Համալսարանի կոմսոմոլները

Համալսարանի կոմսոմոլները
Երեկ մենք անդրադարձել էինք  Երեւանի պետական համալսարանի ռեկտորի ընտրություններին եւ ներկայացրել, որ չնայած ուսանողները ամիսներ շարունակ հոխորտում էին, թե՝ պայքարելու են Արամ Սիմոնյանի դեմ եւ ամեն ինչ անելու են համալսարանական մթնոլորտը բարելավելու համար, սակայն վերջին պահին համալսարան է եկել սպորտի փոխնախարար Արսեն Քարամյանը եւ հանձնարարել քվեարկել Սիմոնյանի օգտին:



Երբ պարզվել է, որ ԵՊՀ խորհրդի անդամ 18 ուսանողները կողմ են քվեարկել, խորհրդի անդամ դասախոսները զարմացել են: Այս հրապարկման առիթով երեկ ԵՊՀ ուսանողական խորհուրդը մեզ կոմսոմոլի ժամանակների ոգով հայտարարություն է ուղարկել, որից միանգամայն հասկանալի է դառնում, որ սրանք պայքարող չեն, սրանք հնազանդ կողմ քվեարկողներ են:



Ահավասիկ. «ԵՊՀ ռեկտորի ընտրությունների ժամանակ խորհրդի սովորող անդամներն առաջնորդվել են ուսանողների համընդհանուր շահերով, քվեարկել են իրենց խղճի մտոք, որի մասին բաց խոսվել է նաեւ խորհրդի նիստում:   ԵՊՀ ՈւԽ ներկայացուցիչները ո՛չ նախընտրական, ո՛չ հետընտրական գործընթացներում չեն առաջնորդվել որեւիցե մեկի պատվերներով, հորդորներով կամ խնդրանքներով: Պետհամալսարանի ուսանողական խորհուրդը, համաձայն իր կանոնադրության, առաջնորդվել է եւ շարունակում է առաջնորդվել ուսանողության շահերով եւ անընդունելի է համարում շահագրգիռ տարբեր խմբերի սպեկուլյացիաները, որոնց մեջ փորձում են ներքաշել  նաեւ ԵՊՀ ուսխորհրդին: ԵՊՀ ուսանողության կարծիքն արտահայտվել է բաց եւ հրապարակայնորեն, այլ ոչ թե անանուն: Անընդունելի ենք համարում նաեւ մայր բուհի բնականոն գործունեության խաթարման փորձերը նման էժանագին մեթոդներով»:



Պարզապես ողբալի է այն երկրի ապագան, որի ուսանողությունն այս լեզվով, այսպիսի մտքեր է արտահայտում: