Ինչպես միշտ՝ քննարկեցին իրենց թաղի խնդիրները

Ինչպես միշտ՝ քննարկեցին իրենց թաղի խնդիրները
Երեւանի ավագանու խորհրդի անդամներին մի քանի ամիսը մեկ հնարավորություն է տրվում  իրենց բակի, փողոցի, թաղի «հույժ կարեւոր» հարցերը քաղաքապետարանի բարձր ամբիոնից հնչեցնել եւ լուծում պահանջել: Երեկ դարձյալ թաղամաս առ թաղամաս, բակ առ բակ խիստ ու մանրակրկիտ քննարկվեցին ավագանու անդամներին հուզող խնդիրները, քանի որ ոչ միայն նիստ էր, այլեւ հարցուպատասխան, որին ներկա էին վարչական շրջանների ղեկավարները:



Թեեւ երեկ սովորական մի օր էր, բայց, չգիտես ինչու, տարբեր անդամներ բարձրաձայնում էին եկեղեցաշինության անհրաժեշտության մասին՝  հաշիվ պահանջելով Էրեբունիում կիսատ մնացած եւ Աջափնյակում  կառուցվող եկեղեցիների ճակատագրի մասին: Ավագանու անդամները եկեղեցաշինությանը զարկ տալուն նվիրված  ելույթն ընդմիջում էին՝ «Աստված եկեղեցուն պահապան» մաղթանքը Բարձրյալին ուղղելով: Այս միմոսությունը նիստից ձանձրացած ու կիսաքնած անդամներին փոքր-ինչ զվարճացրեց: Իսկ ընդհանրապես բոլոր խնդիրների ծանրությունն իրենց վրա էին վերցրել փոխքաղաքապետ Կամո Արեյանն ու քաղաքապետ Կարեն Կարապետյանը:



Նրանք, միմյանց լրացնելով, պատասխանում էին հարցերին: Անցումների ու կանգառների խնդրով տապակվողները, որքան էլ զարմանալի է, իրենց մշտական հետաքրքրություններից այն կողմ չանցան: Թվում էր, թե մետրոյի ուղեվարձի թանկացումը նիստի թեժ թեման էր լինելու՝ հաշվի առնելով ժողովրդի խուճապն ու հասունացող դժգոհությունը: Բայց պարզվեց, որ կեղծ մտահոգվածներն  այն նույնիսկ արդարացնում են: Երբ «ընդվզող» ԲՀԿ-ականներին հարց ուղղեցինք, թե ինչու չփորձեցին հարցին լրջորեն մոտենալ եւ լուծում գտնել հօգուտ երեւանցու, ԲՀԿ-ական Արմեն Հակոբյանը (ԱԺ պատգամավոր Վերսանդիկ Հակոբյանի որդին) պատասխանեց.



«Մետրոն էսօրվա դրությամբ, որպես այդպիսին, մեր հարցերի հետ չի առնչվում»: Իսկ նույն ֆրակցիայից Պողոս Փլավչյանը խորհուրդ տվեց հարցերն ուղղել բարձրացնողին: Բոլոր ժամանակների քաղաքապետերին հաճոյացող ՀՀԿ-ական Աստղիկ Գեւորգյանն էլ շշմեցրեց իր օպտիմիստական կանխատեսումներով. «Երեկ մենք  ֆրակցիայի նիստում քննարկել ենք հարցը, ասվեց, որ հատուցման խնդիր է դրված, եւ թանկացումը որոշակի չէ: Ինքս մետրոյով եմ երթեւեկում, ես էդպես էլ ասացի, որ լավ կլինի այդ հարցը  բարձրացնեն մարդիկ, որոնք մետրոյով են երթեւեկում, ասացին, որ դեռ կոմպենսացման խնդիր է քննարկվում»: Կարճ ասած՝ տիկինը հասկացել է, թե հնարավոր է ինչ-որ բան փոխվի մինչեւ հուլիսի 1-ը: Վերջինիս կուսակից, «բիզնես-վումն» Նաիրա Նահապետյանը եւս մեզ ապշեցրեց իր տրամաբանությամբ.



«Ես Ձեզ ասեմ՝ մետրոն թանկացել է այն ուղղությամբ, քանի որ հանվել են փոքր մեքենաները, որոնք որ էլի հարյուր դրամ էին տալիս: Մենք ուղղակի այս ակցիայով ուզեցանք, որ մարդիկ ավելի շատ օգտվեն մետրոյից»: Տիկնոջն ընդհատեցինք, թե ինչպե՞ս կարող են ավելացնել մետրոյից օգտվողների քանակը, եթե այն կրկնակի թանկացել է: «Շահագործման հետ կապված՝ մենք ընդհանրապես չենք կարող էդ համակարգը կառավարել, այսինքն՝ ֆինանսավորման մեծ ներդրումային ծախսեր ա, ինչքան ժամանակ ա՝ մետրոն ոչ շարունակում ա գծերը, ոչ կանգառատեղերն են ավելանում: Իսկ սրանից հետո մեծ ֆինանսավորում կլինի, եւ էդպիսով կկարողանանք մի քիչ նորմալ գոյատեւել»,- վերլուծեց ՀՀԿ անդամը:



Ինչպես միշտ՝ պասիվ էր քաղաքապետի առաջին տեղակալ Տարոն Մարգարյանը: Ակտիվացավ միայն նիստի ավարտից հետո, երբ ներսում մնացել էր վարչական շրջանների ղեկավարների հետ մենակ: Նրանցով շրջապատված՝ ոտքի վրա, ցածրաձայն մի քանի րոպե ինչ-որ հարցեր քննարկեց, հետո բոլորը ցրվեցին: