Դավիթ Սարգսյանը՝ տնօրենի գլխավոր խորհրդական

Դավիթ Սարգսյանը՝ տնօրենի գլխավոր խորհրդական
Չնայած Ազգային գրադարանի կոլեկտիվի եւ մտավորականների պայքարին, տնօրեն Դավիթ Սարգսյանին հեռացրին, եւ պաշտոնակատար նշանակվեց Տիգրան Զարգարյանը: Այդ օրերին Դավիթ Սարգսյանը մեզ ասել էր, որ եթե ծանուցագրին հաջորդի աշխատանքից ազատելու հրամանը, ինքը մամլո ասուլիս կհրավիրի ու կխոսի ամենախոցելի նախարարի վարած մշակութային քաղաքականության բարոյահոգեբանական կողմերի մասին: Չկայացած ասուլիսի հետքերով երեկ զանգահարեցինք Դավիթ Սարգսյանին, ով նշեց, որ ասուլիսը հետաձգել է, քանի որ առողջական խնդիրներով է զբաղված:



«Սրտի հետ կապված խնդիրներ են, երեւի էդ նյարդային վիճակից, փորձում եմ շատ չջղայնանալ: Հետո էլ ուզում եմ հնարավորինս հետաձգել ասուլիսը, որ ինչ-որ հանգրվան լինի, ասելիք ունենամ եւ կարողանամ լրջորեն խոսել խնդիրների մասին»,- նշեց նա: Պարոն Սարգսյանը հերքեց այն լուրը, թե ասուլիսը տեղի չունեցավ իրեն աշխատանք առաջարկելու պատճառով: Թեեւ առաջարկը եղել է, եւ այն ընդունել է:



Նա նշանակվել է Ազգային գրադարանի տնօրենի գլխավոր խորհրդական եւ գիտխորհրդի նախագահ. «Ստիպված էի ընդունել առաջարկը, որովհետեւ անձնական բիզնես, ապրուստի այլ միջոց չունեմ, մինչեւ տեսնեմ ինչ է տեղի ունենում»:



Քանի որ պայմանագիրը կնքվել է 2 օր առաջ, ու ինքն էլ դեռ առողջական խնդիրներ ունի, առայժմ աշխատանքի չի գնում: «Մի քիչ կարգավորվեմ՝ անպայման կգնամ, որովհետեւ ուզում եմ կոլեկտիվիս հետ լինել»,- ասաց Դ. Սարգսյանը: Պարզ չէ, սակայն, թե ինչպես են համատեղ աշխատելու հինն ու նորը: