Չի համապատասխանում ուղևորների նվազագույն պահանջներին

Չի համապատասխանում ուղևորների նվազագույն պահանջներին
Հայաստանի Սպառողների Ասոցիացիայի բաց նամակը վարչապետ պրն. Տիգրան Սարգսյանին,Երեւանի  քաղաքապետ պրն. Կարեն Կարապետյանին



Հարգարժան պարոնայք, Երևանի տրանսպորտային ցանցի ներկա վիճակը չի համապատասխանում ուղևորների նվազագույն պահանջներին և չունի զարգացման հանրօգուտ տեսլական: Այաօր մայրաքաղաքի տրանսպորտային ցանցը ձևավորում են նախ միկրոավտոբուսները, ապա` ավտոբուսները:



Ինքնին հասկանալի է, որ միկրոավտոբուսներն ըստ իրենց տեխնիկական բնութագրի, նախատեսված չեն միլիոնանոց քաղաքում ուղևորափոխադրումների համար` հատկապես դրանց ներկայիս բեռնվածությամբ և մաշվածությամբ: Սակայն ավտոբուսային պարկի ավելացումը մենք համարում ենք միայն մասնակի լուծում, քանի որ, նույնիսկ եթե համարենք, որ ավտոբուսներն իրենց աղմկային ֆոնով և հարմարավետությամբ չեն զիջում տրոլեյբուսներին, միևնույն է, դրանք առկա են թողնում տնտեսական և բնապահպանական խնդիրներ:



Տրոլեյբուսների ցանցն ընդլայնելով` հասարակական տրանսպորտի ոլորտում հնարավոր է ապահովել ներմուծման փոխարինում, այն է` ներմուծվող վառելիքի սպառումը կփոխարինվի Հայաստանում արտադրվող էլեկտրաէներգիայի օգտագործման ավելացմամբ: Ներմուծման նվազեցումը երկրի ղեկավարների կողմից բազմիցս հայտարարվել է որպես երկրի տնտեսական քաղաքականության հիմնական ուղենիշներից մեկը:



Այդ խնդրի լուծմանը կնպաստի միայն էլեկտրոտրանսպորտի զարգացումը` զգալիորեն նվազեցնելով հանրապետության կախվածությունը ներմուծվող վառելիքից: Բացի դրանից, այդ դեպքում քաղաքի տրանսպորտային համակարգը կդիվերսիֆիկացվի, ինչն էլ ոլորտում մրցակցության աճ կստեղծի:



Այսօր, երբ խոշոր արդյունաբերական ձեռնարկությունների ճնշող մեծամասնությունը չի գործոևմ, մայրաքաղաքի աղտոտումների հիմնական մասը բաժին է ընկնում ուղևորատրանսպորտին: Երևանի տրանսպորտային համակարգի հենասյունը դարձնելով էլեկտրոտրանսպորտը` հնարավոր կլինի էապես կրճատել օդի աղտոտվածությունը:



Գիտակցելով, որ էլեկտրատրանսպորտի զարգացումը կապված է որոշակի բարդությունների և ներդրումների հետ, այդուհանդերձ պետք է նշեք, որ միկրոավտոբուսների եկամտաբերությունը գոյանում է  մեր իսկ` բնակչութան կողմից վճարվող ուղևարձերից: Հետևաբար, ավելի նպատակահարմար ենք գտնում նույն միջոցներն ուղղել հասարակության և քաղաքի  համար ավելի պիտանի և արժանապատվությանը հարիր փոխադրամիջոցի զարգացանը:



Գիտակցում ենք նաև, որ երթուղային տաքսիների ոլորտը, լինելով բարձր եկամտաբեր, դարձել է տարբեր մակարդակի շահերի թիրախ: Սակայն հավատում ենք, որ վճռականությունն ու պատրաստակամությունը` երկրի քաղաքացիների կյանքի որակի բարձրացման գործում, անլուծելի չեն թողնի այս խնդիրը:



Հայտնում ենք նաև հարցի քննարկմանը մասնակցելու մեր պատրաստակամությունը:



Նախագահ՝  Արմեն Պողոսյան