«Ամենամարտունակի» հերթական զոհը

«Ամենամարտունակի» հերթական զոհը
Մինչ հանգստյան օրերին հեռուստաէկրաններից թմբկահարում էին, թե ՊՆ համապատասխան ծրագրի արդյունքում 2011թ. առաջին կիսամյակում զինված ուժերում կարգապահության ամրապնդման ուղղությամբ արձանագրվել է «զգալի առաջընթաց», էլեկտրոնային լրատվամիջոցները հանրությանը կրկին գուժեցին բանակում զոհված հերթական զինվորի մահվան բոթը:



Կիրակի կեսգիշերին Ագարակի Մարգիի զորամասի պայմանագրային զինծառայողն ինքնասպանություն է գործել՝ ցած է նետվել ժայռից: Ըստ լուրերի՝ զինվորականը խնդիրներ է ունեցել զորամասում, եւ վարկած կա, որ նրան սպանել են, այլ ոչ թե ինքնասպան է եղել: Պաշտպանության նախարարությունը երեկ դեպքից մանրամասներ չհաղորդեց, խոստացան պաշտոնական հաղորդագրություն տարածել, բայց այդպես էլ չտարածեցին:



Հավանաբար ընդհանուր հայտարարի չեկան, թե ինչը գրեն, ինչը թաքցնեն: Բնականաբար, այս անգամ էլ կփորձեն զինվորի մահը ներկայացնել սոսկ որպես բանակային միջադեպ: Սակայն մինչեւ ե՞րբ պետք է տարածաշրջանի «ամենամարտունակ» սպանդանոցի յուրաքանչյուր զոհին «հերթական» ասեն ու դրա տակ թաքցնեն իրական ողբերգությունները:



Ինչո՞ւ է զինվորն  ինքնասպան լինում, ի՞նչը կամ ո՞վ է նրան դրդում այդ քայլին: Բայց որքան էլ թաքցնեն, միեւնույն է՝ յուրաքանչյուր ողբերգական դեպք իր նախապատմությունն ունի, իր հանգամանքներն ու դրդապատճառները:



Բանակում տեղի ունեցող դաժան, զազրելի, ստորացուցիչ վարքուբարքերի մասին ո՞վ չգիտի: Կարելի է անվերջ քննարկել, մատնացույց անել այս կամ այն բացթողումը, խոսել իրավունքների ու պարտականությունների, բեսպրեդելի ու չգրված օրենքների, տարբեր ընտանիքների տարբեր դաստիարակությունների բախման մասին:



Սակայն բանակի մեծագույն խոցը, նույն ծառայածների խոսքով, «հաղթանակ կերտած» «աֆիցերի» սինդրոմն է: Պարզվում է՝ ֆիդայու դասական եւ դասագրքային կերպարը` մաուզերով, մորթե գլխարկով ու ոլորած բեղերով, սոսկ դարն ապրած դիմապատկեր չէ, այլ էություն, կենսակերպ, որ անխախտ անցել է վերջին հարյուր տարիների միջով ու արմատներ ձգել մեր օրերում:



Նրանց համար թշնամի են բոլոր նրանք, ովքեր իրենց դեմ են: Նրանք ոչ մի կերպ ու ոչ մի գնով չեն կարողանում բաժանվել այն գիտակցությունից, թե իրենց է տրված հողի ու տասնյակ հազարավոր մարդկանց ճակատագիրը տնօրինելու իրավունքը:



Մարդիկ պատերազմում հաղթել են եւ հիմա բոլոր իրավունքներն ունեն 18 տարեկան պատանիների կողերը ջարդել, ծխախոտի ֆիլտրը հանգցնել ճակատին, թքել երեսներին, զինվորի լեզվով կոշիկ փայլեցնել տալ ու հորթի հրճվանք զգալ: Մինչեւ ե՞րբ պիտի հաղթանակը զինվորի գլխին փաթաթեք ու հրճվեք բանակ կոչվող զոհասեղանին սպա-կուռքերին պարբերաբար մատուցվող զոհողություններից:



Բանակում ծառայած ծանոթներիս կարծիքով, բանակում եթե չեն սպանում կամ հաշմանդամ դարձնում, ապա հաստատ բարոյապես խեղում են: «Էս հողն էնքան թուրքի արյուն  ա խմել, որ ամեն վայրկյան հողի տակից թուրք կարող ա ծլի: Զգոն եղեք»,- ահա այս օրինակն են ինձ մշտապես հիշեցնում՝ իբրեւ սահմանին  գիշերային հերթապահության կանգնած զինվորի դաստիարակության օրինակ, հետո էլ նկատում, թե դժվար է ասել՝ դրանից հետո 18-ամյա պատանին զգո՞ն կլինի, թե՞ ահաբեկված: