Գյումրիում տեղի ունեցած սպանության դեպքը ցնցել է մարզի բուժաշխատողներին

Գյումրիում տեղի ունեցած սպանության դեպքը ցնցել է մարզի բուժաշխատողներին
Հունիսի 26-ին, ժամը 23:30-ի սահմաններում Գյումրիի շտապօգնությունը կանչ է գրանցել Գյումրիի Կոմինտերնի 2-րդ նրբանցքի թիվ 13 բնակարանից, թե տան բնակիչ Արամայիս Կարապետյանը վատառողջ է, գանգատվում է կոկորդի ցավից, ջերմում է եւ այլն: Կայանը գրանցել է կանչն ու համապատասխան խմբին ուղարկել հիշյալ հասցե: Շտապօգնության խմբին տան դիմաց դիմավորել է Արամայիս Կարապետյանի որդին՝ Արտակ Կարապետյանը, ով հարբած է եղել:



Նա անգամ չի սպասել, որ շտապօգնության մեքենան կանգնի, ընթացքի ժամանակ բացել է մեքենայի դուռը, հայհոյել խմբի աշխատողներին, իսկ բժշկին դուրս է գցել մեքենայից ու սկսել հարվածներ հասցնել նրան: Մինչեւ հիվանդի բնակարան հասնելը Արտակ Կարապետյանը բժշկին հարվածներ է հասցրել, ծեծը շարունակել անգամ իրենց տան դռան դիմաց, մոր ներկայությամբ:



Հարվածել է նաեւ վարորդին, բուժքրոջը:  Գյումրիի շտապ բուժօգնության կայանը նույն հասցեից շուտով ստացել է երկրորդ հեռախոսազանգը՝ այս անգամ ոչ թե հիվանդի, այլ բժշկի համար: Հերթապահ Հերմինե Գեւորգյանն ուղարկել է երկրորդ մեքենան եւ հեռաձայնել ոստիկանություն: «Բուժքույրը կապվեց, ասաց՝ փակել են մեզ ներսում, հարձակվել են բժշկի վրա, ծեծում են մեզ: Անմիջապես զանգել եմ ոստիկանություն, նաեւ երկրորդ բրիգադն եմ ուղարկել օգնության, բայց իզուր…»,-մեզ լացակումած պատմում էր հերթապահ Հերմինե Գեւորգյանը:



Այնուամենայնիվ, շտապօգնության խումբը կանչը սպասարկել է, հիվանդի վիճակը բարելավվել է, սակայն հիվանդի տան մեջ մահացել է բժիշկը` երկարատեւ մասնագիտական փորձ ունեցող, հայտնի վիրաբույժ Աշոտ Գրիգորյանը: «Բժշկի առողջական վիճակը կտրուկ վատթարացել է, նա նստել է բազկաթոռին ու ասել՝ շատ վատ եմ, երեւի մահանամ, ու մահացել է: Մինչ այդ նրան էնքան է խփել, որ անգամ բժշկի կոշիկներն են մի կողմ թռել, խնդրել է թույլ տալ հագնել կոշիկները, բարձրանալ վերեւ, բայց չի թողել»,-ասում է կայանի տնօրեն Ռոբերտ Թորոսյանը:



Գործով զբաղվում է Շիրակի մարզի ոստիկանության քննչական վարչությունը: Հարցաքննել են ականատեսներին ու վկաներին, եւ, իհարկե, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Սակայն դեռեւս քրեական գործ չի հարուցվել, իսկ բժշկին ծեծի ենթարկած անձը՝ Արտակ  Կարապետյանը, կեսօրին կալանավորված չէր:



Շիրակի մարզի քննչական վարչությունից նշում էին, որ առայժմ սպասում են դատաբժշկական  փորձաքննության եզրակացությանը: Գործով զբաղվող ավագ քննիչ Վահրամ Բեյբությանը հնարավոր էր համարում նաեւ այն, որ բժիշկ Աշոտ Գրիգորյանի մահը կարող է վրա հասած լինել հանկարծակի: Միայն կեսօրից հետո Շիրակի մարզի քննչական վարչությունից փոխանցեցին, որ սպանության փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, եւ Արտակ Կարապետյանը ձերբակալված է:



Հերմինե Մկրտչյան, Գյումրի