Հ1-յան ինտրիգները կտեղափոխվեն «Արմնյո՞ւզ»

Հ1-յան ինտրիգները կտեղափոխվեն «Արմնյո՞ւզ»
Երեկ երկրիս լրատվական դաշտն աշխուժացել էր եւս մեկ թեմայով՝ Հ1-ի մեկնաբան, «Բանաձեւ» նախագծի ղեկավար Արտակ Ալեքսանյանն իր կողմնակիցներով լքում է Հանրային հեռուստատեսությունը եւ օգոստոսի 1-ից տեղափոխվում «Արմնյուզ» հեռուստաընկերություն՝ որպես  տնօրեն: Ըստ շրջանառվող լուրերի՝ այս տեղափոխությունը միտված է Ալեքսանյանի բարձրացող հեղինակությունը ճնշելուն, թեեւ նշում են նաեւ, որ պատճառներից մեկն էլ նրա պրոսերժական կերպարն է, ընտրությունների շեմին Հ1-ում անկախության իմիտացիա ստեղծելու խնդիր է դրված:



Բայց այս տեղափոխությունն ավելի շատ ուղղված է ՀՀԿ-ական, «Արմնյուզի» տնօրեն Մենուա Հարությունյանի դեմ: Նշենք, որ վերջինս աչքի է ընկնում կոմերցիոն լրագրության դաշտում իր բացառիկ հմտություններով, ինչն անփոխարինելի է հեռուստատեսության պարագայում: Այս դեպքում, փաստորեն, «Արմնյուզը» կզրկվի ֆինանսական աղբյուրից եւ կփոխարինվի արեւմտյան ժուռնալիստիկայի տարրերով: Այս պատմությանն առնչվող անձանցից փորձեցինք մեկնաբանություններ լսել:



Մենուան ինքնավստահ հայտարարեց. «Արտակ Ալեքսանյանը չի գալիս իմ փոխարեն աշխատելու, մեր գործառույթները տարբեր են, նա զբաղվելու է լուրերով, մենք ոչ թե իրար խանգարելու ենք, այլ փորձելու ենք համատեղ աշխատել, որպեսզի հեռուստաընկերության ռեյտինգը բարձրանա: Ես «Արմնյուզում» աշխատող չեմ եղել, որ ինձ հանեն, ես կառավարման պրոցես եմ իրականացրել: Ես կոմերցիոն բլոկն եմ ղեկավարում»: Ավելին՝ նույն վստահությամբ պնդեց, որ Արտակն իր թիմով կկարողանա այս հեռուստաընկերությունն ուժեղացնել Հ1-ին «աբգոն» անելու աստիճանի, ինչը թերեւս լավագույն ցանկությունների դեպքում հնարավոր չէ, քանի որ «Արմնյուզի» տեխնիկական հնարավորությունները նույնիսկ Հայաստանի տարածքով հեռարձակվելու հնարավորություն չեն տալիս:



Իսկ Արտակ Ալեքսանյանն այսպես բացատրեց. «Իրականում խնդիրը հետեւյալն է, երբ որ 2008-ին Միացյալ Նահանգներից եկա Հ1 եւ «Բանաձեւ» ընկերությունը մենակով բացեցի, ու հիմա 30 հոգանոց մեծ թիմ է, ինչը միայնակ ղեկավարելն ու ֆինանսավորում գտնելը շատ դժվար է, հիմա ինձ առաջին անգամ հնարավորություն է տրված կարիերնի ազարտն ապրել՝ դառնալ հեռուստաալիքի ղեկավար»: Արտակի ներկայացնելով՝ առաջարկը եղել է «Արմնյուզից»: Սակայն որքան էլ նա խոսի «կարիերնի ազարտի» մասին, դժվար թե Հ1-ի մեծ հեռուստալսարանն ինքնակամ փոխարիներ սահմանափակ հնարավորություններով TV-ով:



Ի դեպ, Արտակ Ալեքսանյանն ընդգծեց իր եւ Ալիկ Հարությունյանի բարիդրացիական հարաբերությունները: Մոռացավ միայն նշել, որ տեւական ժամանակ է, ինչ Ալիկ Հարությունյանը Հ1-ում անգլիական թագուհու դերում է: Մենք տեղեկություններ ունենք, որ կադրային փոփոխությունները Հանրայինում շարունակվելու են, որի պատճառների մասին փորձեցինք մեկնաբանություն լսել քաղաքական-լրատվական ծրագրերի ղեկավար Սամվել Ֆարմանյանից: Վերջինս, պարզվեց, վիրավորված է եւ չի ուզում խոսել:



«Ես առանձնապես մեծ կարծիք չունեմ այն լրագրողների մասին, ովքեր առիթ են ման գալիս սեւ բան գրելու: Ես վստահ եմ, որ վաղն էլ իմ խոսքերից հետո կարող եք գրել. իհարկե դա Ձեր իրավունքն է»: Հ1-ի եւ այնտեղ աշխատող կադրերի մասին «սեւ» բաներ գրելու կարիք, կարծում ենք, առանձնապես չկա՝ նրանք ու նրանց արած գործը հեռուստադիտողների ու մեր ընթերցողների աչքի առաջ են, եւ ինքն իր մասին հրաշալի պատմում է: