Սաշիկը մենակ Սերժի ախպերն ա

Սաշիկը մենակ Սերժի ախպերն ա
Օրերս Դիլիջան քաղաքի մի խումբ բնակիչներից մենք մի նամակ էինք ստացել, որտեղ նամակագիրները մեղադրանքներ են ներկայացնում քաղաքապետ Արմեն Սանթրոսյանին, գրում են, որ հաշվի չի առնում քաղաքացիների կարծիքը, «քանի որ հանդիսանում է մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հովանավորյալը»:



Ավելին՝ Դիլիջանում գրեթե բոլոր հարցերը լուծվում են քաղաքապետ Արմեն Սանթրոսյանի հովանավորյալների «լավ տղերքի» ռազբորկաների շնորհիվ: Դիլիջանի մի խումբ բնակիչներ գրել են, որ իրենք բողոք- նամակներ են ուղարկել Սերժ Սարգսյանին, սակայն «ոչ մի անգամ» դրանք տեղ չեն հասել, եւ արձագանք չի եղել:



«Մեր քաղաքապետը՝ Արմեն Սանթրոսյանը, գլուխ է գովում, որ իրեն չեն կարող կպչել, քանի որ Սերժի ախպերն իր ախպերն ա, իրա քիփն ա, Կարենին՝ Երեւանի քաղաքապետին, վարչապետին, նախարարներին եւ շատ-շատ բարձրակարգ պաշտոնյաների ինքը «կապել ա» հողերով, դաչաներով, որ իր մեջքը պինդ ա»,-գրել են դիլիջանցի նամակագիրները:



«Սրանք ահուսարսափով են պահում Դիլիջանի ջահել տղերքին, ծեծում, վախեցնում ... Մի զանգով հարցեր են կարգավորում, ինչպես նախորդ ընտրություններում...»,-ներկայացրել են նամակում, հույս հայտնելով, որ թերթի միջոցով իրենց բողոքը կհասնի  Սերժ Սարգսյանին:



Նամակում մի շարք ապօրինություններ են վերագրել քաղաքապետ Սանթրոսյանին, որոնց իսկությունը փորձեցինք պարզել անձամբ քաղաքապետից: Վերջինս, լսելով հարցը, պատասխանեց. «Ինչ լավ ա, որ իմ մասին ըտենց մեծ կարծիք ունեն, որ ես պրոբլեմ չունեմ, սաղ իմ եղբայրներն են»:



Ապա շարունակեց. «Ուրեմն իմացեք՝ նման  բան չկա ընդհանրապես, ես ընդհանրապես... ոնց ասեցի՞ք եղբոր անունը, ընդհանրապես ծանոթ չեմ կոնկրետ Սաշիկի հետ, որ փողոցում հանդիպենք, իրար չենք էլ բարեւի, որովհետեւ ծանոթ չենք»:



Իսկ վարչապետի եւ նախարարների հետ կապված էլ ասաց, թե միայն ի պաշտոնե է ծանոթ: Դիլիջանի քաղաքապետը, որ 2005-ից այդ պաշտոնում է, տարակուսած էր, թե ով կարող է նման նամակ գրել. իր աշխատանքից կարծես դժգոհ մարդիկ Դիլիջանում չկան: Նա թվարկում էր, թե ինչքան գործ է արել քաղաքում:



Նա հերյուրանք համարեց նաեւ նամակում գրված այն տողերը, թե «եթե մեկը ընտրություններին փորձել է դնել իր թեկնածությունը կամ աչք տնկել նրա աթոռին, շատ արագ այդ մասին այլեւս չի խոսել...», եւ նշեց, որ նախորդ ընտրություններին, իրենից բացի, եւս երկու թեկնածու է եղել:



Բայց պարզվեց՝ սրանք կեսից հրաժարվել են պայքարից՝ հանելով իրենց թեկնածությունները. «Ժողովրդի հետ հանդիպելուց հետո հասկացան, որ անիմաստ է իրենց առաջադրումը»:



Ի դեպ, Սանթրոսյանը պատրաստվում է երրորդ անգամ էլ իր թեկնածությունն առաջադրել քաղաքապետի պաշտոնում: Նամակում դիլիջանցիները գրել էին, որ նա քարի եւ եվրոպատուհանի «ցեխեր» ունի, որ ընկերոջ՝ Զիբիլ Գագոյի, Դիլիջանում գտնվող հյուրանոցներից մեկի «փայատերն է»: Անգամ նրա անձնական կյանքի մեջ էին թափանցել:



Նշել էին, որ չնչին գումարով գնվում կամ արենդայով են տալիս քաղաքի լավագույն շենքերն ու հողակտորները, որոնք հետագայում կամ թանկ վաճառում, կամ էլ նվիրաբերում են: «Ինչպես քաղաքապետն է ասում, իր անունից թղթեր չկան: …Սաղ ըլնեն բարեկամներն ու ընկերները»,-գրված է նամակում:



Քաղաքապետը սա էլ ժխտեց, նշելով, որ ինքը «շատ շուտվանից» Ռուսաստանում բիզնես ունի, «երկաթգծի սպասարկող սարքավորումներ է արտադրում», եւ իրեն այստեղի բիզնեսները չեն հետաքրքրում: Միայն նամակում բերված մի փաստը հաստատեց, որ իր կինը Դիլիջանի պոլիկլինիկայում աչքի բժիշկ է նշանակվել:



Դա էլ իր բացատրությունն ունի՝ կինը դեռ 80-ականներին 4-5 տարի սովորել է Երեւանի բժշկական համալսարանում: Հետո էլ մի քանի տարի վերապատրաստվել բժիշկների վերապատրաստման ինստիտուտում: