Երկու եղբայր ենք, երկուսս էլ մի խելքի

Երկու եղբայր ենք, երկուսս էլ մի խելքի
Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի՝ Վրաստան կատարած այցն ավարտվեց, ինչը, որպես այդպիսին, ոչ մի հետեւանք եւ արդյունք չունեցավ, բացառությամբ ջավախահայերի վրդովմունքը բորբոքելուց: Նույնիսկ չստորագրվեց նախատեսված համաձայնագիրը, որով պետք է լուծվեր հայկական եկեղեցուն իրավաբանական կարգավիճակ տալու հարցը:



Երկու հոգեւոր առաջնորդները վերջնական համաձայնության չեկան՝ ընդամենը խոստանալով քննարկումները շարունակել հետագայում: Նախատեսվում էր նաեւ այս հարցերի լուծման համար երկկողմ միջեկեղեցական հանձնաժողով ստեղծել, սակայն դա էլ, կարծես թե, ամփոփագիր ստորագրելու բախտին արժանացավ:



Ի վերջո ստացվեց այնպես, որ այս այցելությունից հետո կաթողիկոսը պարզապես իր գործունեությունից դժգոհողների բանակն ավելացրեց: Իսկ Գարեգին Բ-ի կաթողիկոսական գործունեությունից դժգոհում են եւ Հայաստանում, եւ հատկապես Սփյուռքում՝ նշելով, որ նա, աշխարհով մեկ սփռված հայ համայնքը միավորելու փոխարեն, պառակտում է այն: Դրա վկայությունն են Ֆրանսիայի Նիցցա քաղաքի հայ համայնքում կատարվածը, Շվեյցարիայի Ժնեւի համայնքի դեպքերը, Բուլղարիայի Վառնա քաղաքի հոգեւոր հովվի պահվածքը:



Մենք շարունակում ենք նամակներ ստանալ Սփյուռքից, որտեղ քննադատում են կաթողիկոսի գործունեությունը: Օրերս ամերիկահայ «Մեսրոպյան ուխտ» լեզվապահպան միության անդամ Նշան Որբերյանը բաց նամակ էր ուղղել կաթողիկոսին, որտեղ համայնքի անունից իր վրդովմունքն էր հայտնել մի շարք հարցերի, ինչպես նաեւ Կաթողիկե եկեղեցու տարածքում կաթողիկոսական նստավայր կառուցելու հարցի վերաբերյալ.



«Երեւանի Աբովյան փողոցում մեծ բարերար Մանթաշովի կառուցած շենքն այսօր ժողովրդին ծառայող արվեստի կենտրոն է: Արամյանի կառուցած հիվանդանոցը նույնպես հասարակության համար էր: Նուպար փաշան իր կնոջ անունով ոչ թե եկեղեցի կառուցեց, այլ ժողովրդի խիստ կարիքները հոգացող «Մարի Նուպար» ակնաբուժարանը: Եթե Ձեր հայրապետական հորդորով պարոն Հովնանյանը Սուրբ Աննա եկեղեցու փոխարեն կառուցեր մի շենք Ղարաբաղի փախստականների կամ աղետի գոտու համար, ապա կարիքավոր ժողովրդի սրտաբուխ օրհնությունները տիկին Աննային ավելի ընդունելի կլինեին, քան կիսադատարկ եկեղեցում հնչող աղոթքները: ...Ամենայն հայոց կաթողիկոսը սրբություն է մեզ համար, եւ ցանկալի չէ անվանարկել այդ սրբությունը»,-ասվում է բաց նամակում:



Նամակագիրը շարունակում է թվարկել «սրբության» մյուս քայլերը, որոնք ստվեր են նետում նրա սքեմի վրա: Մեր փոստի մյուս նամակը Մոսկվայից է, որտեղ նկարագրվում են օրերս մամուլում լայնորեն լուսաբանված Հայ առաքելական եկեղեցու ռուսաստանյան թեմի կազմում գործող «Հայասա» պարային համույթի խնդիրները:



Արդեն գրվել է, որ Ռուսաստանի մեծահարուստ հայերը ջանք չեն խնայում «Հայասային» օժանդակելու հարցում, եւ այն վայելում է ռուսաստանաբնակ հայերի համակրանքն ու սերը:



Համույթին օժանդակողների թվում են գործարարներ Ռուբեն Վարդանյանը, Սամվել Կարապետյանը, Լեւոն Հայրապետյանը եւ այլոք: Այդ նվիրատվություններին գումարվում են նաեւ տոմսերի վաճառքից ստացվող բավականին լուրջ գումարները, սակայն համույթի մասնակիցներն իրենց կատարած աշխատանքի դիմաց ոչ մի անգամ դեռեւս չեն վարձատրվել:



Այդ իրադարձությունների մասին հայ մամուլին տեղեկացրած մի մոսկվայաբնակ հայի՝ Արսեն Մարգարյանի հավաստմամբ, գումարները յուրացվում են Հայ առաքելական եկեղեցու ռուսաստանյան թեմի առաջնորդ Եզրաս սրբազանի կողմից, ով Գարեգին Բ-ի հարազատ եղբայրն է:



Այս տեղեկությունը հայկական ԶԼՄ-ների կողմից հրապարակելու հենց հաջորդ օրը, Արսեն Մարգարյանի հավաստմամբ, Եզրաս արքեպիսկոպոսի կարգադրությամբ նրա ենթակաները կանչել են անսամբլի անդամներին եւ աղջիկների հետ բացատրական աշխատանք անցկացրել 1937թ. բնորոշ տոնով, որպեսզի պարզեն, թե ով է անսամբլի փողերի` կաթողիկոսի եղբոր եւ նրա մտերիմների կողմից գրպանելու մասին տեղեկատվությունը հայտնել մամուլին:



«Պարզվում է՝ եկեղեցին, իր առաքելությունը թողած, զբաղվում է ոչ միայն բիզնեսով, առեւտրով, փողերի յուրացմամբ, այլեւ ԽՍՀՄ ԿԳԲ-ի «լավագույն ավանդույթները» վերակենդանացնելով»,- կարծիք է հայտնել մոսկվաբնակ հայը:



Որոշ տեղեկություններով՝ եղբոր «քաջագործությունների» մասին տեղյակ է նաեւ Գարեգին Բ-ն, սակայն, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Գարեգին Բ-ն էլ իր գործունեությամբ եւ պահվածքով չի տարբերվում եղբորից, դժվար թե արգելք հանդիսանա նրա քայլերին: