Կստորագրվի՞ համաձայնագիր Ստրասբուրգում

Կստորագրվի՞ համաձայնագիր Ստրասբուրգում
Ստրասբուրգում ԵԽԽՎ ամառային նստաշրջանի մեկնարկին Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը հայտարարել էր, որ հայկական պատվիրակությունը չի մասնակցելու ԵԽԽՎ-ում ԼՂ հարցով ենթահանձնաժողովի աշխատանքներին, որոնք ծրագրված էր սկսել այս նստաշրջանում։



Ըստ լրատվամիջոցների, Դավիթ Հարությունյանը, որպես բարի կամքի դրսեւորում, հայտարարել է մորատորիում՝ չպատասխանելու ադրբեջանական պատվիրակության անդամների հայտարարություններին։ Սակայն հայկական պատվիրակության հայտարարությունը չի զսպել  ադրբեջանցիներին։



Դավիթ Հարությունյանի ելույթից  մոտ 2 րոպե անց ադրբեջանական պատվիրակության ներկայացուցիչը խոսել է փախստականների, 20 տոկոս գրավյալ տարածքների մասին։ Արդեն իսկ պարզ է, որ սա միակողմանի մորատորիում է:



ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ իրենք դեռ չգիտեն, թե որքան կտեւի հայկական պատվիրակության հայտարարած մորատորիումը, բայց արդեն իսկ պարզ է, որ ադրբեջանական պատվիրակության անդամները դրական չեն ընդունել իրենց քայլը:



Ըստ պատգամավորի, նրանք՝ ադրբեջանցիները, «նույն ոճով ու լեքսիկոնով են խոսում եւ դեռ մեղադրում են հայկական պատվիրակությանը երկխոսության ձախողման մեջ, որը, ըստ նրանց, կարող էր տեղի ունենալ ԼՂ հարցով ենթահանձնաժողովում»:



Չնայած այս ամենին՝ ԵԽԽՎ ղեկավար Մեւլութ Չավուշօղլուն հուսով է, որ Կազանում կայանալիք Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը կավարտվի համաձայնագրի ստորագրմամբ:



«Հանդիպմանը նախագահելու է Ռուսաստանի նախագահ Մեդվեդեւը։ Ոչ ոք չի կարող ուրախ լինել, եթե համաձայնություն չստորագրվի։ Այս կոնտեքստում մենք ուրախ ենք արձանագրված առաջընթացով»,- ասել է Չավուշօղլուն։ ԵԽԽՎ թուրք ղեկավարը նաեւ հայտարարել է, որ կառույցի ղարաբաղյան ենթակոմիտեն ընդունել է բանաձեւեր, երաշխավորագրեր ու զեկույցներ։



«Խորհրդաժողովի որոշումները չեն կարող բավարարել բոլորին։ Մենք վճռական ենք, որ այդ երաշխավորագրերն ու բանաձեւերն ի կատար ածվեն»,- շեշտել է Չավուշօղլուն։ Ի դեպ, ըստ Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Գանիրա Փաշաեւայի, ԵԽԽՎ-ում ՀՀ նախագահի սպասվող ելույթի ժամանակ ադրբեջանցի պատգամավորները հարցեր կուղղեն Սերժ Սարգսյանին:



Բացի այդ, ադրբեջանցի պատգամավորը նշել է, որ Բաքուն Եվրոպայի խորհրդից պահանջելու է, որ Հայաստանի հանդեպ պատժամիջոցներ կիրառվեն: Իսկ ԵԽԽՎ այս նստաշրջանի քննարկման առանցքային թեման է լինելու Թունիսում տիրող իրավիճակը, ինչպես նաեւ ԵԽ աշխատանքների հետ կապված մի շարք այլ հարցեր: