Քաղաքական զբոսանքները շարունակվելու են

Քաղաքական զբոսանքները շարունակվելու են
Երեկ Սարյան պուրակում ՀԱԿ ակտիվիստները դիմավորեցին նախօրերին ազատ արձակված Մուրադ Բոջոլյանին՝ վերջնականապես արձանագրելով, որ Հայաստանում այլեւս քաղբանտարկյալ չկա: «Իշխանությունն այս մարդու կյանքից 10 տարի կերավ, բայց Բոջոլյանը դիմացավ դրան եւ հիմա մեր կողքին է, եւ նա վրեժ է առնելու իր կյանքից խլված տարիների համար»,- ողջունելով Բոջոլյանին՝ ասաց ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը:



Մուրադ Բոջոլյանն իր հերթին շնորհակալություն հայտնեց համաժողովրդական պայքարի մասնակիցներին եւ հորդառատ անձրեւի պատճառով իր խոսքը հակիրճ ձեւակերպելով՝ ասաց. «10 տարիների ընթացքում ինձ երբեմն թվում էր, որ Հայաստանում մեզ նման մարդ չի մնացել, բայց վերջին տարիների ընթացքում ձեր ցույց տված տոկունությունը, պայքարն ապացուցեց, որ Հայաստանն իրոք ապագա ունի: Հայաստանը շուտով կփոխվի եւ կդառնա  արդար եւ ժողովրդական երկիր, իսկական հայերի երկիր»:



Հիշեցնենք, որ Բոջոլյանը 2002-ին դատապարտվել էր 10 տարվա անազատության՝ լրտեսության (հայրենիքի դավաճանության) մեղադրանքով: Ի դեպ, Արամ Մանուկյանի խոսքով, վերջին քաղբանտարկյալին դիմավորելը չի նշանակում, որ ՀԱԿ ակտիվիստներն այլեւս չեն հավաքվելու Սարյան պուրակում: Հանդիպումները, քաղաքական զբոսանքները շարունակվելու են նույն կերպ եւ ամենօրյա բնույթ են կրելու: