«Հրապարակի» հարցաթերթիկը

«Հրապարակի» հարցաթերթիկը
Մենք որոշել ենք մեր սեփական սոցիոլոգիական հարցումներն անել: Անշուշտ, լուրջ սոցիոլոգիական գործիքներից չենք օգտվելու, եւ անճշտությունների չափն էլ մեծ կլինի, բայց հուսով ենք, որ եթե մեր հարցումները պարբերական դարձնենք, ընդգրկենք հասարակության տարբեր խավերին եւ առավելագույն ազնիվ լինենք, հնարավոր կլինի պարզել, թե ինչ է մտածում մեր հասարակությունը:



Հարցը, որ ուղղելու ենք մեր քաղաքացիներին, միշտ նույնն է լինելու. «Եթե այսօր Ազգային ժողովի ընտրություններ լինեին, ո՞ր կուսակցությանը կտայիք ձեր ձայնը»:



Գուցե մտնում ենք տարբեր «գռդոնչիների» դաշտը եւ նրանց «հացն ենք խլում», բայց չենք ուզում, որ սոցիոլոգիան դառնա ոմանց խոպանը, իսկ հանրությանը կերակրեն կեղծ հարցում-արդյունքներով: Կարճ ասած՝ մենք մեզ ավելի ենք վստահում, քան տարբեր ադիբեկյանների:



Եվ այսպես՝ մեր առաջին հարցումին մասնակից ենք դարձրել Երեւանի փողոցներում, այգիներում հանդիպող պատահական անձանց: Պատասխանողները տարբեր տարիքի եւ սեռի մարդիկ էին՝ այգիներում հանգստացողներ, փողոցով քայլողներ, սրճարանի մատուցողուհի, սուրճ ու գարեջուր խմողներ, վաճառողներ, նաեւ փողկապավոր ու գործնական պայուսակը ձեռքներին ինչ-որ տեղ շտապողներ:



Անկեղծ ու անաչառ պատասխան ստանալու համար հարցվողներին վստահեցնում էինք, որ իրենց անուն-ազգանունը հայտնելը պարտադիր չէ, նրանց անձը չի բացահայտվելու, որ չխուսափեն պատասխանելուց: Այդուհանդերձ եղան մարդիկ, որոնք առանց հարցը լսելու հեռանում էին, կամ լսելով՝ «ներողություն» խնդրում, որ չեն պատասխանի:



Հարցը տվել ենք 34 հոգու, 13-ը կյանքից ու աշխարհից հիասթափված ասացին՝ ոչ մեկին: 5 հոգի էլ ուսերը թոթվելով ու գլուխը տարուբերելով ասացին՝ «չեմ որոշել»:



4 մարդ կընտրի «Ժառանգությանը», որից երեք կին միասին էին, եւ երկուսը մատնացույց արեցին երրորդին՝ թող ինքն ասի: Երբ «ինքն» իր ձայնը նվիրաբերեց «Ժառանգությանը», մյուս երկուսը «համերաշխություն» հայտնեցին՝ մենք էլ նույնը:



4 հոգի էլ ասաց՝ «Բարգավաճ», որից երկուսը ամուսիններ էին, եւ տղամարդու ընտրությունը դարձավ նաեւ կնոջ ընտրությունը: Դաշնակցությունը 2 ձայն ստացավ: Երկուսն էլ անտարբեր նետեցին. «Ես չգիտեմ, թե դրանցից ով ով է»:



Մի աղջիկ էլ պատասխանեց. «Կոնկրետ չգիտեմ, բայց հաստատ ոչ Հանրապետականին»: Եվ միայն մի երիտասարդ ընտրեց Հանրապետականին: Մի տղամարդ էլ իր ձայնը տվեց ընդդիմությանը, ճշտեցի՝ նկատի ունեք ՀԱԿ-ի՞ն, պատասխանեց. «Ոչ, ընդդիմությանը: Ընդդիմությունը միայն ՀԱԿ-ը չի»: Իսկ մեկ հոգի էլ Արմենականներին էր տեսնում Ազգային ժողովում:



Հաջորդ շաբաթ նույն օրը մենք կրկին փողոց դուրս կգանք, գուցե այցելենք որոշակի հաստատություններ՝ ոլորտ առ ոլորտ մարդկանց տեսակետը ներկայացնելու: Ընթերցողին խնդրում ենք նույնպես արտահայտվել՝ զանգել մեզ, գրել, խոսել ընտրությունների թեմայով:



Ֆելիքս Եղիազարյան