«Իմ իսկ տանն ինձ մեկուսացրին եւ անարգեցին»

«Իմ իսկ տանն ինձ մեկուսացրին եւ անարգեցին»
Բաց նամակ ՀՀ նախագահին



Ձեզ դիմում է մի կին, ում դեռ վաղ մանուկ հասակում որդեգրել է մի հայ ընտանիք, եւ ով իր գերմանական արմատների մասին իմացել է բավականին ուշ՝  չնայած շրջապատի տարակուսանքն իմ արտաքինի, մաքուր հայերենի եւ հայկական մտածելակերպի հանդեպ ինձ ուղեկցում է մինչ օրս: Ես մինչեւ հիմա հպարտ եմ եղել, որ այս երկրի քաղաքացի եմ եւ հնարավորություն եմ ունեցել կիսել նրա զրկանքները, ուրախանալ պատերազմում տարած հաղթանակով ու ձեռքբերումներով, եւ ամենածանր պահերին մտքովս անգամ չի անցել լքել իմ հայրենիքը կամ որեւէ կերպ շահարկել իմ ազգային պատկանելությունը:



Համոզված եմ, որ դա երբեք էլ տեղի չէր ունենա, եթե չլիներ այն դժբախտությունը, որն ունի մեկ անվանում՝ «քրեականացված օրինապահ մարմինների աշխատակիցների համագործակցություն»: Գործի նյութերն այնքան ծավալուն են, որ հնարավոր չէ այստեղ ներկայացնել բոլոր մանրամասները, առավել եւս, որ ես, օրենքով նախատեսված կարգով, արդեն մոտ 2 տարի է՝ ահազանգում եմ պատկան մարմիններին: Նշեմ միայն, որ ես ականատես եղա այն բոլոր դրսեւորումներին, որոնք բնորոշ էին ստալինյան բռնապետության տարիներին եւ մեթոդաբանությանը:



Ես վկա գտնվեցի քաղաքացիական շորերով, առանց համապատասխան լիազորությունների մարդկանց ներխուժմանը մեր տուն եւ անկողնում պառկած իմ ամուսնուն զենքով սպառնալիքին: Իմ իսկ տանն ինձ մեկուսացրին եւ անարգեցին, սպառնալիքների ներքո տակնուվրա արեցին մեր բնակարանը՝ թույլ չտալով անգամ հարեւանների ներկայությունը: Հետո ես տեսա, թե ինչպես թղթի վրա սուտն օրենքի ուժ է ձեռք բերում:



Տեսա իմ ամուսնուն բաժանմունքում ծեծի ենթարկվելիս եւ կարդացի քննիչի հորինած այնպիսի ստերը (թմրամիջոցների մեղադրանք), որոնց կնախանձեր անգամ տխրահռչակ Գեբելսը: Ավելի ուշ արդեն դատարանի դահլիճում ես տեսա իմ ամուսնու ընկերոջը, ով ամրակազմ տղամարդուց վերածվել էր խուլ հաշմանդամի: Կյանքում առաջին անգամ ներկա գտնվեցի դատական նիստերի, որոնք թատերականացված բեմադրությունն էին հիշեցնում եւ ոչ մի ընդհանուր բան չունեին արդարադատություն ասվածի հետ:



Այնուհետ կես ժամ տեւողությամբ վերաքննիչ քրեական դատարանի նիստի ժամանակ զարմանքով լսեցի դատավորի այն կարծիքը, որ նախկինում դատապարտված անձը չպետք է վախենար ծեծի ու բռնության մթնոլորտից, որին բախվել է ոստիկանությունում: Եվ անգամ, երբ իմ ամուսինը հայտարարեց, որ ականատես է եղել սպանության այդ նույն բաժանմունքում, դատավորը նրան խորհուրդ տվեց դիմել ոստիկանություն:



Այդ ամենի հետեւանքը եղավ 1937թ.-ին բնորոշ, առանց վկաների եւ իրեղեն ապացույցների հաշվեհարդարի որոշումը, որը, ցավոք սրտի, կայացվեց հանուն Հայաստանի Հանրապետության: Իսկ պատկան մարմիններն ամեն ինչ տեսան, լսեցին, սակայն նախընտրեցին լինել կույր, խուլ ու համր: Փոխարենը իրենց անգործությունն արդարացնելու նպատակով ինձ ներքաշեցին անվերջանալի թղթաբանական կարուսելի մեջ, քանզի ակնհայտ է, որ այն, ինչ կարողացել է վերծանել սահմանափակ հնարավորություններով, առանց համապատասխան իրավաբանական կրթության գյուղաբնակ կինը, պետք է որ հասու լիներ պաշտոնյա իրավաբաններին:



Ես համոզված եմ, որ Արմավիրի դատախազությունում, Վաղարշապատի ոստիկանությունում եւ դատարանում գործում է փոխկապակցված հանցավոր միավորում, որը վայելում է բարձրաստիճան հովանավորություն: Լինելով միայնակ եւ անպաշտպան կին եւ վախենալով վրեժխնդրության դրսեւորումներից՝ ես ստիպված եմ լքել իմ հայրենիքը: Երբեք ոչ ոք եւ ոչինչ չի կարող ինձ ստիպել մոռանալ իմ վերապրածը եւ չխոսել այդ մասին:



Զրկված լինելով նյութական միջոցներից՝ ստիպված եմ դա անել ոտքով, ուստի հայցում եմ Ձեր գրավոր թույլտվությունը՝ երկիրը լքելու վերաբերյալ: Դիմում եմ նաեւ ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին՝ ինձ ապաստան տրամադրելու եւ հնարավոր արյունակից ազգականների որոնման հարցում օգնության խնդրանքով:



Խորին հարգանքով ներկայումս հպարտությամբ Հայաստանի  եւ միգուցե հետագայում, ցավոք սրտի, մեկ այլ երկրի քաղաքացի



Լուսինե Մնացականյան