Երկխոսությունից որեւէ դրական բան չեմ սպասում

Երկխոսությունից որեւէ դրական բան չեմ սպասում
«Ես ղարաբաղյան հարցի կարգավորման հանգուցալուծային տարբերակ չեմ տեսնում: Ղարաբաղի հարցում ես փոխզիջումային տարբերակ չեմ տեսնում: Իսկ Կազանում ոչ մի հարց էլ չի լուծվելու: Եթե հարց էլ լուծվի, ապա ներքին կարգով: Կարող է ինչ-որ պայմանավորվածության գան, բայց ինձ չի թվում, որ որեւէ փաստաթուղթ կստորագրվի»,- երեկ ասուլիսի ժամանակ կարծիք հայտնեց «Սասուն» ջոկատի հրամանատար, նախկին քաղբանտարկյալ, ԱԺ նախկին պատգամավոր Սասուն Միքայելյանը:



Նա, խոսելով ղարաբաղյան խնդրի կարգավորման մասին, վերահաստատեց իր դիրքորոշումը, որ դեմ է նույնիսկ մի թիզ հող հանձնելուն: Նա չբացառեց նաեւ պատերազմի հավանականությունը. «Ես գտնում եմ, որ պատերազմից խուսափելու համար ավելի լավ է հիմա մենք մեր ներքաղաքական վիճակը կարգավորենք, որն ավելի լավ երաշխիք է պատերազմից հեռանալու համար, քան որոշ մարդկանց հոխորտանքները, թե կռվելու ենք, հաղթելու ենք»:



Նախկին քաղբանտարկյալը, խոսելով ընդդիմություն-իշխանություն երկխոսությունից, կարծիք հայտնեց, որ այդ երկխոսությունը դրական է, սակայն ինքը որեւէ ակնկալիք չունի դրանից, որովհետեւ կարծում է, որ իշխանությունը քայլեր չի ձեռնարկի այդ ուղղությամբ: «Երկխոսությունից էլ ես ինչ-որ արդյունք չեմ սպասում: Ես ողջունում եմ այդ քայլը, բայց դրանից որեւէ բան չեմ սպասում: Բայց մինչեւ շաբաթվա վերջ, կարծում եմ՝ կլինի առաջին դեմքի տեսակետը»,- ասաց Սասուն Միքայելյանը եւ հավելեց, որ, իր կարծիքով, Սերժ Սարգսյանի պատասխանը դրական չի լինի:



Միքայելյանը դրական գնահատեց երկխոսությունը՝ դրա արդյունքում է, որ ինքը եւ շատերը հիմա ազատության մեջ են. «Եթե այդ երկխոսությունը չլիներ, ես հիմա դեռ բանտերում կլինեի»: Նա անդրադարձավ նաեւ օրերս նախկին ՀՀՇ-ական Խաչատուր Քոքոբելյանի ստեղծած «Ազատ դեմոկրատներ» կուսակցությանը, վստահեցնելով, որ այն ոչնչով չի սպառնում ՀՀՇ-ի գոյությանը, ինչպես նաեւ ՀԱԿ-ի թուլացմանը: «ՀԱԿ-ը դրանից ավելի կհզորանա ու կմաքրվի: Երկար տարիներ մնալ մի կուսակցության մեջ ու հետո դուրս գալ այդ կուսակցությունից այն ժամանակ, երբ ընդդիմությունը վերելք է ապրում, չի կարելի»,- ասաց Միքայելյանը՝ այնուամենայնիվ ողջունելով նորաստեղծ կուսակցության գոյությունը:



ՀԳ - Սասուն Միքայելյանը երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց նաեւ, որ ինքը, ամենայն հավանականությամբ, կմասնակցի առաջիկա խորհրդարանական ընտրություններին՝ իր թեկնածությունն առաջադրելով մեծամասնական ընտրակարգով։ «Ինչի՞ պիտի չմասնակցեմ, ես մինչեւ հիմա էլ պատգամավոր եմ, ինչ ա եղե՞լ որ»,-նկատեց նա։