Մեր քաղաքը. Աղբարկղեր

Մեր քաղաքը. Աղբարկղեր
Բանանը ուտում ես փողոցով քայլելիս: Վերջին պատառը կուլ տալուց հետո նայում ես դեղին կճեպի շերտառշերտ պատռվածքներն: Շարունակում ես քայլել` քթիդ տակ ինչ-որ երգ երգելով: Բանանի կճեպի պոչիկը պտտում ես այսուայն կողմ, ասես լատինամերիկյան տաքարյուն պարուհի լինի` պատառոտված կիսաշրջազգեստով, որ կտրուկ շարժումներով համբուրում է, փարվում երկար մատներիդ: Շուտով հոգնում ես, որովհետեւ անտանելի տոթ է, իսկ կճեպն արդեն լրիվ քրքրվել է, տաքությունից սեւացել, հոգնել է պարելուց: Դեն նետել է պետք:



Նայում ես՝ շուրջբոլորդ աղբաման չկա: Քայլում ես ու քայլում: Ավելի ես սեւեռվում: Մայթեզրերին նարնջագույն կայծիկներ հիշեցնող ծանոթ պլաստմասսե տուփերը չեն նկատվում, նույնիսկ դատարկ, անկապ կարտոնե մի տուփ չկա, որ շատ ժամանակ աղբից ազատվելու լավագույն տարբերակն է:



Փողոցը լիքն է իրենց հետեւից աղբ թողող մարդկանցով, բայց դատարկ է ու միայն առանց համապատասխան արկղերի ու ամանների: Քայլում ես ու քայլում եւ երեւի շատ կքայլես՝ գուցե մի կիլոմետր կամ մի երկու-երեք կանգառ, կգնաս՝ անընդհատ որոնելով գեթ մեկ փոքրիկ աղբաման, որ բանանի կճեպին կտեղավորի իր հոգու մեջ: Բայց աղբարկղ չկա, ու դու արդեն զզվեցիր ձեռքիդ ճոճվող տխմար կճեպից: Մի տեղ՝ խոտերի կամ հողերի մեջ, ձեռքի մի անկապ շարժումով դեն ես նետում կճեպն ու թեթեւացած շունչ քաշելով ու քթիդ տակ մի նոր երգ դնդնալով՝ շարունակում քայլերդ:



Այս դեպքն իրական է, ու այս իրականությունն իհարկե շարունակական է, մինչեւ որ մեր քաղաքի աղբարկղերը միմյանցից տասը կիլոմետրով բաժանված չլինեն, իսկ այս հեռավորությունը հաղթահարելու համար համբերություն է պետք, որով այդքան էլ աչքի չեն ընկնում մեր քաղաքում ապրող մարդիկ:



Եվ կա նաեւ հակառակ պատմությունը, երբ մի բան ես ուզում նետել աղբարկղն ու հանկարծ հայտնաբերում ես փոքրիկ տարածքում իրար շալակի ելած բազմաթիվ ու բազմաձեւ աղբամաններ, սկսում ես տարակուսել` հիմա ո՞րի մեջ նետեմ: Այս պարագայում դու ռեալ հնարավորություն ունես փողոցում հարմար դիրքավորվելու եւ քո բերանից հենց նոր դուրս հանած ծիրանի կամ սալորի կուտը դիպուկ նետումով հրամցնելու աղբարկղերից մեկին, եթե, իհարկե, սուրաչք դիպուկահար ես: Բայց շատ ժամանակ մեզ մոտ սուրաչք դիպուկահարների մարզավիճակը լավ չի լինում, ու աղբարկղի շուրջբոլորը խոշոր կուտակումներ են առաջանում:



Մի օր խոսակցության ժամանակ երեխեքից մեկը լավ բան ասեց. «Մեր քաղաքի բնակիչները աղբ թափելու համբերություն չունեն»: Աղբ թափելը նույնպես համբերություն է պահանջում. համբերություն ու ողջամտություն: Պարտադիր չէ էն խեղճուկրակ նարնջագույն աղբարկղիկի մեջ փորձել երկու շաբաթվա կուտակած աղբի մի հսկա պարկ խոթել:



Ամեն ծակ չէ, որ մեծ պարկերի համար է նախատեսված: Հիմնականում ծխախոտի համար նախատեսված նարնջագույն աղբարկղերը լցվում են  մրգերի փտած կճեպներով, միջուկներով, կիսատ կրծած սենդվիչներով, կոլայի շշերով, ինչ-որ տարօրինակ կենցաղային իրերով, մեկ-մեկ էլ նույնիսկ սատկած մկներով: Սրան հաջորդող մյուս պրոցեսը` աղբարկղերից փչող ու քաղաքի փողոցներ լցվող նեխահոտն է, որ տոթ օրերին ավելի է սաստկանում:

Մեր քաղաքի կենտրոնում դեռ մնացել են բացբերան, կարմիր ներկված երկաթե աղբամաններ, որոնց եզրերին միշտ տզզում են ճանճերն ու նստոտում ախպեր կատուները: Մեկ-մեկ սաստիկ ցավով մտածում ես, որ եթե չլինեին այդ բացբերան կարմիր ներկված երկաթե աղբամանները, գուցե քաղաքում ապրող աղքատ ու մուրացկան մարդիկ զրկվեին սնվելու վերջին հնարավորությունից…



Պլաստմասսե, ապակե իրերի, ծխախոտի ծխուկների, սննդի ավելցուկների համար առանձին-առանձին` իրենց գույներով, չափերով, պիտակներով աղբամանները չէին խանգարի մեր քաղաքի փողոցներին, իսկ դրանից հետո երեւի յուրաքանչուր աղբի տեսակ համապատասխան աղբարկղը նետելու մասնավոր դասընթացներ են պետք, որպեսզի հանկարծ ապակյա շիշը չհայտնվի սննդի համար նախատեսված աղբամանում, ծխախոտի ծխուկները չնետվեն պլաստմասսե իրերի մեջ, թե չէ մարդ ես՝ հնարավոր է հրդեհ բռնկվի ու վառի մեր քաղաքի սիրուն փողոցները: