Կեղտոտ սպիտակեղենի ու խոնավության հետեւից եք ընկել

Կեղտոտ սպիտակեղենի ու խոնավության հետեւից եք ընկել
ՀՀ ոստիկանության ձերբակալված անձանց պահելու (ՁՊՎ) վայրերում (ժողովրդական լեզվով՝ կապեզե) վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խումբը երեկ հրապարակեց իր 2010թ. տարեկան զեկույցը: Դիտորդական խումբը, որի ղեկավարը Սուրեն Իսկանդարյանն է, ստեղծվել է 2006թ. եւ լիազորված է անարգել մուտք գործել ցանկացած ՁՊՎ։



Դիտորդները, որպես թերություն, շեշտադրել էին ՁՊՎ-ների լուսավորության, սանիտարահիգիենիկ պայմանների, սննդի, բուժսպասարկման, արտաքին աշխարհի հետ կապի, զբոսանքի եւ մի շարք այլ հարցեր:



Կարեւորելով ՁՊՎ-ներում  բուժսպասարկումը՝ դիտորդական խմբի անդամները նշեցին, որ, բացի Երեւանի վարչության Երեւանի ՁՊՎ-ից, մյուս բոլոր ՁՊՎ-ներում բժշկի հաստիքը բացակայում է, եւ անհրաժեշտության դեպքում առաջին բուժօգնությունն իրականացնում է օրվա հերթապահ ոստիկանը:



ՁՊՎ-ներում կանոնակարգված չէ նաեւ դեղորայքի նկատմամբ վերահսկողությունը, եւ հաճախ նշված հաստատություններում հանդիպում է ժամկետանց եւ անորակ դեղորայք: Պարզվել է, որ շատ լուրջ խնդիր է կեղտոտ սպիտակեղենի առկայությունը:



«ՁՊՎ-ներում օգտագործվող սպիտակեղենի մոտ 80 տոկոսն առանց լվանալու օգտագործվում է մի քանի ձերբակալված եւ կալանավորված անձանց կողմից, որն իր հերթին բերում է որոշ վարակների կամ տարբեր հիվանդությունների տարածմանը»,- նշեց դիտորդական խմբի անդամ Անի Ներսիսյանը:



Կարեւոր է նաեւ ձերբակալվածներին կերակրելու հարցը: Նախատեսված 3-անգամյա սննդի փոխարեն նրանց կերակրում են ընդամենը մեկ անգամ: Դիտորդական խմբի ներկայացուցիչներն առանձնացրին կանանց եւ անչափահասների հետ կապված խնդիրները: Մասնավորապես՝ ՁՊՎ-ներում անչափահասները շատ հաճախ անմարդկային վերաբերմունքի զոհ են դառնում:



Իսկ կանանց դեպքում առկա է մեկ այլ խնդիր. ՁՊՎ-ներում չկան կին հսկիչ ոստիկաններ, որոնց ներկայությունը կին ձերբակալվածների պարագայում կարեւոր է: Կանանց եւ երեխաների պարագայում կարեւոր է նաեւ տաք ջրի ապահովումը, ինչը ոչ մի ՁՊՎ-ում չկա:



Հանդիպմանը ներկա էին նաեւ մի շարք բարձրաստիճան ոստիկաններ, որոնք այնպես անթերի նկարագրեցին համակարգը, որ տպավորություն ստեղծվեց, թե դիտորդական խմբի ամբողջ աշխատանքը երեւակայության ժանրից է:



«Ոստիկանները բավականին մեծ աշխատանքներ են տարել թերությունները նվազագույնի հասցնելու ուղղությամբ։ …Մարդու իրավունքների խախտման դեպքեր ՁՊՎ-ներում գրեթե չեն եղել»,- ի պատասխան դիտորդական խմբի ներկայացուցիչների մատնանշած թերությունների՝ նշեց ՀՀ ոստիկանության հասարակական կարգի ապահովման վարչության պետ Աղասի Կիրակոսյանը:



Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն էլ, անդրադառնալով մարդու իրավունքների խախտման դեպքերին, նկատեց, որ ոստիկանական բաժանմունքներում դեռեւս շարունակվում են ձերբակալվածների նկատմամբ բռնություններ կիրառվել:



«Այն փաստը, որ միայն Երեւանի ՁՊՎ-ում 156 ձերբակալվածներից 6-ի վրա հայտնաբերվել են մարմնական վնասվածքների հետքեր, արդեն իսկ մտահոգիչ է»,- նկատեց Սաքունցը: Մինչդեռ Կիրակոսյանը, առանձին-առանձին անդրադառնալով բարձրացված խնդիրներին, հերթականությամբ հերքեց բոլոր թերությունները՝ նշելով, որ իրականում կարող են լինել ինչ-ինչ խնդիրներ, բայց պետք չէ այդքան մռայլ ներկայացնել ամեն ինչ:



Ոստիկանության քննչական գլխավոր վարչության ներկայացուցիչ Թաթուլ Պետրոսյանն էլ շատ յուրօրինակ որակում տվեց դիտորդական խմբի աշխատանքին՝ նշելով, որ հավանաբար  խմբի կին ներկայացուցիչների դոմինանտությունն է պատճառը, որ նրանք նկատել են այնպիսի խնդիրներ, ինչպիսին են կեղտոտ սպիտակեղենը, վատ լուսավորությունը.



«Դիտորդական խմբի ներկայացուցիչների մեծ մասն աղջիկներ են, եւ դրա մեջ երեւի տրամաբանություն կա, որ ավելի բծախնդիր եւ ավելի զգայուն են եղել ձերբակալված անձանց վիճակի, կենցաղային պայմանների հետ կապված հարցերն ուսումնասիրելիս, որ, ասենք, սպիտակեղենը լավ չի լվացվում, կամ որ ՁՊՎ-ները խոնավ են եւ այլն»:



Մեկ այլ ոստիկան էլ, անդրադառնալով կանանց եւ երեխաներին ՁՊՎ-ներում տաք ջրով ապահովելուն, նկատեց, որ օրենքում համապատասխան նշում չկա, ինչին հակադարձելով՝ Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը նշեց, որ ճիշտ է, այդպիսի օրենք գոյություն չունի, սակայն ՄԱԿ-ի՝ բանտարկյալների պահման նվազագույն պայմանների ապահովման օրենսդրությունը սահմանում է տաք ջրի անհրաժեշտությունը: