Լիսկայի համար մարզպետի պաշտոնը ռելաքս է

Լիսկայի համար մարզպետի պաշտոնը ռելաքս է
Անդրադառնալով խորհրդարանական նախընտրական տրամադրություններին, մենք գրել էինք Սյունիքի մարզում  սպասվող իրադարձությունների մասին: Մեզ հասած տեղեկություններով՝ այստեղ ընտրապայքարը թեժ է լինելու, քանի որ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը՝ Լիսկան, պատրաստվում է գործադիրից անցնել օրենսդիր գործունեության, այն էլ Սերժ Սարգսյանի եղբայր Սաշիկ Սարգսյանի ընտրատարածքում, որտեղ նախորդ ընտրություններում եղել են մրցակիցներ:



Նշենք, որ հարազատ Հանրապետականում նրա կերպարը նույնպես անընդունելի է դարձել, եւ կարծիքներ կան, որ Լիսկան վարկաբեկում է Հանրապետականին, եւ ժամանակն է, որ վերջինս թողնի մարզպետի պաշտոնը: Երեկ մեզ հաջողվեց կապ հաստատել «սյունյաց տիրակալի» հետ՝ ճշտելու իր  խորհրդարանական  ծրագրերի մասին:



Մեր հարցին, թե առաջադրվելո՞ւ է առաջիկա ընտրություններին, մարզպետը հայրենի բարբառով վստահեցրեց. «Ես նման մտադրություն չունեմ»: Ինչ վերաբերում է Սաշիկ Սարգսյանի հետ մրցակցելուն, ավելացրեց. «Չէ, չէ, ինձ համար գործադիրն ավելի հետաքրքիր ա՝ էներգիա սպառելու համար լավ է, քան թե օրենսդիրը»: Ստացվում է, որ մարզպետի գործունեությունը ոչ ավել, ոչ պակաս՝ ռելաքսի միջոց է Սուրիկ Խաչատրյանի համար: Այսինքն՝ ավելորդ «էներգիան սպառելու» համա՞ր է մարզպետ աշխատում, ասաց. «Աշխատելու, աշխատելու, պիտի աշխատես, որ էներգիա սպառես»: Այնուհետեւ սկսեց թվարկել իր՝ որպես մարզպետի անելիքները 2011-2014 թվականներին:  Ներկայացնում էր այնպիսի վստահությամբ, կարծես ինքն էր որոշելու, թե որքան է պաշտոնավարելու:



«Աշխատանքային ծրագրեր շատ կան, մեր մարզում 2011-14 թվականներին աշխատանքային ծրագրերը բավականին շատ են, ու փորձում ենք ամեն օր այդ ծրագրերն իրականացնենք ու աշխատում ենք»: Մեր հարցին, թե այդ բազում ծրագրերի որ մասն է հաջողվել իրականացնել, պատասխանեց. «Հիմա մենք խորհրդակցության մեջ ենք, էդ հարցերը գրավոր ուղարկի՝ մենք կպատասխանենք»:  Մեր դիտարկմանը, թե մարզի բնակիչներն իրենից դժգոհ են, հակադարձեց. «Էդ քո կարծիքն ա»:



Իսկ իր կարծիքը խոստացավ հայտնել միայն գրավոր հարցում ստանալուց հետո: «Չեմ ասի. գրավոր կգրես՝ կպատասխանեմ»,-կրկնում էր մարզպետը, հավանաբար գիտակցելով, որ եթե շարունակի խոսել, սխալ բաներ է ասելու: Թե մարզպետի ծրագրերը մինչեւ ընտրություններ ինչ փոփոխությունների կենթարկվեն, թերեւս կախված է տարբեր գործոններից, սակայն մեզ հայտնի է դարձել, որ 2012թ. ԱԺ ընտրություններում մեծամասնական ընտրակարգով թիվ 37 ընտրատարածքում առաջադրվելու է նախկին զինվորական, մասնագիտությամբ պատմաբան, ծնունդով սիսիանցի Վոլոդյա Հովհաննիսյանը:



Չնայած նա ժամանակին լավ հարաբերություններ է ունեցել մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հետ, սակայն լսելով մարզպետի՝ պատգամավոր դառնալու ցանկության մասին, որոշել է առաջադրվել: Նա գտնում է, որ ինքը մարզպետի համեմատ ավելի արժանի թեկնածու է: Գնդապետ Հովհաննիսյանը հայտնի է իր ըմբոստ հայտարարություններով, լինելով բանակային կորպուսներից մեկի փոխհրամանատարը, նա 2006-ին մի առիթով ասել էր. «Վազգենը կռվում էր հայրենիքի, ոչ թե փափկասուն Արմենչիկների համար»:



Դրանից անմիջապես հետո Վ. Հովհաննիսյանի պաշտոնն իջեցվել է, բայց նա շարունակել է աշխատանքը ՊՆ-ում, հետագայում ոստիկանությունում՝ ներքին զորքերի հրամանատարի տեղակալի պաշտոնում, որտեղից մի քանի ամիս առաջ պաշտոնանկ է արվել եւ անցել կադրերի տրամադրության տակ: