ԵՊՀ ուսխորհրդում «մանթրաշային» տրամադրություն է

ԵՊՀ ուսխորհրդում «մանթրաշային» տրամադրություն է
Երեւանի պետական համալսարանը, hաջողության դեպքում, 5 տարի կղեկավարի Արամ Սիմոնյանը: Սա, ըստ մայր բուհում աշխատողների, վատ ճակատագիր կունենա համալսարանի համար: Մեր զրուցակիցների պատմելով, համալսարանում ստեղծված իրավիճակը մեկ տարի էլ չի ձգվի: «Կոռուպցիոն երեւույթները մեծ չափերի են հասնում, բարոյահոգեբանական լարված մթնոլորտ է: Ոնց կլինի, որ մեկ դրույքով աշխատող դասախոսը պիտի ժամը 9-5-ը լինի ամբիոնում, բայց գալիս, դասախոսությունը կարդում ու թռնում է»,- ասում են զրուցակիցներս:



Վերջիններս համոզված էին, որ Ա. Սիմոնյանը չի ընտրվելու ԵՊՀ ռեկտոր, նոր մարդ կգա, ու ամեն ինչ տեղը կընկնի: Համալսարանի ճակատագրով հուզված դասախոսների հույսը նաեւ ուսխորհուրդն էր:



Հիշեցնենք, որ մայր բուհի ուսանողները բազմիցս հայտարարել էին, որ դեմ են Սիմոնյանի վարած քաղաքականությանը, իսկ ընտրությունների նախօրեին էլ կտրուկ հայտարարություններ էին անում եւ բաց նամակով դիմել էին ՀՀ եւ ԵՊՀ խորհրդի նախագահ Ս. Սարգսյանին, խնդրելով, որ «փրկի համալսարանը»: Ոչ ոք չէր կասկածում, որ խորհրդի 72 անդամից 18-ը, որոնք ուսանողներ են, դեմ կքվեարկեն Ա. Սիմոնյանին: Դասախոսներից ոմանք էլ այդ դեպքում դեմ կքվեարկեին, ու հնարավոր է, որ միակ թեկնածուն չանցներ:



Սակայն Ա. Սիմոնյանին միայն 6 հոգի դեմ քվեարկեցին, ինչը տարակուսանքի տեղիք է տվել համալսարանում: ԵՊՀ ուսխորհրդի նախագահ Ցոլակ Ակոպյանը հայտարարեց, որ մասնակից 17 ուսանողները միաձայն քվեարկել են Ա. Սիմոնյանի օգտին: Ինչ է կատարվել վերջին օրերին, եւ ինչպես է Արամ Սիմոնյանին հաջողվել այդպես կտրուկ թեքել իրավիճակը:



Համալսարանականներն ասում են, որ վիճակը փոխվեց այն ժամանակ, երբ ընտրություններից մեկ օր առաջ համալսարան եկավ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար, ԵՊՀ նախկին պրոռեկտոր եւ խորհրդի անդամ Արսեն Քարամյանը: Նա, որ վերջին տարիներին Ա. Սիմոնյանին ընդդիմությունն է եւ, ասում են, հեռահար ծրագրեր ունի նրա աթոռին նստելու, հանդիպել է դեկանների, ուսխորհրդի անդամների հետ: Իսկ ուսխորհուրդը համակարգում է նախկին պրոռեկտորը: Այդ հանդիպման ժամանակ, ասում են,  Ա. Քարամյանը ՀՀ նախագահի անունից «գարանտ» է կանգնել եւ հորդորել, որ ուսանողները քվեարկեն Սիմոնյանի օգտին:



«Արսենն ինչ ասել է նախագահի անունից՝ խոստումները պահել է, ու այս անգամ էլ մենք հավատացինք»,- ընտրությունից հետո  արդարացան ուսանողները: «Եթե նախագահն ասի՝ քվեարկեք կուկուրուզի թփին՝ պիտի անենք»,- հայտարարել էր փոխնախարարը՝ ավելացնելով, որ փոփոխություններն ակնառու են լինելու: Համալսարանի դասախոսական կազմը խորապես հիասթափված է ուսանողներից, որոնք այսքան կառավարելի են եւ այսքան հեշտությամբ զիջում են իրենց դիրքերը:



Վերջիններս էլ իրենց հերթին «մանթրաշային» վիճակում են. այս էլ որերորդ անգամ հայտարարում են, մեծ-մեծ խոսում, թե դիմադրելու են, բայց հետո հրաժարվում են նախապես կայացրած որոշումներից: «Դե նախագահն ա ասել, հետո՝ Սիմոնյանն էնքան էլ վատը չի, նրա շրջապատը չի լավը՝ կիսագրագետ, կրիմինալ մարդիկ են, կարող ա  փոփոխություններ անի»,- հիմա էլ իրենց հույս են տալիս ուսանողները:



Ի դեպ, ուսխորհրդի անդամները հիմա էլ խոստանում են, որ եթե մինչեւ դեկտեմբեր՝ մինչեւ ԵՊՀ խորհրդի նիստը, բարեփոխումներ չարվեն, իրենք շատ կտրուկ ու վճռական են լինելու: «Էլ ամեն ինչ բացելու ենք, բոլ եղավ, հերիք եղավ»,- մեկ անգամ եւս հայտարարեցին ուսանողները, որոնց խոսքին հավատալու համար պետք է շատ միամիտ լինել:



Անի Առաքելյան