Բարին, չարը, բարոյականը, անբարոյականը, կինը, տղամարդը

Բարին, չարը, բարոյականը, անբարոյականը, կինը, տղամարդը
ԲՀԿ հրազդանցի պատգամավոր Մխիթար Հարությունյանը (Մխո) մեծամասնականով պատգամավոր է ընտրվել այն բանից հետո, երբ մարտի 1-ին կալանավորված Սասուն Միքայելյանը զրկվեց պատգամավորական մանդատից: Նրան հանդիպելով խորհրդարանում, մենք մի քանի հարց ուղղեցինք:



- Պարոն Հարությունյան, Սասուն Միքայելյանի կալանավորումից հետո Դուք դարձաք պատգամավոր նույն տարածքում: Սասուն Միքայելյանը կրկին պատրաստվում է առաջադրվել, ի՞նչ ծրագրեր ունեք այդ ընտրատարածքի հետ կապված, պատրաստվո՞ւմ եք առաջադրվել:



- Հայաստանի Հանրապետության ոչ մի պետական պաշտոն, նաեւ ընտրովի պաշտոն, պապենական կտակ չի ոչ մեկին, ինչպես նաեւ Հարությունյան Մխիթարին, եւ ընտրության մասնակցելու համար համապատասխան նպաստավոր պայման պետք է լինի:



Հաշվի առնելով, որ ես 2006-ից ընդգրկվել եմ ԲՀԿ շարքերը եւ ԲՀԿ քաղխորհրդի անդամ եմ, իմ քաղաքական գործունեությունը պայմանավորված է ԲՀԿ որոշումներով: Առաջադրվել կամ ոչ՝ որոշելու է ԲՀԿ քաղաքական խորհուրդը:



- Դուք 2007-ին էլ առաջադրվեցիք նույն ընտրատարածքում, եւ, փաստորեն, հաղթեց Սասուն Միքայելյանը:



- Գրանցվեց Սասուն Միքայելյանը՝ այո:



- Այսինքն կարծում եք...



- Այսինքն ոչ մի բան չեմ կարծում, չեմ էլ ուզում անցյալին անդրադառնալ: Կյանքը շարունակվում ա, կյանքը շարունակական ա: Ամեն դեպքում՝ չեմ ուզում, որ կենտրոնանանք նախկին ընտրությունների վրա: Ամեն հաջորդ օր կարող է որոշում կայացվել, ամեն հաջորդ օր կարող է որոշում փոխվել:



Մի խոսքով՝ բավարար ժամանակ ունենք վերջնաորոշում կայացնելու համար: Ուղղակի ես, որպես ԲՀԿ քաղխորհրդի անդամ, բնական ա՝ պարտավորվում եմ նաեւ ընդունել ԲՀԿ քաղխորհրդի որոշումները:



Պատրաստ եմ ծառայել եւ պետությանը, եւ կուսակցությանը: Կուսակցության որոշումներն իմ համար ընդունելի են, եւ առաջնորդվում եմ կուսակցության քաղխորհրդի որոշումներով:



- Իսկ կուսակցությունում արդեն քննարկումներ կա՞ն, թե ով որ ընտրատարածքում պետք է առաջադրվի:



- Ոչ, էս պահին օրակարգում նման հարց գոյություն չունի:



- Լավ, փաստորեն, Ձեր տարածքի նախկին պատգամավորը նոր է դուրս եկել բանտից, տեսե՞լ եք նրան:



- Ես գերադասում եմ մեր վերաբերյալ քննարկումներ չանցկացնել մամուլում:



- Հուսամ՝ թշնամի չեք:



- Իհարկե թշնամի չենք: Ինքն իմ համար մարտական ընկեր ա: Ես շատ լավ եմ միշտ վերաբերվել, նաեւ հիմա էլ լավ եմ վերաբերվում եւ չեմ ուզում մեր հարաբերությունները մամուլով քննարկման թեմա դարձնել: Չի կարելի:



- Ասացիք՝ եթե ԲՀԿ-ն որոշի, որ առաջադրվելու եք, պատրաստ եք հետեւել այդ որոշմանը: Ի՞նչ եք արել ԱԺ-ում, որ պատրաստ եք շարունակել Ձեր պատգամավորական գործունեությունը: Ինչո՞ւ եք քիչ երեւում ԱԺ-ում, Ձեզ բավական ուշ-ուշ ենք տեսնում:



