Ամեն վարորդ իր «գրպանի չափով» կկանգնի փողոցում

Ամեն վարորդ իր «գրպանի չափով» կկանգնի փողոցում
100 մլն դրամանոց մեքենաներով շրջող ՀՀ կառավարությունը պարզել էր, որ Հայաստանում վարորդների մեծ մասը դեռ անվճար է կայանում մեքենաները Երեւանի եւ հանրապետության այլ քաղաքների ու գյուղերի ճանապարհներին, ու որոշել էր խորհրդարանի արտահերթ նստաշրջան հրավիրելով՝ ուղղել այդ դարակազմիկ սխալը՝ կոնկրետ ժամավճար սահմանել մեքենան փողոցում կայանելու համար: Երեկ ԱԺ-ն ընդունեց «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական տուրքի մասին» եւ մի շարք օրենքներում փոփոխություններ առաջարկող օրինագծերի փաթեթը: Չգիտես ինչու, նախագիծը ներկայացնում էր Երեւանի քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանը, թեեւ այն վերաբերում է ոչ թե Երեւանին, այլ ողջ հանրապետությանը:



Ի վերջո՝  կառավարությունը հաշվարկել էր, որ պետք է յուրաքանչյուր ժամ մեքենան կանգնեցնելու դիմաց վարորդը վճարի 500 դրամ: ԱԺ-ում երկրորդ քննարկման ժամանակ գումարն իջավ մինչեւ 300 դրամի, թեեւ եթե հաշվենք, որ սովորաբար մեքենան մի քանի ժամ է կայանում փողոցում, ստացվում է, որ յուրաքանչյուր վարորդ օրական 1000-1500 դրամ գումար պետք է վճարի:



«Ստացվում է, որ Հայաստանի կառավարությունն ամեն ինչ անում է Հայաստանում հեղափոխական իրավիճակ ստեղծելու եւ սոցիալական բունտ հրահրելու համար: Այլ գնահատական այս պրոցեսին դժվար է տալ»,- ԱԺ ամբիոնից հայտարարել էր Վիկտոր Դալլաքյանը: Այս թեմայով մի քանի հարց ուղղեցինք օրինագիծն ԱԺ-ում ներկայացնող փոխքաղաքապետ Կամո Արեյանին:



- Պարոն Արեյան, կոնկրետ Ձեր աշխատավարձը կբավականացնի՞, որ Դուք ամեն օր ժամը 500 կամ 300 դրամանոց ավտոկայանատեղիներից օգտվեք:



- 500 դրամն առավելագույն գինն էր: Իջավ 300, 2-րդ ընթերցմամբ դարձրեցինք 300: Այժմ 300 դրամը ժամի համար առավելագույն սահմանն է, ավագանին դրանից ներքեւ կսահմանի գինը: Ցանկացած ավագանի խելամիտ որոշում կկայացնի:



- Ինձ հետաքրքրում է, եթե անգամ 300 դրամ լինի 1 ժամ կայանելը, Դուք կկարողանա՞ք մի քանի հազար դրամ վճարել օրական, եթե մի քանի ժամ եք կանգնում փողոցում:



- Նորմալ բան ա:



- Այսինքն Ձեր աշխատավարձը բավականացնում է:



- Հաստատ:



- Իսկ եթե մյուսներինը չի բավականացնում, ի՞նչ անեն նրանք:



- Ամեն մեկն իր չափով կկանգնի: Ամեն մեկն իր րոպեն իր գրպանի չափով կպահի:



- Այսինքն վարորդները պիտի ժամաչափ դնեն իրենց հանգստի կամ զբաղմունքի վրա, որ շատ երկար չկայանե՞ն մեքենան փողոցում:



- Ոչ, խելացի, տնտեսված եւ հաշվենկատ ապրեն: ...Այսօր կա չկանոնակարգված, անօրեն վիճակ: Համայնքի սեփականություն հանդիսացող ընդհանուր օգտագործման տարածքները կամայական մարդիկ օգտագործում են, վեր են ածել կայանատեղերի, անօրինական գործողություն են ծավալել: Հետո օրենքը միայն Երեւանին չի վերաբերում, այլ ողջ հանրապետությանը: Յուրաքանչյուր համայնքի ավագանի ինքը կորոշի՝ կիրառի՞ իր քաղաքում, թե՞ ոչ:



- Այսինքն գյուղերում է՞լ պետք է 300 դրամ վճարեն 1 ժամվա համար:



- Տվյալ համայնքի ավագանին կորոշի այդ առավելագույն սահմանի մեջ՝ որքան կլինի դրույքաչափը: Կարող է ոչ մի դրույք էլ չսահմանի:



- Ակնհայտ է, որ սա առաջացնելու է քաղաքացիների դժգոհությունը, որ փողոցում կանգնելու համար օրական 1000 դրամից ավելի գումար պիտի վճարեն օրական, ինչը լրացուցիչ բեռ է:



- Մեկ ժամի համար 300 դրամ չի լինելու, ավագանին կընտրի իր ողջամիտ դրույքաչափը: Վճարովի կայանատեղիները լինելու են սահմանափակ հատվածներում: Ամենուր քաղաքը չի ողողվելու վճարովի ավտոկայանատեղիներով: Սահմանափակ տեղեր են լինելու, որտեղ կթույլատրվեն վճարովի կայանատեղեր:



- Ո՞ր տեղերում են լինելու այդ կայանատեղիները:



- Դա որոշելու է ավագանին՝ համաձայնեցնելով ճանապարհային ոստիկանության հետ:



- Ասել է թե մտավախություն չունեք, որ օրենքը դժգոհություն է հարուցելու:



- Ամենեւին, այս օրենքը բացառապես կատարելու է կարգավորիչ դեր: Այս անկանոն վիճակը բերելու է կարգավորման: Սա տեղական տուրք է: Բանուկ փողոցներում առանձնացվում են տեղեր, որտեղ մարդը կարող է կայանել վճարովի հիմունքներով՝ դրա համար վճարելով պետական տուրք:



- Պաշտոնյաների մեքենաներն է՞լ են կայանելու համար վճարելու:



- Այո, եթե տեղը օրենքով սահմանված կարգով նախատեսված է, որ այդտեղ պետք է կայանատեղի լինի: Հաշմանդամների համար են անվճար տեղեր լինելու: Կայանատեղիները կահավորվելու են համապատասխան սարքավորումներով: Կազմակերպիչ է լինելու: Համապատասխան սարքը կարձանագրի կայանման ժամանակահատվածը, եւ այդ չափով վարորդը կվճարի:



- Փաստորեն՝ բավական գումար է աշխատելու քաղաքապետարանը, ինչպե՞ս եք պատրաստվում ծախսել այդ գումարները:



- Վճարները համալրելու են համայնքի բյուջեն՝ որպես Երեւան քաղաքի եկամուտ, եւ ծախսվելու են Երեւանի համաքաղաքային ծախսերի վրա: