Գնահատում է հասարակությունը

Գնահատում է հասարակությունը
2011թ. մայիսի 20-ին Երևանում կայացած «Օրհուսը Հայաստանում` գնահատում է հասարակությունը» թեմայով խորհրդակցության  ամփոփիչ հայտարարություն.



Հայաստանի Հանրապետությունը 1998թ. հունիսին ստորագրել և 2001թ. մայիսին վավերացրել է «Շրջակա միջավայրի հարցերի առնչությամբ տեղեկատվության հասանելիության, որոշումներ ընդունելու գործընթացին հասարակայնության մասնակցության և արդարադատության մատչելիության մասին» (Օրհուսի) կոնվենցիան:



Այն ուժի մեջ է մտել 2001թ. հոկտեմբերին: Օրհուսի կոնվենցիայի ուժի մեջ մտնելու տասնամյակի և կոնվենցիայի անդամ պետությունների ս.թ. հունիսի 29-ից հուլիսի 1-ը Քիշնևում կայանալիք չորրորդ հանդիպմանն ընդառաջ կոնվենցիայի իրականացման գործում շահագրգիռ հասարակական կազմակերպությունները հանդես են գալիս հայտարարությամբ և արտահայտում  հասարակական կառույցների գնահատականը Հայաստանի Հանրապետության կողմից այդ կոնվենցիայի շրջանակում ստանձնած պարտավորություններն իրականացնելու վերաբերյալ:



Գնահատելով  Օրհուսի կոնվենցիայի դերն ու նշանակությունը Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարական գործընթացները խթանելու գործում,



գիտակցելով Հայաստանի Հանրապետության կառավարության նախնական պատրաստակամությունը, միանալով Օրհուսի կոնվենցիային, որդեգրել և իրականացնել դրա սկզբունքները,



ընդունելով Օրհուսի կոնվեցիայի առանձնահատկություններն այլ բնապահպանական կոնվենցիաների համատեքստում և դրա իրականացմանն առնչվող խոչընդոտները ժողովրդավարության ոլորտում իր առաջին քայլերն անող պետության համար`



մենք` ներքոստորագրյալ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներս, այդուհանդերձ



գտնում ենք,



որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը հիմնականում ձախողել է Կոնվենցիայի պահանջների իրականացումը: Այն`



  • չի ապահովել կոնվենցիայով ամրագրված սկզբունքների կիրառման համար անհրաժեշտ իրավական ու ընթացակարգային համակարգի ստեղծումը.




 



  • չի ապահովել առնչվող պետական կառույցների, այդ թվում` արդարադատության և բնական ռեսուրսների կառավարման ոլորտների լիազորված մարմինների ներգրավումը կոնվենցիայի իրականացման գործում.




 



  • չի ձեռնարկել մի շարք անհրաժեշտ քայլեր ապահովելու կոնվենցիայի հիմնադրույթների` տեղեկատվության մատչելիության,  որոշումների ընդունման գործընթացում հասարակայնության մասնակցության և արդարադատության մատչելիության պատշաճ կիրարկումը.




 



  • չի ձեռնարկել  որևէ գործողություն իրականացնելու  Օրհուսի կոնվենցիայի անդամ պետությունների 2008թ. հունիսի 11-13-ի 3-րդ հանդիպման ընթացքում ընդունված թիվ III/6b որոշմամբ ամրագրված առաջարկությունները` Հայաստանի կողմից Օրհուսի կոնվենցիայի շրջանակներում ստանձնված պարտավորությունների կատարման վերաբերյալ:




Մտահոգություն ենք հայտնում առ այն, որ կոնվենցիայի վավերացումից սկսած մինչ օրս



  • հնարավոր չէ ստանալ համապարփակ և հանրամատչելի տեղեկություն բնական ռեսուրսների շահագործման վերաբերյալ.


  • շրջակա միջավայրի վրա կործանարար ազդեցություն ունեցող` հանքարդյունաբերության ընդլայնման, անտառների ոչնչացման, ջրային էկոհամակարգերի խախտման և նման այլ որոշումները շարունակում են ընդունվել են առանց հասարակայնության մասնակցության.


  • դատական համակարգը որևէ հասարակական կազմակերպության հնարավորություն չի ընձեռում վիճարկել առանց հասարակայնության մասնակցության ընդունված և/կամ շրջակա միջավայրին առնչվող որոշումներ:




Արձանագրում ենք, որ



  • Օրհուսի կոնվենցիայի իրականացումը խթանող մի շարք միջոցառումներ, ինչպես օրինակ` վարչական դատարանի ստեղծումը կամ տեղեկատվության ազատության մասին օրենքի  ընդունումը տեղ են գտել երկրի կողմից այլ միջազգային պարտավորությունների իրականացման շրջանակներում.


  • Օրհուսի կոնվենցիայի իրականացմանն ուղղված միջոցառումները Հայաստանի Հանրապետությունում ճնշող մեծամասնությամբ իրականացվել են հասարակական կառույցների կողմից` միջազգային կազմակերպությունների աջակցությամբ և/կամ նախաձեռնությամբ:




Գնահատում ենք



ՀՀ կառավարության  և, մասնավորապես, Օրհուսի կոնվենցիայի համակարգող կառույց հանդիսացող ՀՀ բնապահպանության նախարարության գործունեությունը ոչ բավարար:



Պահանջում ենք



ՀՀ կառավարությանը շուտափույթ կերպով ձեռնարկել քայլեր իրավիճակը շտկելու ուղղությամբ` ներգրավելով Օրհուսի կոնվենցիայի իրականացմամբ շահագրգիռ հասարակայնությանը:



Կոչ ենք անում



համապատասխան միջազգային կառույցներին հետամուտ լինել Հայաստանի  կողմից իր միջազգային պարտավորությունների  իրականացմանը:



Ստորագրություններ.



  1. Լևոն Ներսիսյան, «Ա.Դ.Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական հիմնադրամ» ՀԿ


  2. Գևորգ Պետրոսյան, «Բիոսոֆիա» ՀԿ


  3. Արման Վերմիշյան, «Բուրգ» բնապահպանական երիտասարդական ՀԿ


  4. Ռուզաննա Ղազարյան, «Դալմա-Սոնա» հիմնադրամ


  5. Սիլվա Վարդանյան, «Զարթոնք-89» ՀԿ


  6. Արթուր Ղազարյան, «Էկոլոգիական անվտանգության ապահովման և ժողովրդավարության զարգացման» ՀԿ


  7. Հրայր Սավզյան, «Էկոդար» ՀԿ


  8. Գրետա Գաբրիելյան, «Էկոլոգիական ակադեմիա» ՀԿ


  9. Ինգա Զարաֆյան, «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ


  10. Սիլվա Ադամյան, «Թռչնասերների կենտրոն» ՀԿ


  11. Սոնա Այվազյան, «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ


  12. Մանե Հակոբյան, «Ժողովուրդն է տերը երկրի միություն» ՀԿ


  13. Լևոն Բարսեղյան, «Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ» ՀԿ


  14. Նադեժդա Հակոբյան, «Կրթության ասպարեզ» ՀԿ


  15. Ելենա Մանվելյան, «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ


  16. Ավետիք Իշխանյան, «Հայաստանի հելսինկյան կոմիտե» ՀԿ


  17. Արմենակ Դովլաթյան, «Հայկական էկոլոգիական բարեգործական» հիմնադրամ


  18. Ժասմինա Թելյան, «Հայ կին» աջակություն ժողովրդավարությանը»» ՀԿ


  19. Նազելի Վարդանյան, « Հայաստանի անտառներ» ՀԿ


  20. Գոհար Օգանեզովա, «Հայկական բուսաբանական ընկերություն» ՀԿ


  21. Արթուր Սաքունց, « Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ


  22. Էդիկ Բաղդասարյան, «Հետաքննող լրագրողներ» ՀԿ


  23. Արփինե Գալֆայան, «Մարդու իրավունքների և ժողովրդավարության ինստիտուտ» ՀԿ


  24. Անահիտ Մարգարյան, «Մենք պլյուս» ՀԿ


  25. Հասմիկ Ասլանյան, «Շողեր» միություն»» ՀԿ


  26. Սեդրակ Բաղդասարյան, «Պետական կարիքների զոհեր» ՀԿ