«Մակարովի» փոխարեն խնձո՞ր բաժանենք

«Մակարովի» փոխարեն խնձո՞ր բաժանենք
Տասն օր առաջ «Գարեգին Նժդեհ» հրապարակում  ոստիկանը մահացու հրազենային վնասվածք պատճառեց ավազակային հարձակում կատարելու մեջ կասկածվող 30-ամյա Արման Ենգիբարյանին, ով, հիվանդանոցում ուշքի չգալով, մահացավ: Ասում էին՝ նա ներկայացել է որպես ջրմուղի աշխատակից եւ փորձել է ավազակային հարձակում կատարել: Ապա փախուստի էր դիմել, դիմադրություն ցույց տվել ոստիկաններին եւ զենք կիրառել, որից հետո ոստիկաններն իբր ստիպված էին եղել կասկածյալին  վնասազերծել՝ նրա որովայնին ու գլխին կրակելով:



Մինչ ոստիկանությունում պատրաստվում են խրախուսել հանցագործին վնասազերծած ոստիկանին՝ ցուցաբերած մասնագիտական հմտությունների համար, զոհվածի՝ Ա. Ենգիբարյանի ծնողները հայտարարեցին, որ իրենց որդին չի եղել կասկածյալը: Ավելին՝ նա ապրիլի 7-ին Հ2 հեռուստաալիքով ելույթ է ունեցել, «եթե նա էր հանցագործը, ինչո՞ւ նրան չեն ճանաչել»,-հարցնում են հարազատները:



Ոստիկանությունն անմիջապես «պատշաճ» պատասխանեց այս մեղադրանքներին, հաղորդագրություն տարածելով: Իսկ երեկ, կառավարության նիստից հետո, լրագրողները ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին դեպքի առնչությամբ հարցեր ուղղեցին: Վերջինս անվրդով ասաց, որ դա սովորական դեպք է եւ ամեն օր կարող է պատահել:



«Եվ ըտենց կողմնորոշվել, թե ինչի պիտի ոտքին չկպներ կամ կպներ մատի ծայրին, իմ կարծիքով՝ սա ճիշտ չէ: Ովքեր մի անգամ հրազենի հետ գործ են ունեցել, պիտի հասկանան, որ հրազեն օգտագործելը տիրում չի, որ մի տեղ էլ ստեղ-ընդեղ տեղադրած լինի, այն էլ այն պահին, երբ դիմացինը կրակ է արձակում քեզ վրա: Եվ այդ պահին կողմնորոշվել, խփել մարմնի, մատների ծայրին՝ ոչ մեկը դրանից պաշտպանված չի եւ չի կարող ոստիկանից պահանջի»,- ենթակային արդարացրեց ոստիկանապետը:  Ապա հավելեց. «Իմ կարծի՞քն եք ուզում իմանալ՝ որպես ոստիկանապետ. ես կարծում եմ, որ ամեն ինչ արվել է օրինաչափ, նրա արարքի մեջ որեւէ խախտում չկա»:



Մեր հարցին, թե արդյոք ոստիկանի արարքը չի՞ վկայում նրա ոչ պրոֆեսիոնալ լինելու մասին՝ վերջին հաշվով մարդ է սպանվել. «Մեր զենքերը, որ մեզ հատկացված են, մարտական զենքեր են, «Մակարով» տեսակի ատրճանակներ, իսկ ո՞վ է ասել, որ «Մակարովից» հետո խնձոր էին բաժանել: Կրակոցից հետո, պարզ է՝ մարդ էլ կմահանա, մեկը կվիրավորվի»: Այսինքն նորմա՞լ է համարում նման կարգի վնասազերծումը,- հարցրինք մենք:



