Մոգական է...

Մոգական է...
Խորհրդային Միության փլուզման նախաշեմին, երբ վերակառուցումն էր մոլեգնում, եւ բացախոսություն էր ամենուր, ռուսական թերթերից մեկում թվերի մոգական նշանակության մասին մի հոդված տպագրվեց։ Հեղինակների կարծիքով` թվերը ոչ միայն մաթեմատիկական գործողություններ կատարելու սովորական գործիքներ են, այլեւ իրենց մեջ լրջագույն ինֆորմացիա են պարունակում մեր կյանքի երեւացող եւ հատկապես չերեւացող կողմերի մասին։



Պարզապես պետք է սովորել թվերի լեզուն, իմանալ, թե նրանցից յուրաքանչյուրը որոշակի դիրքում ինչ կարող է նշանակել։ Եվ այսպես նրանք մի ամբողջ տեսություն էին զարգացրել, որի ճիշտն ու սխալը երեւի միայն իրենք գիտեին։ Իմ ուշադրությունն այնուամենայնիվ սեւեռվեց մի հետաքրքիր զուգորդման վրա, որով հոդվածի հեղինակները փորձել էին ընթերցողին հասկացնել, որ ԽՍՀՄ-ը ոչ թե երկիր է, այլ սատանայի ձեռքով ստեղծված դժոխք, որի անվանման մեջ անգամ առկա է իր ստեղծողի անունը։



Որպես ասվածի ապացույց` նրանք առաջարկել էին համեմատել CCCP - 666P գրությունները։ Իհարկե սա խորամանկ խաբեբայություն էր, իհարկե սրանով փորձ էր արվում ԽՍՀՄ տարածքի հանրապետություններին հասկացնել, որ պետք է ոչնչացնել «սատանայի» այդ բույնը։ Բայց պատկերացրեք, թե ինչպիսի ներգործություն ունեցավ այդ հոդվածը մի հանրության վրա, որին յոթանասուն տարի շարունակ ներարկել էին, թե ԽՍՀՄ-ից ավելի բարի, խաղաղասեր ու արդար երկիր գոյություն չունի։



Մերօրյա Հայաստանում թվերի մոգական հատկությունների ուսումնասիրությամբ, ցավոք, քիչ մարդ է զբաղվում։ Կարելի է ասել` լուրջ զբաղվող չկա, բացի մեկից, եւ այդ եզակի մարդը Ահարոն Ադիբեկյանն է։ Իսկ ինչո՞ւ ցավոք։ Ցավոք, որովհետեւ նախ` թվերի հետ կապված յուրաքանչյուր գիտություն հետաքրքիր է, եւ ապա` մենք հնարավորություն չունենք մյուս հայ սոցիոլոգների հնչեցրած թվերը համեմատել Ահարոն Ադիբեկյանի հնչեցրածի հետ։ Հետեւաբար մենք պարտավոր ենք հավատալ Ադիբեկյանի եւ միայն Ադիբեկյանի թվերին, որովհետեւ հանրությանը ուրիշ թվեր ասողներ պարզապես չկան։ Ստացվում է, որ նույնիսկ սոցիոլոգիական հետազոտությունների բնագավառում գործ ունենք մենաշնորհի երեւույթի հետ։



Հանուն ճշմարտության պետք է ասել, որ Ահարոն Ադիբեկյանի թվերն այնքան էլ աչքի չեն ընկնում ճշգրտությամբ։ Ինքն էլ քանիցս խոստովանել է, որ էականը ոչ թե հնչեցվող թվերի մեծություններն են, այլ դրանց հարաբերակցությունը իրականության մեջ ընթացող տեղաշարժերի հետ։



Ավելացնենք միայն, որ Ադիբեկյանի պարագայում, եթե հաշվի ենք առնում նրա եզակի լինելու հանգամանքը, թվերն ընդհանրապես դադարում են որեւէ մեծություն խորհրդանշել, եւ մեզ համար, եթե նկատել եք, ավելի շատ կարեւորվում է Ադիբեկյանի` հանկարծ հայտնվելու փաստը։ Որպեսզի շատ չխճճվենք, ես մի օրինակ բերեմ, ու անցնենք առաջ։ Եվ այսպես` Ահարոն Ադիբեկյանն իբր նախընտրական տարվա համապատասխան կտրվածքի վերլուծություն է անում, հանկարծ հայտարարում է, որ վատ ապրողների թիվը հանրապետությունում կրկնապատկվել է։ Այսինքն ի՞նչ` վատ ապրողներն սկսել են ինտենսիվ բազմանա՞լ։



