Նախագահականը հանձնարարել է, տուժածը լռում է...

Նախագահականը հանձնարարել է, տուժածը լռում է...
Արդեն տեղեկացրել ենք, որ հունիսի 23-ին Էջմիածնում երկու հոգի ծեծել են 21-ամյա Վարդան Սախկալյանին: Ոստիկանության տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ ասվում է, որ «Մ. Խորենացի փողոցի շենքերից մեկի բակում անհայտ անձինք ծեծի են ենթարկել 21-ամյա Վարդան Ս.-ին: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հանցագործությունը կատարել են 24-ամյա Մանուկ Պ.-ն եւ 31-ամյա Արայիկ Յ.-ն: Մանուկ Պ.-ն ստորագրությամբ բաց է թողնվել:



Ձեռնարկվում են միջոցառումներ Արայիկ Յ.-ին հայտնաբերելու համար»: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ ծեծողները եղել են գեներալ Մանվել Գրիգորյանի փոքր որդու ընկերները: Ստորագրությամբ բաց է թողնվել հենց նա` «Մաչան» մականունով Մանուկ Պ.-ն, ում դեպքից հետո տեսել էին գեներալի որդու մեքենայում: Առայժմ չի նշվում ծեծկռտուքի իրական պատճառը, նախաքննություն է գնում:



Հիշեցնենք, որ Վարդանն Էջմիածնում հայտնի գործարար Էդիկ Սախկալյանի որդին է, ում միջոցներով նորոգվում է Էջմիածնի հանրակացարանը: 2007-ին կառավարության որոշմամբ հանրակացարանի մասնաշենքը նվիրատվության կարգով հատկացվել է  անապահով բնակիչներին` անհատույց սեփականության իրավունքով: Երրորդ կարգի վթարային շենքի նորոգումը պետք է կատարվեր պետության հաշվին, սակայն Էջմիածնի  քաղաքապետարանը պատճառաբանել է, թե բավարար գումար չունի:



Շենքի նորոգումը ստանձնել է Է. Սախկալյանը՝ իր սեփական միջոցներով, ինչն էլ դուր չի եկել քաղաքապետին եւ նրա հորը: Ասում են՝ նրանք հանրակացարանի ժողովրդին պարբերաբար ուղարկել են Երեւան՝ նախագահականի մոտ ակցիաներ անելու, թե իբր նորոգումն ուշանում է: ՀՀ նախագահի հանձնարարությամբ շենքի նորոգման աշխատանքների նկատմամբ վերահսկողություն է սահմանվել: Դրանով սկսել է հետաքրքրվել ՀՀ նախագահի վերահսկողական ծառայությունը՝ Հովիկ Հովսեփյանի ղեկավարությամբ: Պարզվել է, որ, ըստ պայմանագրի, աշխատանքները պետք է ավարտվեն այս տարվա հոկտեմբերի վերջին:



Ընդհանուր առմամբ, կես մլն դոլար է նախատեսված աշխատանքների իրականացման համար: Նախագահի վերահսկողականի աշխատակիցները համարյա ամեն շաբաթ Էջմիածնում են լինում եւ հետեւում աշխատանքներին: ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության խորհրդատու Վահրամ Աբրահամյանը մոտ 15 օր առաջ լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում դժվարացել էր ասել, թե ում շահերից են բխում այդ բողոքները: Բայց ակնհայտ է, որ դրանք հրահրվում են Սախկալյանի թշնամիների կողմից: Ի վերջո, այս հակամարտությունն ավարտվել է ծեծով, որի մասին մենք գրել ենք: Դեպքը  տեղի է ունեցել հենց հանրակացարանի բակում, երբ Վարդան Սախկալյանը գնացել է շինհրապարակ` հետեւելու աշխատանքներին: Նախագահականում հետաքրքրված են նաեւ այս ծեծի մանրամասներով եւ քննությանը հետեւում են:



Բայց տուժածը եւ նրա բարեկամները լռում են, հավանաբար վտանգավոր է գեներալի դեմ խոսելը, ինչը, ըստ իրավապահների, դժվարացնում է բացահայտման աշխատանքը: Վարդանի հարազատներն էլ իրենց հերթին դա պատճառաբանում են նրանով, որ չեն ուզում խանգարել նախաքննական մարմնի աշխատանքին, սակայն կխոսեն, երբ զգան, որ ինչ-որ բան այն չէ, եւ քննության ընթացքը շեղվում է ճիշտ ուղուց:



Անի Առաքելյան