Հայ-թուրքական արձանագրությունները վերսկսելու ցանկություն չկա

Հայ-թուրքական արձանագրությունները վերսկսելու ցանկություն չկա
Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը, երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով Թուրքիայում անցկացված խորհրդարանական ընտրությունների եւ հայ-թուրքական հարաբերությունների վրա դրա հնարավոր ազդեցության մասին, նախ արձանագրեց. «Թուրքիայում մենք հայտնաբերեցինք նոր քաղաքական տրամադրություններ։ Սա արդեն երրորդ ընտրություններն էին, որ իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը հաղթեց Թուրքիայում, այսինքն՝ այս իշխանությունները Թուրքիայում իշխում են 2002 թվականից՝ արդեն 8 տարուց ավելի, ինչը նշանակում է, որ թուրքական կառավարությունն ավելի գոռոզ է եւ ավելի ինքնավստահ»:



Ապա փորձագետը կարծիք հայտնեց՝ խորհրդարանական ընտրություններից հետո Թուրքիայից Հայաստանի հետ բանակցողների դեմքերը կփոխվեն, քանի որ, ըստ վերլուծաբանի, ֆուտբոլային դիվանագիտությունը Գյուլի նախաձեռնությունն էր, իսկ այժմ Հայաստանի հետ պետք է խոսեն Էրդողանի ներկայացուցիչները: Հիմա հայ-թուրքական արձանագրությունների շուրջ զարգացումների առումով աշխարհը քայլեր է սպասելու Թուրքիայից:



«Թուրքիան պետք է նոր ձեռագրով մոտենա հայ-թուրքական արձանագրություններին, եւ նոր արձանագրությունների կարիք կա, ինչն էլ հնարավորություն կտա, որ Հայաստանը կարողանա փոփոխություններ կատարել արձանագրություններում»,- նշեց  վերլուծաբանը՝ կարծիք հայտնելով, որ այս պահին Հայաստանի դիրքն ավելի ուժեղ է, «քանի որ Հայաստանի հետ հարաբերությունների առումով թուրքական կաբինետում հանդես կգան նոր դեմքեր, ովքեր քաջատեղյակ չեն Հայաստան-Թուրքիա հարաբերություններից»:



Կիրակոսյանը նկատեց, սակայն, որ հայ-թուրքական արձանագրությունները եւ ղարաբաղյան հարցը Թուրքիայում առաջնահերթություններ չեն, ինչը բացահայտվեց նաեւ ընտրությունների ընթացքում.  «Չխաղարկվեց ոչ Հայաստանի հետ հարաբերությունները, ոչ էլ Ղարաբաղի խնդիրը»: Սակայն, փորձագետի խոսքով, դա կարող է բավական բացասական իմաստ ունենալ, Թուրքիայի իշխանությունները թեման «փակ» են համարում եւ չեն պատրաստվում դավաճան դառնալ: Կիրակոսյանը հայտնեց, որ Թուրքիայի հասարակությունն էականորեն դեմ չէ հայ-թուրքական գործընթացների վերսկսմանը եւ սահմանի բացմանը:



Ներկայացնելով թուրքական TESEV կենտրոնի իրականացրած հետազոտությունները՝ նա տեղեկացրեց, որ թուրք հասարակության համար բարեկամական երկիր է համարվում Իրանը, իսկ ԱՄՆ-ն՝ ոչ այնքան: Նման վերաբերմունքը, վերլուծաբանի կարծիքով, պայմանավորված է Իսրայելի եւ Իրանի հետ Թուրքիայի հարաբերություններով: Հայաստանը ոչ բարեկամական երկրների ցուցակում չի հայտնվել, ավելին՝ հարցվածների 50 տոկոսն աջակցում է հայ-թուրքական գործընթացին, 40 տոկոսը կողմ է սահմանի բացմանը։



Քրդական համայնքի 58 տոկոսը եւս կողմ է, որ հայ-թուրքական սահմանը բացվի: Այդուամենայնիվ, Կիրակոսյանի գնահատմամբ, այսօր Թուրքիայի առջեւ նոր մարտահրավերներ են առաջացել, մասնավորապես Սիրիայի եւ Լիբիայի հարցը: Ռիչարդ Կիրակոսյանը կարծիք հայտնեց, որ Թուրքիայի նորընտիր իշխանությունների համար այս պահին հայ-թուրքական արձանագրությունների գործընթացը վերսկսելու ցանկություն չկա, թերեւս այն ավելի ուշ կքննարկվի: