Թոթափե՛նք «Հայռուսգազարդի» լուծը

Թոթափե՛նք «Հայռուսգազարդի» լուծը
Խորհրդային Միության վերջին տարիներին, երբ ասում էին՝ թաղայինը, խուճապ էր առաջանում թաղում ու տներում: Հետագայում խուճապային առումով փոխարինելու եկավ «լույսի մարդ» արտահայտությունը, իսկ այժմ դրանց համարժեք է հնչում «գազի մարդը»: Հայաստանում դժվար թե գտնվի մի սպառող, ով առնչված լինի «ՀայՌուսգազարդի» հետ եւ գոհունակություն հայտնի: Կոնկրետ անուննե՞ր եք ուզում՝ խնդրեմ, հոդվածի վերջում կարդացեք իմ անունը, հետո ձեզ կասեմ հարեւաններիս, ծանոթներիս, ընկեր-բարեկամներիս անունները, բայց ավելի ամբողջական ու բովանդակալից պատկեր ստանալու համար կարդացեք ՀՀ-ում բաժանորդների ցուցակը վերից վար:



Օրինակ նրանցից մեկը՝ Ռոդնեյ Սաղոյանը. «Ես ձմռանը բնակարանը գազով չեմ ջեռուցում եւ օգտագործում եմ նույնքան գազ, որքան տարվա մյուս եղանակներին, բայց ձմռան ամիսներին հաշվիչի ցուցմունքը երեք անգամ ավելի է կազմում, որովհետեւ այդ ամիսներին ճնշումը բարձրացնում են: Ես մենակ եմ ապրում եւ լավ գիտեմ, թե որքան եմ օգտագործում:



Դժգոհ են նաեւ իմ բոլոր հարեւանները: Ապրիլի 4-ի խորհրդարանական լսումների ժամանակ էներգետիկայի նախարարի հետ կողք-կողքի էինք նստած, եւ նրան հարցրի՝ ճի՞շտ է, որ ճնշումը բարձրացնում են, պատասխանեց՝ մեկ-մեկ: Ռոբերտ Նազարյանն էլ հայտարարեց, որ «ՀայՌուսգազարդն» ամեն խորանարդից 45 դոլար շահույթ ունի: Իսկ վերջերս տեսուչն ինձ լացացրեց, թե բաղնիքի կաթսայի վերեւի խողովակը մետաղից չէ, այլ թիթեղից` ֆոլգայից, բայց ես այդ տեսքով խանութից եմ գնել, թող խանութը փակեն: Կաթսան կնքել են եւ ակտն իրենց մոտ գրել, որի տակ չկա իմ ստորագրությունը: Խայտառակություն է, ձեռ են առել ժողովրդին, ստրուկ են դարձրել»:



Ստրկություն չէ, մոնղոլ-թաթարական արշավանք է, եւ դրանցից ամեն մեկն իրեն Չինգիզ խան է զգում: Սկսած սպառող դառնալու թվացյալ դյուրին գործընթացից, գազիֆիկացման աշխատանքներից եւ տեխնիկական սպասարկումով ավարտած՝ բնակիչը սթրեսի մեջ է ընկնում: 2008թ. սեպտեմբերին Արտաշատի բնակիչը դիմում է գազիֆիկացման համար եւ 2010թ. վերջապես հասնում այդ բաղձալի երազանքին: Ամեն անգամ հեռվից հեռու մի պատճառ են բռնում: Բնակիչը չի կարողանում ապացուցել, որ ի սկզբանե ծխատար ու օդատար է ունեցել, որովհետեւ մարդավարի չեն գալիս-ստուգեն:



Ի՞նչ իմանա, որ պետք է գրպանը փող դնի կամ ինչո՞ւ դնի: Հետո նորից պետք է հրշեջ ծառայության համար 7 հազար 500 դրամ մուծի, քանի որ նախորդ մուծումից հետո մեկ տարի է անցել, եւ այդ գումարը «հօդս» է ցնդել: Բանկում վճարումներ կատարելուց հետո բնակիչը «լեւի» էլ պիտի տա, եւ ամեն աշխատանք իր գինն ունի: «Ախպերս, հաշվիչ տեղադրելը էրկու մանեթ ա»: Զոդողներին էլ՝ ամեն մեկին երկուական հազար ես «տալիք», մեկ ուրիշն էլ գալիս է տեսնի, թե ճի՞շտ են զոդել, էլի պիտի տաս: Հետո գալիս է տեսուչը՝ շան հոտառությամբ, աջ է հոտոտում, ձախ է փնչացնում՝ բան չգտնելով, վերջապես ասում է՝ սնուցման կետից գազի վառարանին միացող ռետինե խողովակը երկար է:



Պատասխանում ես՝ ինձնից երեք մետրի գումար են գանձել եւ ասել են՝ մինչեւ երեք մետր կարելի է: Պատասխանում է՝ էդ անցյալ տարի էր, էս տարի մեկուկես մետր է դարձել, ակտ եմ գրում: Իսկ նույն Արտաշատում՝ պահանջողների աշխատասենյակում, գազատար ռետինե խողովակը 6-7 մետր է ձգվում, վառարանի ծխատար խողովակն էլ պատուհանից է հանված, սենյակում չկա նաեւ օդատար: Դե օրենքը հո իրե՞նց համար չէ, այլ բնակչի կաշին քերթելու: Երկու հազար դրամ տուր՝ ձմռանը գազը փայտի վառարանի մեջ վառիր, ուզում ես՝ օդում վառիր:



Լինում են օրեր, որ այդ 2 հազար դրամանոց Չինգիզ խաները հակադեպրեսանտներ են ընդունում եւ վերածվում են 200, 300 հազարանոց խաների:



Կոտայքի մարզի Գառնի գյուղի բնակիչ Ռուզաննա Ստեփանյանն այս տարվա հունիսի 20-ի ամսաթվով Աբովյանի ԳԳՄ տնօրեն Բ. Բաղմանյանի ստորագրությամբ ու կնիքով ծանուցում է ստանում եւ «Արմավիրի գազմաշ» ՍՊԸ փոխտնօրեն Ա. Ազիզյանի ստորագրությամբ եզրակացություն, որտեղ նշված է. «Գազահաշվիչի իրանի բացումից եւ կատարված վերլուծությունից պարզվեց, որ գազահաշվիչի անսարքության պատճառն է հետեւյալ հանգույցների շարքից դուրս գալը՝ կոտրված է խ/կնիքի լայնակույտը, հ/ս-ի իրանն ունի ներքին ճաք»: Իսկ ծանուցման մեջ նշվում է, որ բնական գազի վերահաշվարկը կազմում է 201.163 դրամ եւ. «Առաջարկվում է սույն ծանուցումը ստանալուց 7-օրյա ժամկետում վերը նշված գումարը վճարել... Չվճարելու դեպքում Ձեր բնակարանի գազամատակարարումը կդադարեցվի զոդման միջոցով, իսկ պարտքի գումարը կբռնագանձվի դատական կարգով»:



Բաժանորդը՝ Ռ. Ստեփանյանը, տեղեկացնում է. «Հորս ներկայությամբ իրենց ձեռքով նախկինում դրած արկղի կնիքը պոկել են, շահագործման ժամկետը լրացած հաշվիչը՝ փոխելու նպատակով, հանել-նորն են տեղադրել ու նորից կնքել: Որեւէ արտառոց բան չի եղել, իրենք հաշվիչը դրել-կնքել, իրենք էլ կնիքը պոկել-հանել են: Իրենցից բացի, ուրիշ մեկը հաշվիչին չի մոտեցել»: Ակտի մեջ նշված են արկղի կնիքի նախկին եւ նոր համարները: Կնիքը պոկված չի եղել, որեւէ միջամտություն չի արձանագրվել:



Դուք դրել, դուք էլ հանել եք, ո՞վ է մեղավոր, որ հանկարծ հայտնաբերել եք, թե հաշվիչի իրանը ներսից ճաքած է: Ամիսը երկու անգամ հաշվիչի ցուցմունքն արձանագրել եք, բաժանորդը ձմռան ամիսներին, երբ գազի վառարան է օգտագործել, շուրջ 26 հազար դրամի գազ է ծախսել ու վճարել, մյուս ամիսներին՝ մոտ 7 հազար: Այդպիսի դեպքեր շատ կան, երբ բաժանորդը, այլընտրանք չունենալով, ստիպված  վճարել է պահանջված «տուգանքը»:



Պարզապես «ՀայՌուսգազարդն» ավազակապետություն է պետության մեջ: Լեւոն Տեր-Պետրոսյանն ավազակապետություն ասելով՝ չի կոնկրետացնում, թե առավելապես ինչը նկատի ունի. հուսանք, որ հունիսի 30-ի միտինգում թիրախն ուղիղ կընտրի: Չի կոնկրետացնում, քանի որ «ՀայՌուսգազարդի» պես մի շարք ավազակապետություններ կան այս մի մատ եւ արդեն գրեթե անժողովուրդ երկրում՝ այդպիսի մենաշնորհ ունեցողների ինքնիշխան ու անվերահսկելի գործունեության հետեւանքով:



Մեր ընթերցողը հիմա հարցնելու է՝ հենց այսքա՞նը, եւ ամեն մեկը թվարկելու է «լույսի մարդու» այն բոլոր չինգիզխանությունները, որոնք, մեղմ ասած, զայրույթի ու վրդովմունքի առիթ են դարձել: Իսկ թե փորձենք այդ ամենը հավաքագրել ու մեկտեղել, բազմահատոր վեպի ծավալ կկազմի: Բայց մենք այդ վեպից դեռ հատվածներ կհրապարակենք մեր ընթերցողի համար:



Ֆելիքս Եղիազարյան