Նա վայելում է նախագահի վստահությունը

Նա վայելում է նախագահի վստահությունը
Երեւանի պետական համալսարանում երեկ արտակարգ դրություն էր հայտարարվել: Ժամը 10-ից հետո «օդը կանգնած» էր: Համալսարան մտնելը դարձել էր լուրջ խնդիր: Ով ներսում էր՝ այդպես էլ մնաց, ով դրսում էր՝ չկարողացավ ներս մտնել: Առնվազն 4 ժամ կյանքը կանգ էր առել: Պատճառը ԵՊՀ ռեկտորի ընտրությունն էր, ավելի ճիշտ՝ Սերժ Սարգսյանի այցը, քանի որ նա ԵՊՀ խորհրդի նախագահն է, բնականաբար, պետք է ներկա գտնվեր փակ դռների հետեւում անցկացվող բաց ու թափանցիկ ընտրությանը:



Սերժ Սարգսյանի այցից դեռ մեկ ժամ առաջ ոչ մի լրագրողական փաստաթուղթ այլեւս երաշխիք չէր շենք մտնելու համար՝ հատուկ հավատարմագրում պետք է ունենայիր: Իսկ դա անհնարին է, քանի որ նախագահականի համար ոչ ցանկալի թերթերը նրանց լրատվականի կողմից, որպես կանոն, չեն հավատարմագրվում եւ նախագահի մասնակցությամբ միջոցառումները լուսաբանելու իրավունք չունեն:



Անվտանգության աշխատակիցներն անդրդվելի էին եւ ասում էին, որ միայն 12:30-ից հետո կարող ենք ներս մտնել: Մի խոսքով՝ խայտառակ աժիոտաժից հետո բոլորը ներսում հայտնվեցին, երբ նիստի ավարտին դեռ 40 րոպե կար: Սերժ Սարգսյանը հեռացավ՝ առանց բառ ասելու, իսկ Սիմոնյանը բլբուլ էր կտրել: Նա արդեն ռեկտոր էր, քանի որ անմրցակից ընտրությունում հաղթել էր:



Նշենք, որ, իրենց հավաստմամբ, ընտրությունը խաղաղ էր անցել, ընդվզող ու բոյկոտող չէր եղել: Դե ո՞վ էր առյուծի սիրտ կերել, որ Սերժ Սարգսյանի ներկայությամբ համարձակվեր սեփական կարծիքը հայտնել, թեեւ մինչ այդ որոշ երիտասարդ ԵՊՀ-ականներ «առյուծ էին կտրել», թե՝ դեմ ենք քվեարկելու: Տեղեկացանք, որ նախկինում պատերի տակ  հոխորտացողները դիֆերամբներ են ձոնել Սիմոնյանին եւ նրա կատարած աշխատանքին: ԵՊՀ խորհրդի 72 անդամներից ներկա են գտնվել 69-ը, որից 7-ը դեմ են քվեարկել, երկու ձայն անվավեր է ճանաչվել: Մեկ տարի թեժ քննարկված եւ տարատեսակ կանխատեսումների ու ինտրիգների բովով անցած մայր բուհի ռեկտորի ընտրությունն ավարտվեց միակ թեկնածուի «ջախջախիչ հաղթանակով»:



Նիստից հետո Արամ Սիմոնյանի շուրջն էին խռնվել ահել-ջահել՝ քծնանքով ձեռքը սեղմելու ու ժպտադեմ շնորհավորելու: Սիմոնյանի երկրպագուների բուռն ու սրտաբուխ մղումներն ընդհատեցինք՝ նրան մի քանի հարց  ուղղելով: Հարցրինք մինչեւ երեկ մի խումբ ուսանողների՝ լրատվամիջոցները ողողած քննադատական նամակներից: Հնարավո՞ր է, որ նրանք հենց այն յոթն էին, ովքեր դեմ քվեարկեցին իրեն. «Ուզում եմ հավատալ, որ ոչ: Ես կարծում եմ, որ անանուն նամակներին պետք չէ այդքան մեծ ուշադրություն դարձնել, մարդիկ կան, որոնք ունեն այլ մտածողություն, այլ սկզբունքներ, գտնում են, որ հարմար չի, որպեսզի Սիմոնյանը շարունակի լինել ռեկտոր: Բնականաբար, այդպիսի պայմաններում են իրենց կարծիքն արտահայտում, բայց լավ  կլիներ, որ անանուն չլիներ»,- ասաց Սիմոնյանը:



- Պարոն Սիմոնյան, տեղեկություններ կան, որ Սերժ Սարգսյանի եղբոր թեկնածությունը, ում մասին այդքան երկար խոսվում էր, նախագահական ընտրություններից առաջ աննպատակահարմար է համարվել, եւ որոշում է կայացվել, որ Դուք շարունակեք ղեկավարել՝ հետագայում  հրաժարական տալու պայմանով: Ի՞նչ կասեք այս մասին:



- Նման խոսակցությունները, ես կարծում եմ, որ կոռեկտ չեն այն պարզ պատճառով, որ, գիտեք ինչ՝ գուշակություններ անելը չեմ կարծում, որ ճիշտ ճանապարհ է, բացի այդ,  այսօրվա խորհրդի նիստը եւ քվեարկությունը ցույց տվեցին, որ ես, որպես ռեկտոր, վայելում եմ եւ նախագահի, եւ խորհրդի անդամների վստահությունը, հակառակ դեպքում ինձ չէին ընտրի: Ճիշտ ու կոռեկտ խնդիրը ձեւակերպելը սա է:



- Իսկ վստա՞հ եք, որ մինչեւ հաջորդ ընտրություններ Դուք շարունակելու եք ղեկավարել:



- Ես մի բանի վստահություն ունեմ, որ երկրի նախագահը եւ խորհրդի անդամներն ինձ վստահում են՝ որպես Երեւանի պետական համալսարանի ղեկավար, եւ այն ծրագիրը, որը ես ներկայացրել եմ, տվեց վստահություն, որ այն հավանության է արժանացել: Եվ հիմա ես պիտի ապացուցեմ, որ այդ վստահությունը, որ ինձ տրվել է, իզուր չի տրվել, դրա համար ես պատրաստ եմ բոլոր իմ ջանքերն ու միջոցները, որոնք ինձ հասու են եւ օրենքի սահմաններում են, կիրառել, որպեսզի  Երեւանի պետական համալսարանը զարգանա ճիշտ ուղիով: Ռեկտորի պաշտոնը դրա համար է, ես էլ պատրաստ եմ դա իրականացնել:



- Եթե այդքան մեծ է Ձեր հանդեպ վստահությունը, ի՞նչ կասեք, եթե այլ թեկնածու էլ լիներ: Դուք որպես վստահության քվե կստանայի՞ք այնքան ձայն, որքան այսօր:



- Ես չեմ կարող ասել, երեւի թե՝ չէ, ձայները կկիսվեին, դժվարանում եմ գուշակել, ես ընդհանրապես պատասխանատու եմ միայն իմ անձի եւ գործի համար: Ես պատմաբան եմ եւ լավ գիտեմ, որ պատմության մեջ անընդունելի են «եթե»-ները: