Չորրորդ հանրապետության թիթեռն ու թրթուրը

Չորրորդ  հանրապետության թիթեռն ու թրթուրը
Հազարավոր երիտասարդներից մի խումբ տղաներ եւ աղջիկներ՝ սովորական երեխեք, հավաքվել են արտաքին գործերի նախարարության մոտ եւ պահանջում են՝ թշնամուն չզիջել մեր հաղթանակով ձեռք բերած մեր հողերը... Մտածում եմ՝ քսան տարի մենք որքան սխալներ ենք արել: Չէ՞ որ քսան տարի առաջ այն, ինչ ճչում էր ամբողջ հայ ազգը՝ «միացում», հիմա ճչում են այդ մի խումբ երեխաները՝ եկեք միասին լինենք, «մենք ուժեղ ենք, երբ միասին ենք»:



Այն, որ կարիք կա 20 տարի անց նորից անդրադառնալ դրան, նշանակում է, որ այս ընթացքում հաստատ դրան չենք հասել: Որ այն միացումը, որ «միացրեց» մեզ, խարխլված է: Չեմ ուզում նշել անուններ, նախագահներ, որոնք հասցրին այս ամենին:



Ինքս ինձ էլ մեղավոր եմ զգում, որովհետեւ այս երեխաները՝ իմ երեխաների սերունդը, փաստորեն, ստիպված են սկսել ոչ թե այն տեղից, որը մենք ենք թողել, այլ մի քանի քայլ հետ են անում՝ նորից նույն խնդիրը լուծելու: Եվ ինչպես չասել, որ երրորդ հանրապետությունը, տգեղ ու տխուր թրթուրի նման, ոչ մի տեղ չի կարող հասնել, այն սոսկ թպրտում է, որի մահից հետո աշխարհ կգա թիթեռը: Ճիշտ այնպես, ինչպես, Քրիստոսի խոսքով՝ հողն ընկած ցորենի հատիկը պետք է մեռնի, որ հասկ տա:



Տանջագին եւ ցավագին այն գործընթացն է այս պահին, երբ թրթուրից, դանդաղ երկնելով բոլոր ցավերով՝ ծնվում է թիթեռը: Եվ, նայելով այս երիտասարդների դեմքին, նրանց աչքերում տեսնում եմ, որ վաղվա Հայաստանում այսօրվա էկրանից երեւացող քաղաքական դեմքերն այլեւս չկան, նրանց թողել  են անցյալում, որովհետեւ այսօրվա մարտահրավերներին այդ դեմքերն այլեւս պատասխան չունեն: Դրա համար մեր երեխաները նորից հնչեցնում են այն հարցերը, որոնց պատասխանները կարծես վաղուց տրված էին:



Այս երկիրը երիտասարդներին է պատկանում, եւ երրորդ հանրապետության վախճանը, որին ականատես ենք մենք, այս թրթուրի մահն ավարտվելու է գեղեցիկ թիթեռի ծնունդով: Մենք պարտություն ենք կրում այս պահին, բայց հաղթելու ենք անպայման, որովհետեւ մեր սերունդը չի հանգստանա՝ մինչեւ երկիրը կարգին վիճակում չհանձնի մեր երեխեքին: Եվ հիմա ես ամաչում եմ, որ այս երեխաները ստիպված անում են այն գործը, որը պետք է անեինք մենք՝ պատերազմում հաղթած սերունդներս, որ հանդուրժեցինք պարտվել խաղաղության օրերին:



Տիգրան Խզմալյան, կինոռեժիսոր