Դրամահավաքությունը դպրոցներից հասել է նախակրթարան

Դրամահավաքությունը դպրոցներից հասել է նախակրթարան
Կապանցիները կես կատակ-կես լուրջ  որոշել են առաջարկել քաղաքապետարանին՝ անցկացնել մանկապարտեզների տնօրենների ատեստացիա: Եվ արդյունքում շարունակի աշխատել այն տնօրենը, ում ախորժակը փոքր է: Մանկապարտեզ հաճախող երեխաների ծնողները դժգոհում են, որ ավարտական խմբերում դաստիարակների ու տնօրենների համար նվերներ գնելու նպատակով փող են հավաքում: Նույնիսկ պատմում են, որ տնօրեններից մեկը դժգոհել է, որ իր նվերն էժան է դաստիարակի համեմատ:



Իհարկե, ողջ ուսումնական տարվա ընթացքում երեխաներից ամսական 200-ական դրամ են հավաքում մանր-մունր բաներ գնելու համար: Ասենք՝ գրենական պիտույքներ, տնտեսական իրեր: Ծնողները դեմ չեն մանկապարտեզներին օգնելու՝ մեր երեխաների համար ենք անում: Սակայն դժգոհում են դաստիարակների վերաբերմունքից՝ անբարեհամբույր են:



Կապանի քաղաքապետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի բաժնի պետ Անուշ Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ մանկապարտեզներում արգելված է դրամահավաքությունը: «Նախկինում ֆոնդի համար 100-ական դրամ էին հավաքում, իսկ հիմա, Կապանի քաղաքապետի որոշմամբ, այդ գումարը տալիս է քաղաքապետարանը: Ավելին, մանկապարտեզներն ունեն հովանավորներ, ուստի զարմանալի է, որ նման բաներ կան»,- ասաց տիկին Սիմոնյանը: Վերջինս նաեւ նշեց, որ իրենք բողոք չեն ստացել, ու հորդորեց ծնողներին ներկայանալ քաղաքապետարան: Կապանի թվով 12 մանկապարտեզ 1350 երեխա  է հաճախում:



Վերջին տարիներին թիվն աճել է, ու մի քանի մանկապարտեզներում նույնիսկ մահճակալները չեն բավարարում, որպեսզի երեխաները քնեն: Իհարկե, ծնողները գնում են դրան՝ տեղյակ լինելով իրավիճակին: Ամեն դեպքում, պատասխանատուները գտնում են, որ նոր մանկապարտեզ կառուցելու խնդիր կա: Մի փաստ էլ. մարզի  մանկապարտեզներում ավարտական խմբերի հանդեսները տեւում են մեկուկեսից մինչեւ երկու  ժամ: Արդյո՞ք սա երեխաների իրավունքների խախտում չէ:



Մանկավարժներից ոմանց կարծիքով, երեխաները հոգնելուց կարող են նստել: Կապանի թիվ 6 մանկապարտեզի տնօրեն Բելլա Կոստանյանի խոսքով էլ, այդ խմբերում հանդեսները պետք է տեւեն 45-50 րոպե: Երկարամյա մանկավարժի խոսքով, միայն սպորտային միջոցառումների ժամանակ է հնարավոր, որ անցնի մեկուկես ժամի սահմանը: Քաջարանի քաղաքապետ Վարդան Գեւորգյանն էլ համոզված է, որ հանդեսները երեխայի համար տոն են: «Հիմա սերունդն ազատ է մեծանում, որ ձանձրանան՝ դուրս կգան դահլիճից»,- ասում է նա:



Սակայն համայնքի ղեկավարի հետ տիկին Կոստանյանը համամիտ չէ: «Ինչքան էլ ազատ մեծանան, մեկ է՝ նրանք կախում ունեն մեծերից ու չեն կարող ինքնուրույն դուրս գալ: Փոխարենը, ավելի լավ է հանդեսները 40-45 րոպեի սահմաններում կազմակերպվեն»,-ասում է Բ. Կոստանյանը: