Գիտակցեք գոյի խորհուրդը

Գիտակցեք գոյի խորհուրդը
Կարծես սովորական երեւույթ է դարձել՝ Հայաստանում գրեթե ամեն օր  ինքնասպանության, այն էլ՝ երիտասարդների ինքնասպան լինելու բոթ ենք լսում: Ճիշտ է՝ թեեւ ինքնասպանություն գործելու համար կոնկրետ պատճառներ գուցե չլինեն, բայց դրա ընթացքի, ինքնասպանությանը դրդող պայմանների առկայության մասին չենք կարող ժխտել: Այն, որ Հայաստանում ինքնասպանությունները շատացել են, դրանցում միանշանակ մեծ է օրեցօր ահագնացող սոցիալական ցնցումների ազդեցությունը:



Եվ կարծես տրամաբանական է, որ հատկապես երիտասարդության վառ մտորումներում կառուցած կյանքը, նման պայմանների առկայության դեպքում, դառնալու է անիրագործելի, եւ անձի երկփեղկում է առաջանալու: Այս ժամանակ, երիտասարդ անհատի կարծիքով, ինքը ձգտում է այնտեղ, որտեղ տառապանքները քիչ են...



Աշխարհի երեսից ինքնասպանությունը չի վերանա, դա գալիս է դեռ անտիկ աշխարհից, եւ անգամ Սոկրատեսը դրան գնաց: Սենեկան, ով ուզում էր հասկանալ՝ ինչ է մահը, եւ դրա համար գնաց ինքնազոհողության, կտրեց երակները. այդ ընթացքն ապրելով, նա ուզում էր հասկանալ՝ ինչ փոփոխություններ են գալու իր մեջ: Ասել է թե՝  ինքնազոհողության միջոցով բազմաթիվ կյանքեր էր ուզում փրկել: Իհարկե, երբ խոսքը երիտասարդների մասին է, ապա այդ ինքնասպանությունները պայմանավորված են հիմնականում հուզավիճակներով:



Ինքնասպանության մտքեր ունեցող անձն ուզում է այդ անէությունը համարել կյանքի այլ գոյաձեւ: Օգնության ձեռք մեկնող սոցիալական ինստիտուտները թերեւս կարող են մարդուն այդ քայլից հետ պահել, բայց նույն սոցիալական վիճակի պատճառով շատերը դրա հնարավորությունը չունեն: Իբրեւ հոգեբաններ՝ եկեք երիտասարդներին հորդորենք, որ մշտապես իրենց մտքում արթուն պահեն այն, որ մահը երբեք ճամպրուկային տրամադրություն չէ, եւ այնտեղից երբեք վերադարձ չկա:



Ի վերջո մահացողները մեզ համար այլ դասի պատկանող մարդիկ են, պետք է նախեւառաջ գիտակցել գոյի խորհուրդը, այն, թե ինչ է նշանակում մարդու համար ապրելը: Ի վերջո ինչքան մարդն ապրում է, այնքան իրեն հավերժ է զգում:



Ռուբեն Պողոսյան, հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