- Ինձ ուշ-ուշ տեսնելը չի նշանակում, թե ես ուշ-ուշ եմ գալիս: Ես ուղղակի ցուցադրական բաներ չեմ անում, միգուցե դա էլ իր տեղը նպաստում ա ինձ ուշ-ուշ տեսնելուն: Ոչ ցուցամոլություն եմ անում, ոչ էլ ցուցադրական բաներ եմ անում, ոչ էլ, ասենք, հրապարակային ավանտյուրա եմ անում, որ տեսանելի դառնամ կամ, չգիտեմ՝ հեղինակություն ձեռք բերեմ:



- Հրապարակային ավանտյուրա ասելով ի՞նչ նկատի ունեք՝ ԱԺ-ում ելույթնե՞րը, թե՞ օրենսդրական նախաձեռնությունները:



- Հատուկ միջոցառումներ չեմ ձեռնարկում մամուլում երեւալու համար: Բնականով ոնց կստացվի, էդպես համարում եմ նորմալ: Դրանից դուրս համարում եմ ավանտյուրա:



- Լավ, կոնկրետ Դուք ԱԺ-ում ի՞նչ օրենսդրական նախաձեռնություններով եք հանդես եկել:



- Մենք ունենք օրենսդրական նախաձեռնություններ, որոնք սկզբից՝ իմ ԱԺ գալուց մենք ուսումնասիրությունների ենթարկեցիք, որ ներկայացնենք հանձնաժողով: Էդ օրենսդրական նախաձեռնությունները տարբեր մարդկանց կողմից առաջադրվեցին, ներկայացվեցին: Իրանք, որպես նախագիծ, ներկայացրեցին արդեն ԱԺ-ում:



Մեր աշխատանքային խմբերը, այսինքն՝ ես իմ օգնականների հետ ունեինք բազմազավակ ընտանիքների վերաբերյալ օրինագիծ, ունեինք ազատամարտիկների վերաբերյալ օրինագիծ, որը մասամբ նաեւ արդեն ընդունվեց: Բնապահպանական վճարների եւ բնավճարների վերաբերյալ նախագիծ ենք հիմա մշակում՝ պետական բյուջեից տեղական բյուջե տեղափոխելու համար:



Հաշվի առնելով այն, որ ընկերությունները փաստորեն աղտոտում են տվյալ բնակավայրի օդը, բայց վճարում են պետական բյուջե, հետո պետական բյուջեից դա ուղղորդվում է համայնքային բյուջե՝ ըստ նպատակի ներկայացված ծրագրերի հիման վրա:



- Պարոն Հարությունյան, տեսակետներ կան, որ ԲՀԿ-ի եւ Գագիկ Ծառուկյանի վարկանիշը իշխանական հատվածում վերջին տարում որոշակի անկում է ապրել:



- Ես չեմ կիսում էն կարծիքը, որ Ծառուկյանի վարկանիշն անկում ունի: Ծառուկյանի վարկանիշը չի կարող անկում ունենալ, որովհետեւ Ծառուկյանն իրականում՝ սուտ չի լինի, եթե ասենք, որ մեր ազգաբնակչության կողմից ամենաընդունված քաղաքական գործիչներից մեկն է:



- Իսկ Դուք պարոն Ծառուկյանի վերջին գիրքը կարդացե՞լ եք:



- Չեմ հասցրել:



- Լավ, Դուք, որպես իշխանական կուսակցության ներկայացուցիչ, ինչպե՞ս եք վերաբերվում իշխանություն-ընդդիմություն երկխոսությանը, ի՞նչ եք կարծում, այն կկայանա՞, թե՞ ոչ:



- Ինքը՝ քաղաքականությունը, բնույթով որպես երկխոսության հարթություն կարելի է դիտարկել եւ տարբեր քաղաքական մտքի, եւ նույն քաղաքական մտքի մարդկանց համար: Քաղաքական հարթության մեջ իրար հետ գործ ունեն բոլորը՝ բարին, չարը, բարոյականը, անբարոյականը, կինը, տղամարդը: