Երբ կոճակդ ընկնում-կորում է, նորն ես կարում

Երբ կոճակդ ընկնում-կորում է, նորն ես կարում
ՀԱԿ-իշխանություն երկխոսության բազմաչարչար թեման վերջին օրերին իր դիրքերը զիջել է ՀՀՇ-ի շուրջ խոսակցություններին: Իսկ ՀՀՇ-ի հանդեպ մեծացող հետաքրքրությունը կապված է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ստեղծման հետ, որի անդամների մի մասը կամ հեռացել է ՀՀՇ-ից, կամ պատրաստվում է հեռանալ:



Հիշեցնենք` «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը ստեղծվել է ՀՀՇ վարչության նախկին փոխնախագահ Խաչատուր Քոքոբելյանի կողմից: Կուսակցության շուրջն են հավաքվել ՀՀՇ-ից հեռացած ՀՀՇ վարչության նախկին նախագահ Արարատ Զուրաբյանը, Ալիկ Արզումանյանը եւ ուրիշներ:



ՀՀՇ-ից հեռացողները թեեւ կոնկրետ պատճառներ չեն նշում, սակայն, ըստ շրջանառվող վարկածների, նոր կուսակցության հիմնադիրները ՀՀՇ-ից հեռացել են` չհանդուրժելով Տեր-Պետրոսյանի շուրջ հավաքված որոշ անձանց վարքագիծը, նաեւ ՀԱԿ-ի վերջին տարում որդեգրած քաղաքականությունը:



Այս գործընթացը ոմանք «պառակտում» են անվանում, չնայած ՀՀՇ-ն  հրապարակային հայտարարություններով փորձում է հավաստել, որ նոր ուժին կարեւորություն չի տալիս՝ վերջին մեկ տարվա ընթացքում կուսակցությունից մոտ 2 տասնյակ մարդ է հեռացել, 300-ն էլ՝ անդամագրվել:



«Ուղիղ մեկ տարի առաջ Հայաստանի իշխանությունները ՀՀՇ ղեկավար կազմի փոքր մի խմբի միջոցով փորձեցին ազդեցություն գործել ՀՀՇ ներսում եւ ճեղքվածք առաջացնել կուսակցության եւ Հայ ազգային կոնգրեսի միջեւ, ինչի մասին խոսվեց նաեւ 2010թ. հուլիսի 17-ին կայացած ՀՀՇ 16-րդ համագումարում:



ՀՀՇ վարչության եւ խորհրդի զգոնության շնորհիվ աննշան այդ միջադեպը հարթվեց: Կուսակցությունն այս փորձությունից դուրս եկավ ավելի ամրացած եւ բարձր հեղինակությամբ` ի չիք դարձնելով ինչպես ներքին, այնպես էլ արտաքին ուժերի ծրագրերը»,- ասված է ՀՀՇ կուսակցության տարածած երեկվա հաղորդագրության մեջ:



«Հնարավոր է, որ արդեն ստացված դիմումներին ավելանան եւս մեկ-երկու տասնյակ դիմում` դարձյալ հիմնականում Կենտրոն տարածքային կառույցի անդամներից: Հետեւաբար գործ ունենք ոչ թե ինչ-որ նոր երեւույթի, այլ մեկ տարի առաջ տեղի ունեցած միջադեպի ձգձգված, ֆորմալ ավարտի հետ»,-հայտարարում է ՀՀՇ-ն:



Մենք որոշեցինք այցելել ՀՀՇ-ի եւ «Ազատ դեմոկրատների» գրասենյակներ՝ հասկանալու կուսակցությունում իշխող իրական տրամադրություններն ու տրամադրվածությունը: Աշխատանքային օրվա սկիզբն էր, սակայն ՀՀՇ գրասենյակում զարմանալի հանդարտություն էր տիրում. բացի ՀՀՇ վարչության քարտուղար Վահագն Հայոցյանից, ընդամենը երկու մարդ կար:



«Աշխատում ենք, աշխատում, մարդիկ շրջաններ են գնացել՝ Արամ Մանուկյանի գլխավորությամբ: Լինելու են Կապանում եւ այդ գծի բոլոր շրջաններում: Հանդիպելու են մարդկանց, պատրաստվում ենք հանրահավաքին...»,-զարմանքս «փարատեց» Հայոցյանը, ապա կուսակցությունում իշխող տրամադրության եւ ոմանց՝ կուսակցությունը լքելու պատճառների մասին հարցիս պատասխանեց.



«Ամեն ինչ նորմալ, իր հունի մեջ գնում է, ՀՀՇ-ում խի նոր ե՞ն սենց դեպքերը. սկսած 91 թվից հեռանում են՝ Վազգեն Մանուկյան, Ալբերտ Բաղդասարյան, Բլեյան Աշոտ»:



Բայց բոլոր այդ դեպքերում մարդիկ լքել են իշխանության մեջ գտնվող կուսակցությունը, իսկ այս դեպքում լքում են ընդդիմադիր ՀՀՇ-ն: Չե՞ք փորձել մեղքը կուսակցության մեջ փնտրել: «Բացարձակ, միասին չեն սխալվում, իրանց հետ ընդամենը 20 մարդ ա գնացել...»,- հակադարձեց Հայոցյանը, ապա խորհուրդ տվեց, որ այդքան չկարեւորենք եւ «խոշոր չդարձնենք» գործընթացը՝ պատկերավոր հիմնավորելով.



«Չի պատահե՞լ, ասենք, կոճակդ ընկնում-կորում ա, սկզբից նեղվում, հետո մոռանում ես, մի ուրիշ կոճակ ես կարում, չէ՞: Ըտենց մի բան է եղել»: «Այդ մարդիկ «մի կոճակի» մեծության դերակատարությո՞ւն են ունեցել ՀՀՇ-ում», Հայոցյանը նետեց. «Ավելի փոքր, եթե մի տարի առաջ մտածում էինք, որ կփոխվեն... բայց այդ մարդիկ մեկ տարի այստեղ (նկատի ունի գրասենյակ) չեն եկել...»:



Բայց փաստ է, որ իրենց հետեւից մարդիկ են տանում: «Դե կներես, էլի, եթե ես ստեղից դուրս գամ, իմ հետեւից 10 հոգի գան, ես իմ կյանքն անիմաստ կհամարեմ»,- պատասխանեց վարչության քարտուղարը՝ շարունակելով. «Թող անգամ 100 մարդ գնա, բայց այդպես չի, եւ հետո՝ 2.500 հոգուց 20 մարդ է հեռանում, դա պառակտո՞ւմ է նշանակում»:



Հայոցյանը նաեւ ասաց, որ իրենք «ավելի լուրջ» գործերով են զբաղված, պատրաստվում են հունիսի 30-ի հանրահավաքին:



Ի տարբերություն ՀՀՇ գրասենյակի, նորաստեղծ «Ազատ դեմոկրատների» գրասենյակը մարդաշատ էր, սակայն այնտեղ չէին ոչ կուսակցության նախագահ Քոքոբելյանը, ոչ փոխնախագահ Անուշ Սեդրակյանը, ոչ էլ գոնե իմ դիտանկյունից հանրածանոթ դեմքեր, միայն կիսաբաց դռան արանքից երեւացին իրար գլխի հավաքված, ինչ-որ բան քննարկող մարդիկ:



Փորձեցինք գոնե հեռախոսով ճշտել իր շուրջն ի սկզբանե մեծ աղմուկ հանած նորաստեղծ կուսակցության նպատակներն ու ծրագրերը, որոնք գոնե մինչ օրս հայտնի չեն: «Ազատ դեմոկրատների» փոխնախագահ Անուշ Սեդրակյանը պատասխանեց, որ շուտով անելիքները եւ ծրագրերը հանրային քննարկման կդնեն, իսկ հիմա «ինտենսիվորեն» աշխատում են հասարակական տարբեր շերտերի՝ ՀԿ-ների ներկայացուցիչների, փորձագետների հետ:



Սեդրակյանը չցանկացավ պատասխանել ՀՀՇ երեկվա հաղորդագրությանը, ասելով, թե մտադիր չեն իրենց քաղաքական պոտենցիալը վատնել ոչ կառուցողական զրույցների վրա. «Մենք մտադիր ենք կոնստրուկտիվ քաղաքական աշխատանք կատարել, կընդունվի հանրության կողմից՝ շատ ուրախ կլինենք, չի ընդունվի՝ կնշանակի լավ չենք աշխատել:



Համենայնդեպս ես կարծում եմ, որ ընդդիմադիր ուժերի միջեւ նման հայացքների եւ փոխադարձ մեղադրանքների փոխանակումը բերում է ընդդիմադիր դաշտի թուլացման, մինչդեռ մենք դրա մտադրությունը չունենք, մենք մտադիր ենք այն ուժեղացնել»: