«Ա1+»-ը պիտի վերադառնա եթեր

«Ա1+»-ը պիտի վերադառնա եթեր
Գյումրիի լրագրողներն ու  իրավապաշտպան  կազմակերպությունների ներկայացուցիչները կարծում են, որ Եվրոպայի խորհրդի  նախարարների կոմիտեն «Ա1+» հեռուստաընկերության գործը փակելու  մասին որոշում կայացրել է առանց բավարար եւ  իրավական հիմքեր  ունենալու: Խոսքը հունիսի 8-ին ԵԽ նախարարների կոմիտեի պաշտոնական այն հայտարարության մասին է, որ Հայաստանը կատարել է «Ա1+» հեռուստաընկերության գործով Եվրոպական դատարանի վճիռը, եւ գործը համարվում է վերջնականապես փակված:



Հայաստանի իշխանությունները միջոցներ չեն ձեռնարկել «Ա1+»-ի տեղեկատվության իրավունքը վերականգնելու ուղղությամբ: Գյումրեցի  լրագրողները վկայակոչում են  Նախարարների կոմիտեի ձեւակերպումը, ըստ որի՝ պատասխանող երկիրը, բացի նյութական փոխհատուցումից, պետք է հարկ եղած միջոցները ձեռնարկի իրավախախտումները դադարեցնելու եւ դրանց հետեւանքները վերացնելու համար:



Այս դեպքում դա այդպես չէ: «Ա1+»-ի իրավական վնասը փոխհատուցված չէ, քանի որ այն եթերում չէ: Իրավապաշտպան Սեյրան Մարտիրոսյանն ասում է. «Ենթադրում եմ, որ այդ ենթատեքստում հենց հիմնավորումը պետք է լինի նրանով, որ անցկացվել է մրցույթ եվրոպական չափանիշների համաձայն, ու «Ա1+»-ն էդ մրցույթի պահանջներին չի բավարարել: Մի խոսքով՝ սա շատ ավելի լավ կազմակերպված քաղաքականություն է, որ եթե մեր իշխանությունները կազմակերպված ազնիվ քաղաքականություն ունենային, երկիրը շատ ավելի լավ վիճակում կլիներ»:



«Մենք արդեն հասկացել ենք, որ էդ եվրոպական կազմակերպություններին այլեւս չարժե վստահել, պետք չէ նրանց լուրջ մոտենալ, նրանց վրա հույս դնել, պետք չէ նրանց ասածները հալած յուղի տեղ ընդունել, նրանք կենսաթոշակային տարիքի մարդիկ են, իրենց համար աշխատանք են գտել բարձր աշխատավարձով, նրանց ոչ մեր խնդիրները լուծելն է հետաքրքիր, ու ինչքան մեր կոնֆլիկտները երկար տեւեն, այդ տարբեր հանձնաժողովներն այնքան երկար ու շատ աշխատավարձ կստանան»,- կարծում է լրագրող  Համլետ Մոսինյանը:



Իսկ լրագրող Նունե Արեւշատյանն այն կարծիքի է, որ ոչ թե հայաստանյան իշխանություններն են համոզել, այլ սա երկկողմ բանակցությունների արդյունք է պարզապես: «Եթե Եվրախորհրդի նախարարների կոմիտեն այս հարցը համարում է փակված, դա նշանակում է, որ կոմիտեն առաջին հերթին արհամարհում է Եվրադատարանի որոշումը, չէ որ «Ա1+»-ը հայց չէր ներկայացրել միայն 30 հազար դոլարի համար, այլ «Ա1+»-ի նպատակը եթեր վերադառնալն էր: Ընդհանրապես սա ապացույցն է այն բանի, որ չպիտի հույս դնել եվրոպական կառույցների վրա»,- շարունակում է Նունե Արեւշատյանը:



Ընդհանրապես գյումրեցի լրագրողները գտնում են, որ «Ա1+»-ի եւ հայաստանյան լրատվամիջոցների հարցը լակմուսի պես բան է դարձել Հայաստանի համար, եւ քանի դեռ չի ապահովվում աշխատելու բավարար դաշտ, ուրեմն Հայաստանում ժողովրդավարություն չկա, եւ կարծում են, որ այս հարցում միայն Հայաստանի իշխանությունները չեն մեղավոր: Սերժ Սարգսյանի ելույթը Եվրախորհրդի առաջ ապացույցն է այն բանի, որ այն, ինչ անում են հայաստանյան իշխանությունները, տեղյակ են Եվրախորհրդում, եւ ավելին՝ համաձայնեցված է:



Հերմինե Մկրտչյան