Ողբամ զքեզ, հա՛յ աշակերտ

Ողբամ զքեզ, հա՛յ աշակերտ
Արձագանք «Նոր աղետ դպրոցի  գլխին» հոդվածին



«Հրապարակ» թերթում սրտի ցավով կարդացի հարգարժան  գործընկերոջս` ճանաչված վաստակավոր մանկավարժ Բ. Ստեփանյանի «Նոր աղետ դպրոցի գլխին» հոդվածն  ու հասկացա, զգացի, ապրեցի դպրոցին  մոտ կանգնած, նրա ապագայով անհանգստացող մանկավարժի տագնապը եւ հոգու խռովքը: Կարդացի, ու սիրտս ցավեց, ալեկոծվեց հոգիս… Ի՞նչ է դպրոցը՝  փորձաքա՞ր է, իսկ աշակերտը` թիրա՞խ, դասագիրք  գրողներն էլ` դիպուկ նշանառունե՞ր, եւ ով փորձառու   նշանառու է, նրա հեղինակած դասագիրքն էլ «հաղթում է» մրցույթում:



Երկար տարիներ դպրոցում դասավանդում եմ  5-11-րդ դասարաններում, ծանոթ  եմ գրեթե բոլոր դասագրքերին. եղել են եւ հաջողված, եւ անհաջող ձեռնարկներ: Մանկավարժական տարբեր մեթոդներով եւ մոտեցումներով եմ վարել դասերս՝ հարթել, դյուրամարս դարձրել մատուցվող  նյութի բարդությունները:



Երկուստեք (ուսուցիչ-աշակերտ) սիրով աշխատեցինք անվանի  լեզվաբան Դ. Գյուրջինյանի «Մայրենի 5» եւ «Մայրենի 6» դասագրքերով: Ես այդ գրքերի մասին ժամանակին հոդվածով հանդես եմ եկել եւ իմ դրվատանքի խոսքն ուղղել հեղինակին: Համակցված ուսուցման համար նախատեսված այդ  ձեռնարկները բավարարում են դասագրքին ներկայացվող բոլոր պահանջները` բովանդակային, գիտական, հոգեբանական, տարիքային եւ բազում այլ նկատառումներով: Այդպիսին պիտի լինի դասագիրքը. այն պիտի խոսի աշակերտի սրտի  հետ, դառնա նրա  զրուցակիցն ու լավագույն ուղեցույց-բարեկամը, խորհրդատուն: Դասագիրքը պիտի նոր  որակներ դաստիարակի եւ բարեկրթի մատաղ սերնդին:



Ու երբ ուստարվա ավարտին պահանջես աշակերտից կարծիք  գրել դասագրքերի վերաբերյալ, նրանք մեծ ոգեւորությամբ գտնեն, որ իրենց ոչ միայն այս կամ այն թեման է դուր եկել, այլեւ ողջ դասագիրքը: Սրտի դողով կարդալով դպրոցին սպասվող նոր աղետի մասին` որոշեցի «ktak.am»-ում զետեղված էջերով  ծանոթանալ տիկին Մեյթիխանյանի՝ մրցութային  հանձնաժողովում «հաղթած» ու անցած, դպրոց մտնելու  իրավունք նվաճած (ահով եմ գրում այս  տողերը) դասագրքի   բովանդակությանը…



Ծանոթացա ու խորապես համոզվեցի, որ  այն իսկապես վերադարձ է դեպի հինը եւ չի կարող բավարարել  նորօրյա պահանջները, քանի որ լավ դասագիրքը կենսունակ է միայն այն դեպքում, երբ նա իր բովանդակությամբ եւ ոգով ուղղված է ապագային: «Հաղթած» դասագրքերը չունեն  կառուցվածքային եւ բովանդակային այն ճշգրտությունը, որ աշակերտը չունենա  օգնականի  կամ խրթին մտքերը վերծանողի կարիք:



Դասագրքով երեխան պիտի աշխատի սիրով, չձանձրանալով, մինչդեռ նման խճճված մտածողությամբ, հոգնատանջ հարցումներով ու ավելորդ առաջադրանքներով (որն ի դեպ՝ հատուկ է տիկին Մեյթիխանյանին), բազմաթիվ վրիպակներով հագեցած այդ ձեռնարկներն իրոք կարող են աղետաբեր լինել ուսուցչի, աշակերտի գլխին: Մի լավ ասացվածք կա՝ տեղին է հիմա հիշելը, հատկապես Մեյթիխանյանին դուր կգա. «Ջանդ յուղի՛ր, ա՛յ ուսուցիչ», որ կարողանաս դժվարամարս մտքերը դյուրին ու հասկանալի հասցնել աշակերտին: Այսպիսի գրքի փոխարեն ավելի լավ է մնային հին դասագրքերը. չէ՞ որ «փորձած թանն ավելի լավ է անփորձ մածունից»:



Ասում են` գրքերն էլ ունեն իրենց ճակատագրերը: Համոզված եմ` այս դասագրքերը դպրոց մտնելով անգամ կարժանանան տխրահռչակ ճակատագրի:



Իսկ մինչ այդ գուցե ուշ չէ՞, գուցե դեռ կարո՞ղ ենք փրկել դպրոցն աղետից, փրկել ուսուցչին էլ, աշակերտին էլ:



ՀԳ - Գյուրջինյանի հոդվածները, ինչպես նաեւ Բ. Ստեփանյանի հոդվածը սույն հոդվածի հետ քննարկվել եւ հավանության են արժանացել դպրոցի հայոց լեզվի եւ գրականության առարկայական հանձնաժողովի անդամների կողմից` Ժ. Գրիգորյան, Մ. Ավետիքյան, Է. Սարգսյան եւ այլք:



Ջ.Հայրապետյան, թիվ 129 դպրոց