Նվիրվում է այն տղամարդ պատգամավորներին, ովքեր կողմ են քվեարկել

Նվիրվում է այն տղամարդ պատգամավորներին, ովքեր կողմ են քվեարկել
Ամառ` Կանարներում, լավ-լավ համարներում… կամ մի հանգի` հանուն հանգի,  Ձեր ընդունած օրենքը կպնի, ձեր գույնզգույն շորտիկներին, որ ամեն օր կարդաք



Հա բա ինչ, դուք հիմա ձեր նանարներին առած՝ առոք-փառոք կգնաք ձեր Կանարները, իսկ մենք Երեւանի շոգի մեջ կտապակվենք: Մարդու իրավունքների պաշտպանին էլ հետներդ տարեք, վայելեք ձեր արձակուրդը, իսկ «անկապ» լրագրողների հերն էլ անիծած:



Ի դեպ` ձեր համեմատությամբ, մեր դատավորները կարգին տղերք են: Հիմա նրանք ջանք ու եռանդ չեն խնայում, որ դատարանը խայտառակ չլինի ձեր ընդունած օրենքի պատճառով: Գոնե տեղյա՞կ եք, որ Հայաստանում ինչքան հոգեկան հիվանդ կա, լցվել է դատարան` լրագրողների ու թերթերի վրա փող աշխատելու:



Բանը հասել է ընթերցողների արձագանքների պատճառով կայքերին դատի տալուն: Հայցվորներն էլ, որին նայում ես` անվան պոչից կամ «քաղաքական գործիչ», կամ «պատգամավոր», կամ «նախկին պատգամավոր» պիտակն է կախված: Մեղք չէի՞նք մենք, լավ, ի՞նչ վատություն էինք արել ձեզ` ոչ հոգեկաններիդ:



Մի՞թե մենք չենք նպաստել, որ պատգամավոր դառնաք, քաղաքական գործիչ, Կանարներում հանգիստը վայելելու իրավունք նվաճած ՀՀ քաղաքացի: Օրերով, դիկտաֆոնն առած, հետեւներիցդ վազել ենք, որ ձեր գլխից մի միտք հանենք, որ ձեր նկարը թերթում տպվի, որ ձեր գյուղերում ասեն` մենք էլ նախրի մեջ, ըըըը… քաղաքում մարդ ունենք: Այսպե՞ս են վարձահատույց լինում:



Էլ ոնց կլիներ, մեզնից մեկ-երկուսի ջրերը ձեզնից մեկ-երկուսի ջրերի հետ մի առվով չեն հոսել: Ի՞նչ անենք, ո՞ր տանը խոսք ու զրույց չի լինում: Դուք ե՞րբ լրագրողի հետ ցանկացաք մի լավ հրապարակում պատրաստել, որ լրագրողն ասաց` չէ: Այդպիսի դեպք հիշո՞ւմ եք: Իսկ հիշո՞ւմ եք, թե քանի անգամ եք լրագրողներին սպառնացել, նրա գործիքը ջարդել, թքել-մրել, գրողի ծոցն ուղարկել:



Նրանք, ովքեր դեռ այսպիսի բաներ չեն արել, նրանք էլ պակաս մեղավոր չեն: Տեսնում եք, որ ձեր աթոռակիցն իրեն այդպես է պահում, ձեռքը բռնեք, ասեք՝ թող լեզուն իրեն քաշի, կարգի հրավիրեք: Թե չէ հետո  էկրանին ձեւ եք տալիս, թե՝ ըստ իս, ես ամենայն հավանականությամբ չեմ կարողանում ամբողջովին կարծել, որ դեպքը հենց այնպես է եղել, ինչպես ներկայացրել է մամուլը:



Բա ուրիշ էլ ո՞նց է լինում դեպքը, հարգելի երեսփոխան: Խնդրեմ` սեւով սպիտակին գրված է` հայհոյել է լրագրողին, խլել է ձայնագրիչն ու սկսել է արագ-արագ հուպ տալ կոճակները, հարցազրույցի է հրավիրել զուգարան, ասել է պատվեր ես կատարում…



Իսկ գուցե ավելի լավ կլինի, որ լրագրողները միայն Անտարկտիդայի մասի՞ն գրեն: Համ էլ երեւանյան ամառը մի քիչ կհովանա: Բայց այդ դեպքում, վախենում ենք, որ ժողովուրդը ձեզ` իր ծառաներին մոռանա: Անելանելի վիճակ է մի խոսքով:



Հա, ինչ էի ուզում ասել: Կանարներում, հաճույքներից ազատ ժամերին, հարմար դիրք ընդունեք, ձեռքներդ առեք ձեր ընդունած օրենքը կամ նանարին… Չէ, չէ, սխալ հասկացաք:



Ուզում էի ասել` կամ նանարին խնդրեք ձեզ համար կարդալ: Եթե օրենքը ձեզ անծանոթ թվա, ոչինչ, նշանակում է առաջին անգամ եք կարդում: Պատահում է: Հոգ չէ: Բայց գոնե կարդացած կվերադառնաք ու սեպտեմբերյան մի օր ԱԺ-ում շարադրություն կգրեք «Ինչպես անցկացրի ամառը, երբ կողքիս էր նանարը» թեմայով:



Մարդու իրավունքի պաշտպանին էլ կկանչեք շարադրություն գրելու, որովհետեւ այն, ինչ նրա թելադրությամբ գրել էիք 2010 թվականին, 2011-ին արդեն, պարզվում է, խայտառակություն է: Երկու տողով ասեմ ինչու:



Ժամանակին Հայաստանում մի դատավարություն է ընթացել, որի ժամանակ պատասխանող կողմը միջնորդել է դատարանի առջեւ` հայցվորին ենթարկել բժշկական հետազոտության` պարզելու, թե վերջինս պատահաբար հոգեկան հիվանդ չէ՞, որ վիրավորվել է իրեն տրված «տրյապկա» որակումից եւ այն բանից, որ իրեն «արա» էին ասել:



Միայն հոգեկան հիվանդը կարող է նման բառերից վիրավորվել` հայտարարել էր պատասխանող կողմը: Եթե հիշողությունս չի դավաճանում` դատարանը քիչ է մնացել բավարարեր այդ միջնորդությունը:



Արդ ուրեմն՝ մամուլի եւ լրատվության մասին նոր օրենքը, երբ այն ձեր թեթեւ ձեռքով մտավ գործողության մեջ, պարզվեց, որ մերօրյա բոլոր հայցվորներն են ենթակա հոգեբուժական հետազոտության: Մարդիկ, հիմնականում պաշտոնյաներ, այնքան նեղացկոտ են դարձել, որ եթե նրանց այսօր «տրյապկա» ասես, տեղնուտեղը կուշաթափվեն:



Այսօր նրանք նեղանում ու վիրավորվում են ուզածդ բառից: Ասում ես` ի՜նչ բարեբախտություն, տվյալ պաշտոնյան կարողանում է շատ վարժ խոսել սեփական գյուղի բարբառով, նեղանում են, ասում ես «աչքաբացի մեկն է»` նեղանում են… ասում ես դու ճիշտ չես` նեղանում է: Իսկ գուցե պետք էր «տրյապկա»-ից ավելի թունդ բա՞ն ասել: Չգիտեմ, հաստատ չեմ կարող ասել:



Ինչ որ է: Շուտ վերադարձեք ձեր Կանարներից: Նանարներին կարող եք թողնել այնտեղ, որովհետեւ լիքը գործ կա անելու: Իսկ ավելի կոնկրետ` գործող օրենքում հավելում կատարելու շտապ անհրաժեշտություն կա` օլիգարխների կամ օլիգարխազգիների մուտքն ընդհանուր իրավասության դատարաններ խստիվ արգելվում է: Մամուլին դատի տալ խորհուրդ չի տրվում նաեւ հայերենի իմացության նվազագույն շեմը համառորեն չհաղթահարողներին:



Նորից եմ կրկնում՝ ավելորդ բաները թողեք Կանարներում, իսկ մարդու իրավունքների պաշտպանին բերեք հետներդ: Նրան ՄԻՊ են ասում, նա էս գործից լավ է հասկանում:



Էդիկ Անդրեասյան