Մի քիչ էլ Աստծո պարգեւի եւ ձվածեղի մասին (մաս 2)

Մի քիչ էլ Աստծո պարգեւի եւ ձվածեղի մասին (մաս 2)




Անցած շաբաթվա «Մի քիչ էլ Աստծո պարգեւի եւ ձվածեղի» մասին վերնագրով հոդվածս (ակնկալում եմ` կարդացել եք) ընդամենը մեկ նպատակ ուներ` ցույց տալ, թե որքան զավեշտալի եւ միեւնույն ժամանակ վտանգավոր կարող են լինել սահմանափակումները միայն հանուն պայմանական գաղափարի, եթե այդ գաղափարը մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները չեն, իհարկե:



Անշուշտ, կարելի է զոհել շատ ազատություններ, արտոնություններ եւ հնարավորություններ, երբ պահն օրհասական է, եւ գաղափարն այնպիսի միավորի փրկությանն է վերաբերում, ինչպիսին, ասենք, պետությունն է: Բայց այստեղ երկու «բայց» կա: Նախ մեր հասարակությունը, առավել եւս` դրա ադմինիստրատիվ մասը դեռեւս գերակայությունների ընտրություն կատարելու խնդիր ունի, քանի որ պատրիարխատի կամ կլանային մենիշխանության այլասերված դրսեւորումներին վտանգ սպառնալը դեռ «հանուն ազգի փրկության» սլոգանով կոչնակ հնչեցնելու առիթ չէ: Մի կողմ դնենք նաեւ այն, որ մենք այնպիսի ժողովուրդ ենք, որը պատրաստ է արմատախիլ անել աճող հարուստ բուսականությունը` հողը համբուրելու հնարավորություն ստանալու համար: Էստեղ երկրորդ «բայցն» ավելի կարեւոր է. բայց օրհասակա՞ն է պահն արդյոք:



Պահանջարկն է ծնում առաջարկ



Ինչ նախանշաններով է հնարավոր հասկանալ, որ հասարակությանդ ադմինիստրատիվ հատվածը, այդ թվում եւ ՀԱԵ (Հայ առաքելական եկեղեցի) հոգեւոր դասն իրոք կարողանում է տարբերակել գերակա շահը սեփական անհատական կամ խմբային կամայականություններից, եւ «պահն օրհասական է» պաթետիկ արտահայտությունը ոչ թե նեյրոլինգվիստիկ հնարք է, այլ իրականություն: Անձամբ ես կհասկանամ, որ հայրենիքի սահմաններին վտանգ է սպառնում, երբ նախարարների կամ պատգամավորների որդիները կզորակոչվեն բանակ:



Կհասկանամ, որ կրթական համակարգի հետ լուրջ խնդիրներ ունենք, երբ դպրոցների տնօրենների կամ ռեկտորների ընտրությունն ուղիղ համեմատական չի լինի նրանց ծառայամտության աստիճանին: Կհասկանամ, որ «աղանդները» կործանում են մեր ազգը, երբ Նավասարդ արք. Կճոյանը կվաճառի իր «Բենթլին» ու իրեն կտա մեկամսյա ճգնանքի: Բայց ինչո՞ւ ոչ, պահի օրհասականությունը բա էլ ո՞նց պետք է արտահայտվի, եթե ոչ պատկան մարմինների անհանգստության իրական դրսեւորումներով:



Տպավորություն կստեղծվի, թե չարաշահում ենք տխրահռչակ «Բենթլիի» շահարկումը, բայց` ոչ, այն պարզապես հավաքական օրինակ է այն իրականության, որի արդյունքում ծնվում է պահանջարկ, որն էլ իր հերթին անխուսափելիորեն առաջացնում է առաջարկների մեծ շղթա: Հակընդդեմ կարծիքներ հայտնողներն ասում են, որ ՀԱԵ-ն մեղավոր չէ, դա դրսից եկած կրոնական կազմակերպություններն են իրենց առաջարկներով կարողանում գերել մեղավոր հոգիներին: Սա ընդունելի փաստարկ կլիներ, եթե ՀԱԵ ադմինիստրատիվ հատվածն ուսերը թոթվեր, թե՝ բա էլ ի՞նչ անենք, ու ոչ ոք դրա պատասխանը չունենար:



Ֆինանսական ռեսուրսներ, դրախտային անդրշիրիմյան կյանքի կամ հարության խոստումներ… Սրանք իրենց ուժով ոչինչ են այն վանող երեւույթների դեմ, որոնք այսօր դրսեւորում է ՀԱԵ հոգեւոր դասը: Ու որքան էլ պրիմիտիվ հնչի, «Բենթլին» այ հենց դրանց մարմնավորումն է:



Ինչից են մարդիկ բողոքում եւ «բողոքականանում»



Ըստ էության Հիսուս Քրիստոսն ինքը, երեւի, առաջին բողոքականն էր: Եթե վերանանք թեոսոֆիայից եւ մեզ վերապահենք միայն սյուժետային նկարագրական մասին անդրադառնալու իրավունքը, ապա տաճարն առեւտրականներից մաքրելու դրվագն ինքնին բողոքականության դրսեւորում է` ուղղված ոչ թե կրոնի դավանաբանական կողմին, այլ նրա սպասավորների կողմից հանդուրժվող երեւույթներին ու հոգեւորի հետ կապ չունեցող ավանդույթներին: Ինքն էր ասում` Ես չեկա օրենքը քանդելու, այլ կատարելու: Բայց հետաքրքիրն այն է, որ հետագայում բողոքականության այդ դրսեւորումը, առանձին կրոնական ուղղություն դառնալով, ձեռք բերեց նաեւ դավանաբանական առանձնահատկություններ եւ տարբերություններ:



Ըստ էության բողոքականության ֆորմալ հիմնադիր Մարտին Լյութերի բողոքը նույնպես հոգեւորականության լիազորությունների չարաշահման դեմ էր: Լյութերի հայտնի 95 թեզիսներն ի հայտ եկան այն բանից հետո, երբ Հռոմի Լեոս X պապը դրեց ինդուլգենցիաների վաճառքի խայտառակ ինստիտուտի հիմքը: Բողոքականության այս դրսեւորումը եւս հետագայում ճյուղավորվեց եւ դարձավ սեփական դավանաբանությամբ քրիստոնեական կրոն: Ընդհանրապես պատմությունն ուսումնասիրելիս շատ դժվար է հանդիպել այլ պատճառների, երբ տեղի են ունեցել եկեղեցիների պառակտումներ կամ ձեւավորվել են կրոնական նոր դավանաբանությամբ համայնքներ, բացի շահախնդրությամբ եւ փողասիրությամբ պայմանավորված մարդկային գործոնից: Ահա այս պատճառով է, որ Արարատյան թեմի առաջնորդի «Բենթլին» հավերժ արդիական սիմվոլ է, քանի դեռ գոյություն ունի մեր իրականության մեջ:



Ի վերջո, երբ հոգեւորականին վճարում ես ծիսակարգի համար, ընդ որում ոչ թե կամավոր եւ քո ուզացի չափով, այլ հստակ գործող սակագներով, ավելի աղոտ ես զգում նրա միջոցով հոգեւորի հետ քո կապը, նա դառնում է հասարակ չինովնիկ, որը քեզ կենցաղային ծառայություն է մատուցում: Իսկ հոգեւորի հետեւից արդեն գնում ես ուրիշ ուղղությամբ:



Վահագն Թեւոսյան