Ոչ, իհարկե, եւ Ադիբեկյանն ունի այս հարցի պատասխանը` համեմատաբար լավ ապրողների մի մեծ խումբ եւս սկսել է վատ ապրել, որովհետեւ աշխատատեղերն են փակվել, որովհետեւ աշխատավարձերն ու թոշակները մնացել են գրեթե նույն մակարդակի վրա, իսկ գները թռել են Մասիս սարի գագաթը։ Այսինքն Ադիբեկյանը գիտի նույն բանը, ինչ որ մենք` վատ ապրողների թիվն ավելացել է։ Սակայն, ի տարբերություն մեզ, Ադիբեկյանը մի թիվ ասում է երկու անգամ։ Կարո՞ղ էր ասել երեք, երկուսուկես կամ մեկուկես անգամ։ Կարող էր։ Բայց դրանից ի՞նչ կփոխվեր։ Ըստ մեզ` նաեւ երկուսի դեպքում բացակայում է հաշվարկը։



Ոչ ոք չի կարող ինձ` ՀՀ քաղաքացուս համոզել, թե մեկը կա մեր երկրում, որ դռնեդուռ ընկած կամ մեկ այլ ձեւով մարդկանց հարցուփորձ է անում, թե ինչպես են նրանք սկսել ապրել։ Նման բան չի եղել ոչ 90-ականներին, ոչ էլ 21-րդ դարի անցած 11 տարիներին։ Փոխարենը եղել է թվերով միմյանց վրա մոգական ներգործություն ունենալու մի գործընթաց, որ ավելի շատ տարբեր կողմերի քաղաքական շահեր է սպասարկել։ Կար ժամանակ, որ հայտարարում էին` այս տարի, նախորդ տարվա ձմռան համեմատությամբ, սովից ու ցրտից հանրապետությունում 200 մարդ պակաս է մեռել, 30 տոկոսով նվազել են գիշերային անդագաղ թաղումների դեպքերը։



Հետո եկավ կովկասյան վագրի ժամանակաշրջանը` երկնիշ տնտեսական աճ։ Նավթավառները չորացրինք, պահեցինք «բալկոնի չուլանում»` պետք կգա… եւ դարձյալ հաշվող չկար, թե քանիսն են վատ ու ավելի վատ ապրում երկնիշ թռիչքների օրերին։ Այսօր չկան երկնիշ թռիչքները, բայց կա ճգնաժամ եւ ճգնաժամը հաղթահարելու յաման կամք, դեմքով այս կամ այն ոլորտը դառնալու ուռա տնտեսվարություն, անկում ապրող եւ դեպի զրոյացում գլորվող գյուղատնտեսություն, միջին խավի իսպառ բացակայություն։ Ի՞նչ պատահեց ուրեմն, որ Ադիբեկյանը հանկարծ հաշվեց վատ ապրողների թվի դինամիկան ու ստացավ այդ համեստագույն «երկու» թիվը, ինչո՞ւ իր այդ «հաշվարկը» ներկայացրեց հիմա` հունիս ամսին, երբ լրանում է նախագահի` կառավարությանը տված ժամկետը, որի ընթացքում, ինչպես նախագահն արտահայտվեց, գները պետք է իջնեին աչքի համար սովորական դարձած մակարդակի։



Երբ Ահարոն Ադիբեկյանի ելույթին մոտենում ես այս կողմից, միանգամայն հասկանալի է դառնում, որ նրա մատնանշած թիվը ասվածին սոցիոլոգիական հետազոտության շոր հագցնելու միջոց է։ Մնացածը նրա արածի մեջ ամենազտարյուն քաղաքականություն է։



Նա, չի բացառվում, գուցե նաեւ իշխանության կողմից լիազորված այն անձն է, որ վարում է երկխոսությունը։ Փորձում է ներկայացնել ապագա ԱԺ-ում ՀԱԿ-ին արվող առաջարկը` 20 տոկոս, հասկացնում, որ կկատարվի պահանջագրի մի կետ եւս` ամեն ինչ ձախողած վարչապետի հետ նրա թիմը կուղարկվի այլ աշխատանքի, որովհետեւ վատ ապրողների թիվը կրկնապատկվել է, եւ այսպես շարունակ։ Հակասություններ կան ոչ միայն ընդդիմադիր դաշտի ուժերի միջեւ, այլեւ կոալիցիայում եւ մանավանդ ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի միջեւ։ Սա պակա՞ս հուշում է ՀԱԿ-ին, որ իշխանությունները նույնիսկ համաձայն են վերջինիս տեսնել ԱԺ երկրորդ եւ, ով գիտի, նույնիսկ որպես ապագա կոալիցիոն ուժի դերում։



Այսպիսին է Ադիբեկյանի մաթեմատիկան, ի՞նչ կարող ես անել` խոսել ճիշտ ժամանակին, ճիշտ տեղում, խոսել թվերով, որոնք, սակայն, ոչ թե մաթեմատիկական մեծություններ են, այլ մոգական ներգործություն թողնող սիմվոլներ:



Աշոտ Սահակյան