Էլիտար հայերը` «Երեւան» հյուրանոցի տանիքում

Էլիտար հայերը` «Երեւան» հյուրանոցի տանիքում
«Էլիտա» բառը վերջին տարիներին հիմնավոր մտել է հայ իրականության մեջ: Էլիտան բնակչության ապահովված շերտն է, ասենք` մարդիկ, որոնք հագնվում են աշխարհահռչակ «Burberry» խանութի երեւանյան բռենչից, սրճում են «Կայլ»-ում, ընթրում են «Շառլ»-ում եւ, իհարկե, կարդում են «Էլ style» ու «Էլիտ life» ամսագրերը:



Միգուցե մեզ պես հասարակ մահկանացուներից շատերին այս ֆեշենեբելնի անունները ոչինչ չեն էլ ասում, քանի որ մենք չենք կարող գնել 1000 դոլարանոց թաշկինակ «Burberry»-ից կամ պատրաստ չենք ընթրիքի համար վճարել միջին աշխատավարձին համարժեք գումար: Այնուամենայնիվ, այդպիսի մարդիկ կան ու քիչ չեն:



Երեւանում կա Խախամյան Ավետիս անունով մի հետաքրքիր երիտասարդ: Նա մոտ 8 տարի առաջ հիմնադրեց այն ժամանակ դեռ «Էլիտար կյանք» կոչվող Հայաստանի առաջին սնդուսափայլ (շատ ծիծաղելի բառ է) ամսագիրը, որը ժամանակի ընթացքում վերանվանվեց «Էլ style»-ի:



Այնուհետեւ սկսեց տպագրվել նաեւ «Էլիտ life»-ը: Առաջին երկու տարիներին Խախամյանն անձամբ խմբագրում էր ամսագիրը, այնուհետեւ դարձավ «Էլիտ life» ընկերության նախագահը: Շատ խմբագիրներ փոխվեցին, մինչեւ Խախամյանի ամուսնանալը:



Հիմա խմբագիրն է նրա գեղեցկուհի կինը` Մայա Պողոսյանը: Չնայած նրան, որ տարիների ընթացքում շուկան մեծացավ, բայց այժմ այս երկու ամսագրերը Հայաստանում ամենապոպուլյարն են եւ, կարծում եմ, ամենալավ վաճառվողը:



Բացի ամսագրից, «Էլիտ life» ընկերությունը կազմակերպում է նաեւ «Elite life Fair» անվանումով, ցիտում եմ՝ «շքեղության եւ նրբաճաշակության ցուցահանդես»: Կարճ ասած՝ Խախամյանը մեկ հարկի տակ է հավաքում Հայաստանի ամենաթանկարժեք իրերը, ամենաթանկարժեք սպասարկում մատուցող կազմակերպությունները եւ հրավիրում մեր ողջ «բարձրաշխարհիկ» հասարակությանը:



Միջոցառման հրավիրատոմսերը դարձնելով դժվարհասանելի եւ շատ ցանկալի՝ Խախամյանը, որոշելով, թե ով է համապատասխանում բարձրաշխարհիկ տիտղոսին, հետզհետե սկսեց անձամբ ձեւավորել մեր երկրի «էլիտա»-ն:  «Elite life Fair»-երի շարքին հաջորդեց  «30 ամենացանկալի հայերը» միջոցառումը, որը մեծ աղմուկ էր բարձրացրել երկրում՝ մասնակիցների համարձակության եւ կիսամերկ ֆոտոների պատճառով:



Այժմ Խախամյանը մեր էլիտայի համար ձեռնարկել է նոր պրոյեկտ: «Golden Tulip Yerevan» հյուրանոցի տանիքում` լողավազանի հարեւանությամբ, բացվել է «Էլ Sky» բացօթյա պրիվատ-բարը: Ողջ ամառ՝ ամեն ուրբաթ եւ շաբաթ գիշերները, այնտեղ կազմակերպվելու են թեմատիկ միջոցառումներ:



Կազմակերպիչները հյուրանոցի տանիքը ձեւափոխել են` զարդարել լուսավոր սեղաններով, բազմաթիվ սպիտակ վարագույրներով եւ հետաքրքիր ինտերիերով:  300 էլիտար երեւանցիների բաժանվել են անդամատոմսեր: Անցանկալի հյուրերին ներս չեն թողնում: Քարտ կարելի է ձեռք բերել միայն այն դեպքում, եթե անդամներից առնվազն երկուսը բարեխոսեն նոր էլիտար հաճախորդի համար:



Անդամաքարտերով փակ ակումբներն ընդունված են ամբողջ աշխարհում, բայց տաքարյուն երեւանցիների համար ինչ-որ վայրում անցանկալի լինելը կարող է վատ հետեւանքներ առաջացնել:



Ստանձնելով մարդկանց որակավորելու ծանր պարտականությունը եւ չհասցնելով բոլորին ներառել իր քարտատերերի ցուցակում` Ավետիս Խախամյանն արդեն շատերին նեղացրել է:



Մարիամ Մարգարյան