն դրսեւորել եւ «բողոքի նամակ» հղել Skype-ին: Իրենց սեփական նամակում նրանք գրում են. «նման սխալները խաթարում են մեր երկրում ընկերության հանդեպ վստահությունը»: Day.Az-ում երկու նամակ են գրել անգլերենով եւ ռուսերենով, եւ ընթերցողին մնում է միայն իր անունն ու ազգանունն ավելացնել եւ Copy-Paste-ի միջոցով նամակն ուղարկել Skype-ին: