Լեզվի տեսչությունը «պոեզիայի ժանրով» է աշխատում

Լեզվի տեսչությունը «պոեզիայի ժանրով» է աշխատում
Լեզվի տեսչության պետ Սերգո Երիցյանի կարծիքով` «Լեզվի մասին» օրենքում վերջերս կատարված փոփոխությունները որոշ առումով հստակեցումներ բերեցին: «Առաջին եւ գլխավոր խնդիրը, որ վերջին մեկ տարում դրված էր Լեզվի պետական տեսչության առջեւ, օրենսդրական անհրաժեշտ փոփոխություններն էին, որ թույլ կտային տեսչության գործունեությունը հնարավորինս արդյունավետ կազմակերպել»,- ասաց Երիցյանը: Այնուամենայնիվ տեսչության «արդյունավետ աշխատանքն» այդպես էլ նկատելի չէ:



Ինչպես նախկինում, հիմա նաեւ ավելի շատ, ամեն քայլափոխի կարելի է հանդիպել օտարալեզու վահանակների՝ առանց հայերեն համարժեքի: Տեսչության պետը դա բացատրեց մի քանի հանգամանքով:



Նախ, որ խնդիրն օրենսդրական առումով մինչեւ վերջ կարգավորված չէ, քանի որ «Գովազդի մասին» օրենքը, թեեւ հստակ սահմանում է, որ ՀՀ-ում գովազդի լեզուն գրական հայերենն է, այնուամենայնիվ կան նաեւ «բացառություններ»: Դրան զուգահեռ՝ օրենքը սահմանում է, որ այդ դրույթը չի տարածվում օտար լեզուներով գրանցված ապրանքային նշանների եւ մակնիշների վրա: Այսինքն օրենսդրությամբ ապրանքային նշանը կարող է լինել օտարալեզու:



«Ահա այստեղ է, որ օրենսդրական քայլն ամբողջությամբ չի կատարվել: Գիտեք ինչ են անում, որպեսզի գլխացավանքից հեռու լինեն: Իրենց ապրանքային նշանները գրանցում են, եւ դրանով խնդիրը լուծվում է: Երբ մենք փորձում ենք պարզել, թե դա ցուցանակ է, գովազդ է, նրանք պատասխանում են, որ դա ոչ ցուցանակ է, ոչ էլ գովազդ: Դա իրենց ապրանքային նշանն է՝ արտահայտված գովազդի մեջ»,- նկատեց Սերգո Երիցյանը: Այսինքն ստացվում է, որ ցանկացած տնտեսվարող կարող է իր խանութի, հաստատության անվանումը գրանցել որպես ապրանքային նշան եւ հանգիստ, առանց հայերեն տարբերակի փակցնել փողոցում, ու դրանից հետո Լեզվի տեսչությունը ոչ մի լիազորություն չունի նրանց «կարգի հրավիրելու»: «Այս դեպքում մենք ստիպված ենք ապավինել տվյալ օլիգարխների, տնտեսվարող սուբյեկտների խղճին եւ հայոց լեզվի նկատմամբ ունեցած պատասխանատվությանը»,- նկատեց Երիցյանը։



Նրա խոսքով՝ ավելացած տուգանքի չափերն ինչ-որ տեղ կարող են զգաստացնել տնտեսվարողներին: Նախատեսված տուգանքը  80-ապատիկից հասել է 250-400-ապատիկի՝ մոտ 150 հազար դրամ: «Սա այս օրենսդրական փոփոխությունների ձեռքբերումն է։ Մեկ քայլ առաջ է»,-նշեց տեսչության պետը: Երիցյանի խոսքով՝ խնդիրը նաեւ այն է, որ Լեզվի տեսչությունը չունի համապատասխան ռեսուրս, բավարար թվով տեսուչներ՝ ստուգումներ իրականացնելու համար: Այդ պատճառով էլ շատ հաճախ դիմում են, ինչպես Երիցյանը որակեց, «պոեզիայի ժանրին»՝ հորդոր են ուղարկում տնտեսվարողներին, որ շտկի խախտումները.



«Հորդորը մեզ համար պոեզիայի ժանրից է: Մենք պոեզիան օգտագործում ենք այն պարագայում, երբ մեր ռեսուրսները բավական չեն ստուգումներ իրականացնելու համար»: Քանի դեռ Լեզվի տեսչությունը «Լեզվի մասին» օրենքի խախտումները շտկում է պոեզիայի օգնությամբ, դժվար թե ստեղծված իրավիճակում որեւէ փոփոխություն լինի:



- Պարոն Երիցյան, կարծում եք տեսչության որդեգրած այդ հանգիստ գործելաոճը, պոեզիան արդյունավե՞տ է:



-  Այո, ոչնչից աղմուկ պետք չէ ստեղծել եւ պետք է հանգիստ աշխատել:



- Կարծիք կա, որ Ձեր՝ Լեզվի տեսչության պետ նշանակվելուց հետո տեսչությունը, կարելի է ասել, «քնել» է: Ինչպե՞ս կմեկնաբանեք դա:



- Իսկ ի՞նչ պիտի աներ, որ արթուն լիներ: Քնելու որեւէ խնդիր չկա: Մենք հստակ աշխատում ենք մեր գործունեության ծրագրով: Ես հնարավորինս աշխատում եմ աղմուկ չանել չեղած բաներից:



- Դուք նաեւ «Լոռվա ձոր» հայրենակցական միության նախագահն եք: Ինչո՞վ է զբաղվում Ձեր կառույցը:



- Մեր կառույցի հիմնական ուղղությունը հայրենագիտությունն է: Բնականաբար, մեր գործունեությունը կրթամշակութայինն է: Այն, ինչ առնչվում է մեր տարածաշրջանին՝ Լոռվա ձորի կրթամշակութային խնդիրներին, մենք աշխատում ենք աջակցել, օգնել՝ սկսած գրքերի հրատարակությունից մինչեւ հրապարակային միջոցառումներ:



- Իսկ ո՞վ է ֆինանսավորում այդքան միջոցառումները:



- Մեր ֆինանսավորումը մեր միության անդամների հանգանակություններն են եւ ոչ ուրիշ բան:



- Միայն հանգանակությունները բավարարո՞ւմ են:



- Գիտեք ինչ, բարեբախտաբար մենք շատ աջակիցներ ունենք, լավ գործերին միշտ էլ հայտնվում են լավ աջակիցներ:



- Ովքե՞ր են այդ «լավ մարդիկ»:



- Տարբեր մարդիկ՝ եւ բիզնեսմեններ կան, եւ այլ գործիչներ, բայց անուններ տալ չեմ ուզում:



- Իսկ առաջիկա ընտրություններին Ձեր հայրենակցական միությունն իր դիրքորոշումն ինչ-որ կերպ կհայտնի՞: Ո՞ւմ եք սատարելու:



- Ես կարծում եմ, որ հասարակական կազմակերպությունն ինքը ամբողջության մեջ չպետք է քաղաքական գործընթացներին մասնակցություն ունենա, իսկ այդ կազմակերպության անդամները կարող են իրենց քաղաքական դիրքորոշումն ունենալ: Եթե մենք որոշենք ինչ-որ մեկին աջակցել, սատարել, շատ արագ կփլուզենք հայրենակցական միությունը: Մեր կուսակցությունը մեր հայրենի եզերքն է: