Խնդրագիր-ստորագրահավաք՝ ընդդեմ կաթողիկոսի որոշման

Խնդրագիր-ստորագրահավաք՝ ընդդեմ կաթողիկոսի որոշման
Չնայած Մայր Աթոռը չի փորձում լուծումներ տալ Սփյուռքի համայնքներից հնչող մտահոգություններին՝ կապված Էջմիածնի վարած քաղաքականության հետ, Սփյուռքի համայնքները շարունակում են պայքարել ու բողոքի ձայն բարձրացնել, քանի որ Սփյուռքի եկեղեցիների խնդիրները մնում են չլուծված:



Շվեյցարիայի Ժնեւ քաղաքի Սբ. Հակոբ առաքելական եկեղեցին Էջմիածնի հետ տարաձայնությունների պատճառով մեկ ամսից ավելի փակ է: Շվեյցարահայերը 2 օր է՝ ստորագրահավաք են սկսել: Գարեգին Բ կաթողիկոսին ուղղված «բաց խնդրագրում», որը տեղադրվել է «www.keghart.com» կայքում, շվեյցարահայերը խնդրում են կաթողիկոսին հետ կանգնել իր որոշումներից՝ կապված Շվեյցարիայի հոգեւոր հովիվ Տեր Աբել քահանային կարգալույծ հռչակելու եւ Շվեյցարիայում թեմ հիմնելու հետ:



«Մենք՝ ներքոստորագրյալներս, ներկայացնելով Շվեյցարիայի Հայ առաքելական եկեղեցու հավատացյալ անդամների մեծամասնությանը, ինչպես նաեւ եկեղեցական այլ համայնքների անդամներին եւ համայն հայությանը՝ անկախ մասնագիտական կամ քաղաքացիական պատկանելությունից, հայտարարում ենք հետեւյալը. մենք դատապարտում ենք որեւէ քահանայի վերոհիշյալ (անհիմն) հիմքերով կարգալույծ անելու «հայրապետական տնօրինումը»՝ համարելով այն անընդունելի եւ չարդարացված, քանի որ մեր համընդհանուր կանոնական օրենքներից ու ավանդույթներից բխող որեւէ ապացույց կամ հիմք առ այն չենք տեսնում:



Հետեւաբար, ինչ վերաբերում է շվեյցարահայ համայնքին, մենք կցանկանայինք, որ նա շարունակեր Շվեյցարիայում քահանայի պաշտոնակատարի իր ծառայությունը, այդ մասին որոշումը թողնելով եկեղեցական համայնքին: Մենք հայտարարում ենք, որ Շվեյցարիան միակողմանիորեն թեմ հռչակելը եւ այն պարտադրելը հակասում է Շվեյցարիայում Հայաստանյայց առաքելական եկեղեցու հավատացյալների մեծամասնության բացահայտ կամքին: Սա ընդունելի չէ: Մենք հիշեցնում ենք, որ Շվեյցարիայում Հայաստանյայց առաքելական եկեղեցու Ընդհանուր ժողովը երբեւէ չի հաստատել Շվեյցարիայի թեմը:



Հիշեցնում ենք Վեհափառ հայրապետին, որ քահանան կամ եկեղեցական խուրհուրդը չեն, որ մերժում կամ ճանաչում են թեմը: Վերջինիս խնդիրը քննարկելը, այն ընդունելն ու դրան օժանդակելը հայ եկեղեցական համայնքների լիարժեք իրավասության խնդիր է»,-հայտարարում են շվեյցարահայերը՝ շարունակելով. «Մեզ համար Սբ. Էջմիածինը կարեւոր եւ պատկառելի հոգեւոր կենտրոն է, որին մենք եղել եւ շարունակելու ենք մնալ կապված: Մենք այդպիսով լիարժեքորեն զորավիգ ենք Սբ. Էջմիածնին, իբրեւ հաստատություն, եթե այն կառավարվում է թափանցիկորեն, եւ հարգանքով առ նրանց, ում ծառայում է:



Մենք եզրակացնում ենք, որ ներկայիս իրավիճակն ու մթնոլորտը տանում են մեր համայնքների բաժանման եւ ապակայունացման, ինչը սոսկ փոքր մի խմբի է ծառայում՝ բացասաբար ազդելով մեր ժողովրդի միասնականություն վրա: Մենք հավատարիմ ենք մնում մեր առաքելական եկեղեցու հիմքում ընկած ավանդական ժողովրդավարական սկզբունքներին՝ ինչպես սահմանված է դեռեւս 5-րդ դարում գումարված առաջին Ազգային եկեղեցական ժողովներում, եւ հարգում ենք քրիստոնեական արժեքներն ու վարքագիծը եւ որոշում ենք մեր տեսակետները բացահայտ ու հրապարակային կերպով արտահայտելուց»:



Այնուհետեւ շվեյցարահայերը ներկայացնում են իրենց խնդրանքը. «Մենք խնդրում ենք Մայր Աթոռ Սբ. Էջմիածնին.



1. ընդառաջել մեր հավատացյալների ցանկությանը՝ ընտրելու իրենց հոգեւոր հովվին



2. պահպանել մեր ավանդական իրավունքներն ու ժողովրդավարական սկզբունքները` հոգեւոր խնդիրները (հոգեւորականության պատասխանատվության ոլորտ) տարանջատելով կառուցվածքային, ֆինանսական, վարչական ու իրավական խնդիրներից (աշխարհիկ անդամների կողմից կառավարելիք հարցեր)



3. հետ շրջել իր ներկա քաղաքականությունն ու ուղղել ռազմավարությունը՝ հանուն հայ համայնքներում եւ դրանց բոլոր հավատացյալների միջեւ կառուցողական երկխոսության հաստատման, խնդրում ենք կենտրոնանալ հոգեւոր եւ կրոնական խնդիրների վրա, եւ հանձնառություն՝ դառնալու մեր համայնքները միավորող դրական ուժ, այլ ոչ թե գործել որպես կազմալուծման ու պառակտման գործոն: Մենք ամուր ենք մեր հավաքական վճռականության մեջ` օժանդակելու Հայաստանյայց առաքելական եկեղեցում ժողովրդավարության եւ թափանցիկության սկզբունքների ամրապնդմանը: Մենք՝ ներքոստորագրյալներս, համաձայն եւ զորավիգ ենք այս խնդրագրին եւ հրավիրում ենք համայն աշխարհի մեր հայրենակիցներին միանալ մեզ»:



Նախօրեի դրությամբ ստորագրահավաքին արդեն միացել էին 20 շվեյցարահայեր, այդ թվում «Շվեյցարիա-Հայաստան» ասոցիացիայի նախագահ Սարգիս Շահինյանը: Հիշեցնենք, որ  Ժնեւում տարիներ ի վեր գործող հայկական եկեղեցին փակվեց այն բանից հետո, երբ Գարեգին Բ-ն որոշեց կախակայել Ժնեւի 16 տարվա հովիվ Տեր Աբելի քահանայագործությունը, այնուհետեւ կարգալույծ հռչակեց նրան այն բանի համար, որ Ժնեւի համայնքը եկեղեցու անդամական ժողովը դեմ է քվեարկել Շվեյցարիայում թեմ հիմնելու Էջմիածնի որոշմանը: