Տոնը Սիրահարների այգում

Տոնը Սիրահարների այգում
Երեկ Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան պարոն Չարլզ Լոնսդեյլը հյուրընկալում էր դեսպանատան օրացույցում տարվա կարեւորագույն իրադարձության` ՄԹ ազգային տոնի` Էլիզաբեթ II թագուհու ծննդյան օրվա առիթով ընդունելությունը: Թագուհու իրական ծննդյան տարեդարձն ապրիլ ամսին է, բայց գահին բարձրանալուց ի վեր թագուհին երկու ծննդյան տարեդարձ է տոնում: Միապետի պաշտոնական ծննդյան օրը նշվում է ամռան ամիսներին, որպեսզի բարենպաստ եղանակը թույլ տա տարբեր երկրներում garden party (պարտեզային տոնախմբություններ) հյուրընկալել, ինչպես Բուքինհեմյան պալատում:



Հասկանալիորեն Երեւանում ՄԹ դեսպանատան համար պարտեզային հյուրընկալության ամենահարմար վայրը դեսպատան հարեւանությամբ գտնվող Սիրահարների այգին է: Ինչպես ամեն տարի, այս տարի էլ թագուհու ծննդյան օրվա տոնակատարությունը Սիրահարների այգում էր, բայց այնպիսի անձրեւ ու կարկուտ սկսվեց ժամը 18:00-ին, որ անձամբ ես միայն ընդունելության վերջում գնացի եւ հարկադրված էի մյուսներից հետաքրքրվել՝ արդյոք հայտարարված գեղարվեստական ծրագիրն այդ անձրեւի եւ քամու մեջ հնարավոր եղե՞լ էր ներկայացնել: Մասամբ` այո:



«Ունիսոն» ՀԿ-ին, որ միավորում է իրենց նախաձեռնություններով ու ակտիվությամբ ուղղակի հիացնող մեր համաքաղաքացիներին, որոնք ունեն հաշմանդամության խնդիրներ, թերեւս բոլոր մարդիկ առանձնակի ջերմությամբ ու հուզմունքով են վերաբերվում: Երեկ ՄԹ թագուհու ծննդյան օրվա ընդունելությանն «Ունիսոն»-ին կից գործող երգչախումբը, որը «Փարոս» անունն է կրում, հիմնադրվել է 1993-ին, հաջողությունների եւ ճանաչման է հասել անգամ միջազգային ասպարեզում, հանդես է եկել համերգային ծրագրով:



Աննպաստ եղանակը ծրագիրը չէր խափանել: Իսկ ահա պարաօլիմպիկ խաղերի հավաքականի առօրյան եւ սպորտային հաջողությունները պատկերող ֆոտոցուցադրությունը ներկայացնել հնարավոր չէր եղել: Քամին եւ անձրեւը թույլ չէին տվել լուսանկարները փակցնել կամ ամրացնել ծառերին: Բայց էականը ոչ այնքան լուսանկարները դիտելն է, որքան իմանալը եւ ուրախանալը, որ մեր երկրում պարաօլիմպիական խաղերն ունեն հետեւորդներ եւ՝ հաջողություններ արձանագրող հետեւորդներ:



Երեկ թեեւ ընդունելության միայն ավարտին էի ներկա, բայց սայլակներով ու հենակներով բազմաթիվ մարդկանց տեսա, եւ գոնե ինձ թվաց` նրանք ամենակարեւոր հյուրերն էին: Իսկ մնացյալ հյուրերի առնչությամբ, որքան հասկացա, դեսպանատան աշխատակիցներին առանձնապես  ափսոսանք էր պատճառել, որ անձրեւն ու քամին թույլ չէին տվել լիարժեք տոնակատարություն հյուրընկալել, երբ հյուրերի թվում բարձրաստիճան անձինք կային:



Միով բանիվ երեկ Սիրահարների այգում եղել էր եղանակի պատճառով գրեթե փրկված միջոցառում, բայց ՄԹ դեսպանատանը ելքը գտել են. հաջորդ տարի թագուհու ծննդյան տոնակատարությունը կկազմակերպեն ոչ թե հունիսին, այլ ավելի ուշ: Եթե փոխվել է կլիման, մարդկանց էլ մնում է փոխել օրացուցային իրադարձությունները: