Ո՞վ է ծեծել եւ ինչի՞ համար

Ո՞վ է ծեծել եւ ինչի՞ համար
Արդեն տեղեկացրել էինք, որ հունիսի 23-ին Էջմիածնում անհայտ անձանց կողմից ծեծի էր ենթարկվել 21-ամյա Վարդան Սախկալյանը: Ըստ պաշտոնական տվյալների, ծեծկռտուքը լուրջ չի եղել, պարզապես իրար քաշքշել են, եւ տուժողը հիվանդանոց չի դիմել:



Սակայն Վարդանի հարազատները մեզ պատմեցին, որ հարձակվողները 2 հոգի են եղել: Անծանոթները «Վարդան» են կանչել, եւ երբ նա շրջվել է՝ միանգամից խփել են:



«Հիվանդանոց չենք տարել, որովհետեւ նրա մայրն էլ բժիշկ է, եւ տանը հսկողության տակ է, մարմնական վնասվածքները թեթեւ են»,- նշեցին զրուցակիցներս: Թե ովքեր են ծեծողները՝ Սախկալյանները չգիտեն:



Վարդանը նրանց չի ճանաչել: Միջադեպը տեղի է ունեցել Էջմիածնի հանրակացարանում: Տարիներ առաջ, կառավարության որոշման համաձայն, հանրակացարանի մասնաշենքը նվիրատվության հիմունքներով հատկացվել է այնտեղ ապրող անապահով բնակիչներին` անհատույց սեփականության իրավունքով:



Երրորդ կարգի վթարային շենքի նորոգումը պետք է կատարվեր պետության հաշվին, սակայն Էջմիածնի  քաղաքապետարանը պատճառաբանել է, թե բավարար գումար չունի: Նորոգման աշխատանքները ֆինանսավորել է գործարար Էդվարդ Սախկալյանը: Վարդանը, որն Էդվարդի որդին է, հետեւել է շինաշխատանքներին եւ հերթական անգամ հանրակացարան է գնացել՝ տեսնելու գործերի վիճակը: Այդ ժամանակ էլ ծեծի է ենթարկվել: Ոստիկանությունը նախաքննություն է վարում, եւ տուժող կողմը համոզված է, որ մեղավորներին կգտնեն, սակայն առայժմ հրաժարվում են կոնկրետ անուններ նշել:



Շրջանառվող լուրերի համաձայն, ծեծողները եղել են գեներալ Մանվել Գրիգորյանի մարդիկ: Ծեծողներից մեկին՝ «Մաչան» մականունով երիտասարդին, վեճից հետո տեսել են գեներալի փոքր որդու մեքենայում: Չնայած ասում են, որ վեճի առարկան հենց հանրակացարանի նորոգումն է, ինչը գեներալ Մանվելի որդուն՝ Էջմիածնի քաղաքապետին, դուր չի եկել, սակայն այնքան էլ պարզ չէ, թե ինչ են ուզում մանվելականները, որոնք, մեր աղբյուրների պատմելով, կրկին ամրացել են ու հաղթահարել 2008-ի նախագահական ընտրություններից հետո վրա հասած դժվարությունները (Տեր-Պետրոսյանին պաշտպանելու համար գեներալին հեռացրին պաշտպանության փոխնախարարի պաշտոնից):



Նախօրեի ծեծկռտուքի մեկ այլ վարկած էլ է շրջանառվում՝ կենցաղայինը: Մոտ մեկ տարի առաջ Մաչանի ընկերը սիրահարվել էր Վարդանի քրոջը, սակայն եղբոր սրտով չէր փեսացուն: Ասում են՝ հնարավոր է նաեւ հին վրեժն արթնացած լինի, ինչը, սակայն, վաղեմության ժամկետը կորցրել է: Էդիկ Սախկալյանի դուստրն արդեն մի քանի ամիս է՝ ամուսնացած է: Չի բացառվում նաեւ, որ վիճաբանության պատճառը նախընտրական կրքերը լինեն:



Անի Առաքելյան