«Նորմալ եմ համարում այնքանով, քանի որ աշխատանքում ամեն ինչ կարող է լինի: Եթե օրենքով նախատեսված կետեր կան, թե որ դեպքերում ոստիկանն իրավունք ունի հրազեն օգտագործի, եթե օրենքով նախատեսված է, եւ նա իր կյանքը, հասարակության անվտանգությունը պաշտպանելու համար դիմում է հրազենի օգտագործման: Դուք ի՞նչ էիք սպասում՝ միայն օդ կրակի, իսկ կրակելու դեպքում ո՞վ է նախատեսել, որ անպայման պիտի կպնի ոտքի ձախ մատին»: Հետաքրքրվեցինք, թե պարգեւատրե՞լ են ծառայողական պարտականությունը «բարձր» մակարդակով կատարած ոստիկանին. «Առայժմ չեմ պատրաստվում մեծարել, պարգեւատրել ոստիկանին, քանի դեռ նախաքննությունն ամբողջական չի ավարտվել: Ես տակտը կպահեմ, կսպասեմ, բոլոր եզրակացություններին կծանոթանամ, ըստ այդմ ոստիկանին կխրախուսեմ, եթե բոլոր ծառայությունները գտնում են, որ նա օրինաչափ է գործել: Ես առայժմ չեմ շտապում»:



Ինչ վերաբերում է մահացածին. «Ժողովուրդ, շատ ուրիշ կերպ եմ վերաբերվում նրա ծնողներին, ինչու չէ՝ ցավում եմ, երիտասարդ տղա է, կյանքից հեռացել է, էդ ամեն ինչը ես էլ եմ շատ լավ հասկանում, բայց միաժամանակ ինձնից շատ բան մի սպասեք: Ես ասում եմ այն, ինչ այս պահին մտածում եմ: Միգուցե այդ պահին ուսերս թեթեւացավ, ինձ լավ զգացի, որ իմացա հանցագործը վնասազերծված է: Չէ՞ որ տեռորի է ենթարկել ամբողջ քաղաքը»:



Ծնողների ասելով չէ



Անդրադառնալով Արման Ենգիբարյանի ծնողների պնդումներին՝ Սարգսյանն ասաց. «Ծնողների ասելով չի: Այս պահին փորձաքննություն է գնում, այս պահին տուժողները գալիս-տեսնում, ճանաչում են, հիմա ես հավատամ ծնողների՞ ասածին»: Ասածն էլ հաստատելու համար նշեց, որ այսքան ժամանակ չի լսել մի դեպք, երբ ծնողն այլ բան հայտարարի. «Ես չեմ հիշում մեկ այսպիսի դեպք, երբ հանցագործի ծնողը հայտարարի, որ իմ տղան մեղավոր է եւ պիտի պատժվի: Բոլորի ծնողներն այն կարծիքին են, որ իրենց տղան անմեղ է, եւ դա հազար անգամ եմ լսել: Փորձում ես ապացուցել, այդ պահին լսում-համոզվում են, բայց 15 րոպե հետո նորից այն կարծիքին են, որ անմեղ է»:



Ալիկ Սարգսյանը  հեգնանքով հավելեց, թե ինչպես են ընդհանրապես հանցագործին հիշում մերձավորները. «…Հիշո՞ւմ եք՝ էն ժամանակ, որ նստած խոսում էինք, ինչքան բարի էր, ինչքան մեկին օգնեց: Էն անգամ էլ խոսում էր կյանքից, էլ չենք խոսում, երբ կինը ճանապարհում է աշխատանքի, շատ հուզիչ տեսարան էր»:



Այնուհետեւ ավելացրեց. «Սկզբից քննադատում եք, թե ոստիկանությունը չի կարում բռնի հանցագործին, հիմա էլ բռնել է, դրա համար եք  քննադատում, մնում է մարդկանց հերոսացնեք: Վերցրեք մեր արձակագիրներից՝ Շիրվանզադեից, Րաֆֆուց. խորհուրդ կտամ նախաբաններ գրեք, շատ սիրուն բան կստացվի հանցագործի կյանքից, թե առավոտյան ինչպես է դուրս եկել աշխատանքի»: